Գևորգ Պետրոսյան․«Իմ նախագիծը Նիկոլ Փաշինյանի դեմ չէ»

փետրվարի 27, 2020
Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ։

–Ազգային ժողովում շրջանառության մեջ եք դրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Ի՞նչ է դա ենթադրում:

–Կոնկրետ արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելիս, համաձայն այսօր գործող օրենսդրության, օրենքով սահմանված վաղեմության ժամկետները պետք է անցած չլինեն։ Օրինակ՝ եթե որևէ մեկը գողություն է արել, դա 15 տարի չի բացահայտվել, և հետո ինչ-որ առիթով բացահայտվում է, ուրեմն, տվյալ անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, քանի որ վաղեմության ժամկետներն արդեն անցել են։ Այս կանոնից բացառություն են կազմում մարդկության և խաղաղության դեմ ուղղված հանցագործությունները։ Օրինակ, եթե ցեղասպանություն է եղել, անկախ ժամկետից, թե երբ է այն բացահայտվում, մասնակից, կազմակերպիչ անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Հիմա, հաշվի առնելով, որ մեր իրավական, սոցիալական համարվող երկրում բացառիկ կարևոր է սահմանադրական կարգի պահպանումը, ես առաջարկում եմ՝ եթե երկրում տապալվում է սահմանադրական կարգը, այդտեղ նույնպես պետք է հանցակազմ տեսնել՝ անկախ վաղեմության ժամկետից։ Սա ցանկացած իշխանության, պետական պաշտոնյայի համար կլինի զսպաշապիկ: Եթե թեկուզ 30 տարի անց էլ ապացուցվի, որ տվյալ պաշտոնյան տապալել է սահմանադրական կարգը, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Նախագիծը ստորագրել եմ միայն, ես: Սա միանձնյա նախագիծ է:

–Դուք բազմիցս հայտարարել եք, որ իշխանությունների շատ հայտարարություններում, քայլերում սահմանադրական կարգի տապալման հանցակազմ կա և, ենթադրվում է, որ այս նախագիծը հենց Նիկոլ Փաշինյանի դեմ է: Այդպե՞ս է։

–Բացարձակ: Ես Նիկոլ Փաշինյանի դեմ եթե ասելիք ունեմ, նրան անվանապես ասում եմ: Այսօր Նիկոլ Փաշինյանն է, վաղն այլ մարդ կգա: Հետո ով էլ լինի, անկախ անձից, թող երբևէ թույլ չտա սահմանադրական կարգի տապալում, և այդ հոդվածը նրան չի սպառնա: Եթե ես լինեմ օրենքը խախտողը, թող ինձ էլ վերաբերի: Բացարձակ անձնավորված խնդիր չկա: Բացի այդ, որպեսզի ցրեմ Ձեր կասկածները, ասեմ, որ անձի վիճակը վատթարացնող նորմը, Սահմանադրության համաձայն, հետադարձ ուժ չունի, բնականաբար, այս նախագիծը ընդունվելու դեպքում, չի տարածվելու մինչև դրա ուժի մեջ մտնելը կատարված արարքների նկատմամբ: Այսինքն, ամեն ինչ սկսվում է զրոյից, իսկ բարելավող նորմը կունենա հետադարձ ուժ: Այսինքն, սա ուղղված է ոչ թե կոնկրետ անձի, այլ ցանկացած իշխանավորի դեմ, որը պատրաստվում է հանդես գալ սահմանադրական կարգը տապալելու նախաձեռնությամբ: Կարճ ասած՝ լինելու է զսպաշապիկ ցանկացած իշխանավորի համար:

–Իսկ ինչո՞ւ եք նախագիծը միայնակ ներկայացնում, ինչո՞ւ խմբակցությունը չի միացել Ձեզ։

–Այնպես չէ, որ բոլոր նախաձեռնությունները քննարկվում են խմբակցության բոլոր անդամների հետ: Կա ոլորտային բաժանում: Զուտ իրավական հարցերը հիմնականում ես եմ ներկայացնում, իհարկե, նաև մյուս պատգամավորներն էլ են իրավական խնդիրներ բարձրացնում: Այնպես չէ, որ այս նախագծի վերաբերյալ խմբակցության ներսում անհամաձայնություն է եղել:

–Բայց տպավորությունն այդպիսին է:

–Ես չեմ կարող դրա համար մարդկանց մեղադրել կամ քննադատել, բայց, իսկապես, նման խնդիր բացարձակ չկա: Ես նորից եմ ասում՝ եթե մարդիկ մտածում են, թե սա որևէ մեկի դեմ է ուղղված, սխալվում են: Սա հանուն պետականության է, հանուն մեր երկրում սահմանադրական կարգի պահպանմանը: Եթե գործող իշխանությունը քննադատում է երևույթը, և այդ հանցակազմով կոնկրետ անձանց վերաբերյալ վարույթ կա, նշանակում է իշխանության համար անընդունելի է, չէ՞: Ես էլ մի քայլ առաջ եմ գնում և ասում՝ եկեք պետականության համար լուրջ սպառնալիք ներկայացնող հանցագործության պատասխանատվության վաղեմության ժամկետ չսահմանենք:

–Իսկ ի՞նչ արձագանք եք սպասում իշխանություններից՝ խորհրդարանական մեծամասնությունից, կառավարությունից:

–Դատելով իմ նախագծերի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքից, սպասելիքներս, մեղմ ասած, մեծ չեն, բայց հույս ունեմ, որ իրենք կհասկանան, որ սա որևէ անձի դեմ ուղղված նախագիծ չէ, որևէ մեկին չեմ թիրախավորում: Սա նախագիծ է երկրի պետականության համար, հատկապես որ մենք արտաքին բազմաթիվ մարտահրավերներ հարուստ ժամանակներ ենք ապրում: Ճիշտ չէ օրենքները կարել մարդկանց վրա, ես երբեք նման նախաձեռնություններով հանդես չեմ եկել ու չեմ գա, որովհետև կարծում եմ, որ դրանով իրավաբանը վիրավորում է իր մասնագիտությունը: