Կունենանք էնտուզիաստ դատավորներ՝ առանց վատ կենսափորձի․ Հ․ Տիգրանյան

մարտի 6, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։

-Դատական օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ պատգամավորները հետաքրքրվում էին՝ առաջարկվող կարգավորումներով գործող 250 դատավորների շրջանում վեթինգը իրականացվելո՞ւ է, օրենսդրական փաթեթն ունի՞ նման նպատակ:

-Գործող դատավորների վեթինգ կամ բարեվարքության ստուգում լինելու է հետևյալ գործոնների հիման վրա՝ պրոֆեսիոնալիզմ և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք, գույքային դրություն և անկողմնակալություն։ Արմատական վեթինգ, երբ ստեղծվում պաշտոնին դատավորի համապատասխանությունը ստեղծող հանձնաժողովներ, չի լինելու։ Ավելի կտրուկ գործողություններ՝ դատական համակարգի վեթինգ իրականացնելու դեպքում կբախվենք դրա սահմանադրականության խնդրին։ Հետևաբար, գործընթացը սկսում ենք նոր նշանակվող դատավորների բարեվարքության և տարեկան գույքի հայտարարագրերի ստուգումից:

-Սահմանադրականության խնդի՞րն էր պատճառը, որ անցած տարի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարած վեթինգը այդպես էլ չիրականացվեց։

-Հիմնականում՝ այո, որովհետև եթե նկատել եք, մինչ այսօր դատական համակարգին առնչվող գործընթացները իրավական առումով եղել են անխոցելի: Հիմա էլ, ցանկալի արդյունք ունենալու համար, պետք է չշտապել: ԵԽԽՎ համազեկուցողների վերջին գնահատականներն են վկայում, որ մինչ օրս ՀՀ կառավարության և օրենսդիրի գործողությունները եղել են օրենքի շրջանակում։ Որպեսզի չշեղվենք այս գործընթացից, կարծում եմ՝ ճիշտ չէ կտրուկ և հակասահմանադրական քայլեր անելը։ Նկատենք նաև, որ ձևավորվել է Սահմանադրության փոփոխությունների մասնագիտական խումբ, որը մշակում է մայր օրենքի բարեփոխումները: Իսկ դրանից հետո չի լինի որևէ խոչընդոտ՝ նորից անդրադառնալու դատական համակարգում դատավորների բարեվարքությանն ու գործողություններին:

-Քննադատվեց նաև դատավորների տարիքը 28-ից 25 դարձնելու առաջարկությունը: Ձեր ընդդիմախոսներն ասում են, թե դատավորը պետք է որոշակի կյանքի փորձ ունենա, ինչը 25 տարեկանում չի լինում։

-Մարդը կարող է ապրել 20 տարի, ունենալ մեծ կենսափորձ, բայց ապրել ավելի շատ ու չունենալ նույնքան փորձ կամ դասեր չքաղել իր փորձից։ Դատական համակարգ երիտասարդ մասնագետներ ուղարկելը բոլորովին այլ խնդիր է լուծում։ Նախ 25 տարին ստորին շեմն է, նաև 3 տարի մասնագիտական ստաժ է պահանջվում՝ հաշվի առնելով, որ կայացած, վստահություն վայելող դատական համակարգ ունեցող երկրում չենք աշխատում։ Եթե մենք ասում ենք դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնում, դա պիտի լինի նաև մի փոքր ոչ սովորական մեթոդներով։ Գուցե այլ իրավիճակներում ես պաշտպանեի ավելի բարձր տարիքային ցենզը, բայց եթե մենք դատական համակարգն ամբողջությամբ բարեփոխելու և նոր ավյունով լցնելու խնդիր ենք դնում, բնականաբար, պետք է գործ ունենանք ամբողջությամբ նոր կադրերի հետ։ Դատավոր պետք է դառնա առնվազն 25 տարեկան իրավաբանը, որն ունի 3 տարվա իրավաբանական աշխատանքի ստաժ, կարող է օրենք կարդալ և օրենք կիրառել: Դատական համակարգ պետք է գնան երիտասարդ էնտուզիաստները, որպեսզի այնտեղ վատ կենսափորձ չտանեն։

-Կասկածներ հնչեցին նաև, թե 25 տարեկան չամուսնացած երիտասարդ դատավորը հազիվ թե կարողանա ամուսնալուծության խնդիր լուծել կամ մարդկային ճակատագրերի վերաբերող ճիշտ որոշում կայացնել:

-Պարզունակ եմ համարում այդ դատողություններն ու հարցադրումները։ Նա իր կենսափորձով չպետք է որոշի՝ ամուսնալուծությունից հետո երեխայի դաստիարակությունը հո՞րը, թե՞ մորը վստահի։ Դրա համար կա իրավունք և օրենք, կան խնամակալության հոգաբարձական մարմիններ, որոնք տալիս են որոշակի եզրակացություն, ինչի արդյունքում էլ դատավորը պետք է որոշում կայացնի։ Դատավորը նոր օրենք չպետք է գրի և իր կենսափորձը մտցնի դրա մեջ։ Նա ընդամենը պետք է լինի օրենքը կատարողը։ Ու եթե մենք 25 տարեկան երիտասարդին տալիս ենք օրենք գրելու և քաղաքական որոշում կայացնելու իրավունք, ինչո՞ւ ենք կասկածում, որ նույն տարիքի մեկ այլ երիտասարդ կարող է այդ օրենքը կիրառել։

-Նախագծի համաձայն՝ դատավորների բարեվարքությունը պետք է ստուգվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերով։ Դա բավարա՞ր է։

-Այս պահին այդ հարցում ես էլ վերապահում ունեմ: Այո, դա կարող է բավարար չլինել: Բայց դրան զուգահեռ մշակվում են բարեվարքության գործոններն ընդլայնելու այլ գործիքներ ու նախագծեր, որպեսզի ստուգվեն նաև նրանց քաղաքական ազդեցություններն ու կապերը։ Կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխություններից հետո կունենանք այլ մեխանիզմ, դատական համակարգը վերանայելու այլ հնարավորություններ։

-Ձեր կարծիքով՝ այս փաթեթը լուծո՞ւմ է դատավորների ու դատարանների անկախության հարցը: Ընդդիմադիրները, ի դեպ, պնդում էին, որ լինելու է հակառակը՝ մեծանալու է դատարանների կախվածությունը պետական տարբեր գերատեսչություններից։

-Ես լսեցի այդ քննադատությունը, բայց չհասկացա, թե որ գերատեսչությունից են կախված լինելու։ Ասացին, իբր, ԲԴԽ-ից, բայց այդ մարմինն ընդամենը նրանց առաջադրող կառույցն է լինելու։ Եվ հակառակը, մենք ավելի շատ ենք անկախացրել, որովհետև հստակեցրել ենք կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը։ Գործող օրենքում այդքան էլ հստակ չէ, թե որ դեպքում կարելի է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել։ Նախագծով առաջարկվող կարգավորումները շատ ավելի հստակեցնում են, թե ինչ է ընդհանրապես կարգապահական խախտում հասկացությունը, և որ դեպքում դատավորին կարելի է ենթարկել պատասխանատվության։ Էլ չեմ ասում, որ նա ունենալու է բողոքարկման հնարավորություն։

- Պատգամավորներն ասում էին, թե դատավորներն իրենք են երազում անկախ լինել, և անկախության ամենամեծ երաշխիքը այդ համակարգում իշխանության հնարավորինս փոքր միջամտությունն է։

-Այո, ճիշտ են ասում։ Եվ մենք այս փոփոխությունները բերել եք, որ դատավորներն անկախ լինեն։ Դատավորները մասնավոր զրույցներում ասում են, թե որքան են վերադաս դատարանները միջամտում իրենց գործերին, որքան են իրենք կաշկանդված, որպեսզի հանկարծ իրենց ակտերը չբողոքարկվեն, և իրենք նախապես անեն այնպես, ինչպես վերադասը ցուցում կտա: Մյուս կողմից՝ յուրաքանչյուր դատավոր արդարադատություն իրականացնելիս իրեն պետք է զգա անկախ և պաշտպանված, որ իր սխալ դատական ակտը պիտի գնա վերանայման, և նյութական կամ դատավարական նորմի խախտման դեպքում իրեն կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի: