Կստուգեն նաև քավորի ունեցվածքը. ապօրինի գույքի բռնագանձում

մարտի 6, 2020

Ազգային ժողովը մարտի 5-ին ձայների 100 կողմ, 1 դեմ և 19 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը՝ հարակից նախագծերի փաթեթով: «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները փաթեթին կողմ քվեարկեցին, «Բարգավաճ Հայաստանը»՝ ձեռնպահ: Միակ դեմ քվեարկողը ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանն էր:

Նախագիծ՝ հօգուտ տուժողի և պետական բյուջեի

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթը մշակվել է 1 տարվա ընթացքում, քննարկվել է տարբեր գերատեսչություններում, անցել 7-8 միջազգային կառույցի փորձաքննություն: «Սա արդեն բավական լայն հանրային քննարկում է»,- ասում է նախարարը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագծով ներդրվում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Գույքը կբռնագանձվի, եթե դրա ձեռք բերումը չհիմնավորվի օրինական եկամուտներով։ Ներմուծվում է նաև չհիմնավորված հարստության բռնագանձման մեխանիզմ։ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ գույքի ձեռք բերման օրինականության ուսումնասիրման համար հիմք կհանդիսանան հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կասկածները։ Այդ շրջանակից դուրս որևէ մեկը, ըստ նախարարի, չի կարող հայտնվել օրենքի կարգավորման դաշտում: Դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվելու դատախազության կազմում առանձնացված հատուկ կառույցը:

Կառույցը քրեական հանցագործության ազդակը ստանալուց հետո առավելագույնը 3 տարվա ընթացքում պետք է ավարտի ուսումնասիրությունը։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն ունի երեք փուլ։ Առաջինը ուսումնասիրության փուլն է, երբ իրավասու մարմինն առանց ուսումնասիրության մասին իրազեկելու հավաքում է վիճարկելի գույքի առկայությանը և դրա ձեռք բերման օրինականությանը վերաբերող տեղեկություններ։ Կասկածների հիմնավորման դեպքում սկսվում է երկրորդ փուլը՝ իրավասու մարմինը դիմում է դատարան։ Երրորդ փուլը գործի դատական քննությունն է։

Գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ այն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, իսկ պատասխանողն էլ չի հերքում գույքի ապօրինի ծագման կանխավարկածը։ Ուսումնասիրության ենթակա գույքի արժեքը հայցի ներկայացման պահին պետք է գերազանցի 25 մլն դրամը: Ըստ նախարարի՝ նախապես ընտրվել է 50 մլն դրամի շեմը, բայց միջազգային փորձաքննությունից հետո այն կիսով չափ նվազեցվել է։

«Ես ուզում եմ պատասխանել նաև այն հայտարարություններին, թե այս նախագծով կուլակաթափություն կարվի: Ոչ: Սա գործիք է, որը կիրառվում է շատ երկրներում, և որը Հայաստանը չի կիրառել՝ ի հեճուկս միջազգային կազմակերպությունների բազմաթիվ հորդորների։ Սա կոռուպցիայի դեմ, հանրության բարիքները գողացած անձանց դեմ հայց ներկայացնելու, և անօրինական միջոցները հօգուտ պետական բյուջեի կամ հօգուտ տուժողի բռնագանձելու ինստիտուտ է»,- եզրափակեց նախարարը։

Ընդդիմությունը դեմ չէ, բայց կասկածներ ունի

Որքա՞ն հեռու կարող է գնալ իրավասու մարմինը ապօրինի ծագում ունեցող գույքն ուսումնասիրելիս՝ հարցնում է ԼՀ պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը: «Որպես ուսումնասիրության ժամկետն այս պահին նշված է 1991-ից այս կողմ ընկած ժամանակահատվածը։ Կառավարությունը կառաջարկի հետ գնալու հնարավորությունը սահմանափակել 10 տարով, և բացառիկ դեպքերում անդրադառնալ՝ 1991-ից հետո ձեռք բերված գույքին: Որքան շատ է անցած ժամանակը, այնքան սահմանափակ է անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունը»,- պատասխանեց Ռ.Բադասյանը:

Ապօրինի հարստացումը կանխող մեխանիզմը պետք է որևէ կերպ չդառնա «վհուկների որս»-ի գործիք՝ հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Հայաստանի հաջողակ գործարարների կենսագրությունը նայում ես, տեսնում ես, որ կապ կա բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Ավելին՝ հեղափոխության ներկայացուցիչներն էլ սիրով այդ գործարարների միջոցառումներին մասնակցում են։ Չե՞ք մտածում, որ հետո պետք է վեթինգի, ստուգելու հարց առաջ գա, և ձեզ ասեն՝ եկել էիր, էդ մարդու հետ ընդունելությունների էիր մասնակցում, կարմիր թելեր էիր կտրում, էդ ո՞նց եղավ»,- ասաց Մարուքյանը` հավելելով, թե կողմ կքվեարկեն` հուսալով, որ կընդունվեն իրենց առաջարկները։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ մեր երկրում կան քաղաքացիներ, որոնք կարող են օրինական ճանապարհով իրենց թույլ տալ ունենալ 25 մլն դրամից ավելի գույք, և անգամ հարց պիտի չծագի, թե որտեղից: Պատգամավորը դեմ չէ նախագծի փիլիսոփայությանը, սակայն խնդրահարույց է համարում այն, որ ապօրինի գույքի բռնագանձման պարտականությունն իրացնելու է դատախազությունը, մինչդեռ ըստ Սահմանադրության՝ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցը հարուցում է բացառիկ դեպքերում:

ԲՀԿ մեկ այլ պատգամավորի` Միքայել Մելքումյանին էլ հետաքրքրում էր, թե 1991թ. ռուբլիով գնված գույքը 30 տարի հետո ինչպես պետք է գնահատվի: Ռուստամ Բադասյանը պատասխանեց, թե գնահատման հիմքում դրվելու է ուսումնասիրության պահին եղած շուկայական արժեքը:

Ստուգելու են բոլորի` նաև քավորի ունեցվածքը

«Իմ քայլը» խմբակցությունում նախագծի վերաբերյալ հարցերն ու կարծիքները բազմազան էին: Արտակ Մանուկյանին հետաքրքրում էր, թե իրավական տեսանկյունից քավորը մերձավոր ազգակա՞ն է, թե ոչ: Չէ որ մարդը կարող է ապօրինի ձեռք բերված գույքը հենց քավորի անունով գրանցել: Նախարարը պատասխանեց, որ օրենքում քավորը չի հանդիսանում մերձավոր ազգական: «Բայց փոխկապակցված անձ է, որին պետք է կա՛մ անհատույց, կա՛մ 80 և ավելի տոկոս շուկայական գնից գույք փոխանցվի, որ հայտնվի օրենքի կարգավորման դաշտում»,- մանրամասնեց Ռուստամ Բադասյանը:

Գաղափարը լավն է, բայց խնդիրը մեխանիզմների մեջ է՝ կարծում է «Իմ» քայլը» խմբակցության պատգամավորներից Հովհաննես Հովհաննիսյանը։ Պատգամավորը զգուշացնում է, որ պետք է ուշադիր լինել, որ մարդիկ չկարողանան օֆշորային գոտիներով գույք սեփականաշնորհել: «Մենք վարչապետ ունեինք, որ պոմիդոր էր ցանում, Մոնումենտում տուն էր աճում։ Եկեք ֆիքսենք մի բան, որ բդեշխների, տեղական իշխանիկների ժամանակն անցել է, և հետդարձ չկա»,- ասաց Հովհաննիսյանը։

Տաթևիկ Հայրապետյանն էլ շեշտեց, թե որևէ պաշտոնյայի հաճելի չէ այն փաստը, որ «բոլորը հաշվում են իր փողերը», բայց նոր Հայաստանի պաշտոնյան պետք է իմանա, որ հաշվելու են ոչ միայն իր, այլև մերձավոր ազգականների փողերը։

«Ստանդարտ իրավիճակի համար գրված օրենք է, որը չի արտացոլում Հայաստանի որոշ իրողություններ», -գտնում է պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։ «Կա այսպիսի հասկացություն՝ օրինական եկամուտներին ոչ համապատասխան կենցաղ։ Օրինակ՝ մամուլում կային տեղեկություններ նախկին մի պաշտոնյայի վերաբերյալ, որ նա Աֆրիկայում սպանում էր էկզոտիկ կենդանիների։ Ես գները գիտեմ․ էկզոտիկ կենդանի սպանելու սերտիֆիկատը 30 հազար դոլարից է սկսվում, կենդանիների դեպքում 100 հազար դոլարի մասին է խոսքը: Այսինքն՝ մարդը ծախսեց 1 մլն դոլար միայն այդ կենդանիներին սպանելու և սելֆի անելու համար։ Այս օրենքն այդ ծախսի հարցը չի լուծում»,- դժգոհեց պատգամավորը։

«Ամենակարևորն այնն է, որ այս կարգավորումն ավելի շատ առնչվի ապագային: Նաև` անցյալին՝ որպես հաշտության միջոց: Եթե սա մենք դիտարկում ենք որպես անցումային արդարադատության գործիք, ապա դրա ամենակարևոր նպատակը հաշտությունն է»,- հավելեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: