ԱԺ 7-րդ գումարում, 3-րդ նստաշրջան

փետրվարի 10, 2020

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ: 

  • 7-րդ գումարման Ազգային ժողովը 3-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 5 հերթական և 3 արտահերթ նիստ: Բոլոր արտահերթերը հրավիրվել են կառավարության նախաձեռնությամբ: 3-րդ նստաշրջանում խորհրդարանն ընդունել է 169 օրենք, որոնցից 7-ը «մայր» օրենքներ են, 22-ը՝ օրենք-համաձայնագրեր, 140-ը փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում:

  • 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում ընդունված օրենքների 30%-ը հեղինակել է խորհրդարանը, 70%-ը՝ կառավարությունը: Սա խորհրդարանի նախաձեռնողականության՝ ԱԺ մոնիտորինգի շուրջ տասնամյա դիտարկումների ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշն է: 2-րդ նստաշրջանում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 9/91 էր: Նույն հարաբերակցությունն էր նաև 6-րդ գումարման խորհրդարանում:
  •  
  • Նվազել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում ընդունված օրենքների քանակը: 2-րդ նստաշրջանում արտահերթերի ընթացքում ընդունվել էօրենքների 44%-ը (63-ը 143-ից) , 3-րդում՝ 12%-ը (21-ը 169-ից):
  •  
  • Ընդդիմադիր խմբակցությունների 21 օրենսդրական նախաձեռնություն քվեարկությամբ մերժվել է և չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգ (նախորդ նստաշրջանում այդ թիվը 16 էր): Ընդդիմության 7 օրենսդրական նախաձեռնություն մերժվել է քննարկվելուց հետո: Գրեթե 4 անգամ ավելացել է ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած և ընդունված օրինագծերի թիվը. 23՝ նախորդ նստաշրջանի 6-ի փոխարեն:
  •  
  • Չի ընդունվել խորհրդարանական մեծամասնության պատգամավորի ներկայացրած 1 օրենսդրական նախաձեռնություն: Ուշագրավ է, որ մերժված նախագծով առաջարկվում էր ԱԺ նախագահին իրավունք վերապահել մասնակցելու ԱԽ նիստերին: ԼՀԿ դեմ է քվեարկել, ԲՀԿ-ն՝ ձեռնպահ, իսկ «Իմ քայլից»քվեարկությանը մասնակցել ու կողմ է քվեարկել ընդամենը 66 պատգամավոր:
  •  
  • Խորհրդարանական մեծամասնությունը առաջին ընթերցմամբ կողմ, իսկ երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենսդրական փաթեթին՝ Ազգային անվտանգության մարմիններում և Ոստիկանությունում ծառայության մասին: Առաջին ընթերցմամբ փաթեթն ընդունվել է առանց դեմ քվեարկության, երկրորդ ընթերցմամբ մերժվել է 96 դեմ-ով:
  •  
  • Կառավարության որևէ նախագիծ նստաշրջանի ընթացքում չի մերժվել, բայց խորհրդարանը ընդունել է նախագծեր, որոնց վերաբերյալ գործադիրըվերապահումներ է ունեցել: Մասնավորապես՝ Վարազդատ Կարապետյանի ներկայացրած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխությունների առաջարկը կառավարությունը բավարար հիմնավորված չի համարել, բայց այն ընդունվել է առանց «դեմ»-ի՝ 101 կողմ ձայնով(առաջարկվում էր սահմանափակել Սևանա լճից լրացուցիչ ջրառի հնարավորությունը):
  •  
  • Որպես գլխադասային ամենաշատը հանդես են եկել պետաիրավական (48) և ֆինանսավարկային ու բյուջետային (39) հարցերի մշտական հանձնաժողովները, ամենաքիչը՝ մարդու իրավունքների պաշտպանության և եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները: Վերջինները գլխադասային են եղել նստաշրջանի ընթացքում քննարկված 1-ական հարցի համար:
  •  
  • 3-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ 11 մշտական հանձնաժողովներից միայն 3-ն են հանդես եկել խորհրդարանական լսումներ հրավիրելու նախաձեռնությամբ:1-ական լսում հրավիրել են գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները:
  •  
  • Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում անցկացրել է ընդամենը 1 նիստ։ Միակ նիստը եղել է արտահերթ, որի ընթացքում որոշել են մինչև տարեվերջ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ ընթացիկ հարաբերություններին: Լսումները, սակայն, չեն կազմակերպվել։
  •  
  • Խորհրդարանական լսումներ հրավիրելու՝ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված իրավունքից ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանում ամենից շատ օգտվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: ԱԺ 3 խմբակցությունները խորհրդարանական լսումներ չեն հրավիրել: Աշնանային նստաշրջանի 4 ամիսների ընթացքում Ազգային ժողովում հրավիրվել են 5, իսկ անցած 2019 թվականի ընթացքում 9 խորհրդարանական լսումներ:
  •  
  • 7-րդ գումարման Ազգային ժողովի 3 նստաշրջանների ընթացքում քննիչ հանձնաժողովի ստեղծման և գործարկման վերահսկողական ռեսուրսը կիրառվել է լիարժեքորեն․ ձևավորվել է 5 քննիչ հանձնաժողով, որոնցից երկուսը՝ 2-րդ, իսկ երեքը՝ 3-րդ նստաշրջանում:
  •  
  • 7-րդ գումարման Ազգային ժողովում երեք նստաշրջանների ընթացքում որևէ ժամանակավոր հանձնաժողով չի ձևավորվել, այդ թվում՝ պատգամավորների էթիկայի և շահերի բախման հարցերի առնչությամբ։


ԱԺ 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքներն ամփոփող զեկույցին ծանոթացեք այստեղ։


Ծանոթություն․ Parliamentmonitoring.am-
ի վիճակագրությունը մշակվում է ԱԺ պաշտոնական կայքէջի հրապարակային տվյալների հիման վրա: Բոլոր տվյալները պաշտոնական աղբյուրից վերցվում և մշակվում են հատուկ այս նպատակով ստեղծված համակարգչային ծրագրի միջոցով: Պատգամավորների հարցերի, ելույթների վիճակագրությունը կազմվում է միայն օրինագծերի քննարկումների և քվեարկությունների հիման վրա:Պատգամավորների բացակայությունների ցուցանիշն ընդհանուր է՝ առանց հարգելի և անհարգելի բացակայությունների տարբերակման: