Գործող դատավորները չեն ուղղվի, ես ճանաչում եմ նրանց․ Ն․ Բաղդասարյան

մարտի 10, 2020

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ։

-Պարոն Բաղդասարյան, դատավորների բարեվարքության մասին կառավարության ներկայացրած նախագծի վերաբերյալ վերապահումներ ունեիք, դեմ արտահայտվեցիք: Կասե՞ք ինչու:

-Սկզբունքային անհամաձայնությունս մոտեցումների հարցում է: Իմ կարծիքով` անհրաժեշտ էր սկզբում վեթինգ իրականացնել գործող դատավորների նկատմամբ, որից հետո ընդունել ապագայի մասին օրենք՝ ինչպես նշանակել դատավորներին, ինչպես ստուգել նրանց գույքային դրությունը: Ինձ մտահոգում է այն, որ առաջիկա 10-15 տարում այս մոտեցմամբ լավ դատական համակարգ չենք ունենա: Կար տեսակետ, որ նոր դատավորներ նշանակելով՝ կարող է հները փոխվեն, լավանան, բայց ես այդ կարծիքին չեմ:

-Դուք կարծես կոշտ մեթոդների կողմնակից էիք, և առաջարկում էիք ազատվել նախկինում ապօրինությունների մասնակից դատավորներից:

-Ոչ թե կոշտ, այլ անցումային արդարադատության գործիքների կիրառման կողմնակից եմ: Դրանցից մեկը կարող էր լինել անկախ հանձնաժողովի ձևավորումը, որը կտա եզրակացություն բոլոր դատավորների վերաբերյալ, և այն դատավորները, որոնք եզրակացության մեջ կներկայացվեն որպես խախտում իրականացրած դատավորներ, նրանց հարցը կքննի Բարձրագույն դատական խորհուրդը: Ինձ թվում է՝ այս ճանապարհն ամենաճիշտն է և չի հակասում Սահմանադրությանը: Սա նաև լավ հիմք կլիներ, որ դատավորն ապագայում լավ աշխատեր:

–Հանձնաժողովի դիրքորոշումը սուբյեկտիվ չէ՞ր լինի:

–Բացարձակ: Մենք կընտրեինք հանձնաժողովի հավասարակշռված, հասարակության վստահությունը վայելող անդամներ, որոնք կուսումնասիրեին դատավորների՝ նախկինում կայացրած դատական ակտերը և կպարզեին, թե ինչ կապ ունեն այս կամ այն ապօրինության հետ, նախկինում քաղաքական պատվերներ կատարել են, թե ոչ: Կան բազմաթիվ օբյեկտիվ չափանիշներ, որոնց հիման վրա կարելի է գալ եզրահանգման, այնուհետև այդ եզրակացությունը ներկայացնել սահմանադրական մարմին՝ ԲԴԽ, որը կամ կընդունի, կամ ծանրակշիռ փաստարկներով կմերժի այն: Այս պարագայում և դատավորների իրավունքներն էին պաշտպանված լինելու, և գործող Սահմանադրությունը չէր խախտվելու և միևնույն ժամանակ բավարարվելու էր հասարակական պահանջը:

–Կառավարության ներկայացրած փաթեթն այդ խնդիրները չի՞ լուծում։

–Ներկայացված փաթեթն ապագայի փաստաթուղթ է: Այսինքն՝ եթե ունենայինք կայացած դատարաններ, այս օրինագիծը կարելի էր քննարկել: Միաժամանակ կարծում եմ, որ խնդրահարույց է դատավորների տարիքի հարցը։ Հեղինակները մտածում են դատական համակարգում երիտասարդ դատավորների ներգրավելու, թարմ ուժեր ներարկելու մասին, բայց նաև մոռանում են փորձառության մասին: Դատավորների նշանակումը պետք է պայմանավորել ոչ թե տարիքով, այլ փորձառությամբ: 3 տարին քիչ է, պետք է առնվազն 5-8 տարի փորձառության սահման առաջադրել, որ անձը կարողանա նորմալ աշխատել որպես դատավոր: Բայց կառավարությունն առաջարկում է նոր դատավորներ ընդունել-նշանակելով մաքրել համակարգը հին դատավորներից: Կարծում եմ՝ այդ ճանապարհով համակարգը չի մաքրվի:

–Ձեր ելույթից հետո, երբ ընդդիմացաք ներկայացված նախագծին, «Իմ քայլի» պատգամավորներից մեկը նախարարից հետաքրքրվեց, թե ինչու մոտեցումները չեն համաձայնեցվում թիմի հետ, որ գոնե մասնագետները դեմ չարտահայտվեն։ Տպավորություն է, որ թիմի ներսում տարաձայնություններ կան։

–Իմ անհամաձայնությունը սկզբունքների շուրջ է։ Ես չեմ կարծում, որ Ձեր ընտանիքում բոլորը նույն կերպ են մտածում։ Մեր ընտանիքում էլ բոլորս այլ կերպ ենք մտածում, բայց դա չի նշանակում, որ համերաշխ չենք ապրում։ Անգամ եթե մի հարցի շուրջ տարբեր մոտեցումներ ունենք, միևնույն է, կոմպրոմիսային տարբերակ գտնում ենք։

Կառավարությունը կարծում է, որ համակարգը նոր, երիտասարդ, գրագետ դատավորներով համալրելով՝ կարելի է հասնել արդյունքի, այդ կարծիքին են նաև միջազգային փորձագետները։ Բայց ես, ճանաչելով գործող դատավորներին, չեմ կարծում, թե նրանք կուղղվեն այս ճանապարհով։ Ես նման համոզմունք ունեմ։ Պետք էր նրանց կազմը մաքրել, նոր անցնել հաջորդ քայլին։

–Կնշե՞ք դատավորների անուններ, որոնք Ձեր կարծիքով ուղղվող չեն։

–Նույն Մնացական Մարտիրոսյանը, որն իմ գործերից շատերն է քննել, նրա դեմ բազմաթիվ միջնորդություններ եմ ներկայացրել, որոնք մերժվել են։ Մարտիրոսյանի վերաբերյալ բազմաթիվ դիմում-բողոքներ ունեմ, ու ինձ համար տարօրինակ է, որ նա շարունակում է պաշտոնավարել որպես դատավոր։ Եթե այս օրենքն ընդունվի, պատրաստ եմ կոնկրետ գործերով տվյալներ ներկայացնել։ Մյուս դատավորը Ալեքսանդր Ազարյանն է։ Իմ գործերից մի քանիսում նա խախտումներով անօրինական որոշումներ է կայացրել։ Վերաքննիչ դատարանից ևս շատ օրինակներ կարող եմ բերել։