«Այո»-ի հռչակագիրը՝ իրավական անորոշ կարգավիճակով

մարտի 11, 2020

Մարտի 9-ից ակտիվացած «Այո»-ի քարոզարշավը մարզեր է տարել նաև 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Ազգային ժողովն այս օրերին սակավամարդ է:

Փետրվարի 17-ից սկսված քարոզարշավը, այն էլ առայժմ միայն «Այո»-ի հատվածում, ակտիվացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քարոզարշավում ներգրավվելուց հետո: Ավելին, Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար արձակուրդ է վերցրել, և քարոզարշավը սկսել Հայաստանի հարավից՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից, մարտի 10-ին։

Ագարակում և Սյունիքի մյուս բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր Սահմանադրական դատարանի անդամներին տուն ուղարկելու անհրաժեշտության մասին. «Հայաստանում չի կարող լինել որևէ մարմին, որը չի ներկայացնում ժողովրդին: Այսօր Սահմանադրական դատարանը չի ներկայացնում ժողովրդին, և այդ Սահմանադրական դատարանը պետք է հեռանա, որովհետև այն քոչարյանա-սերժական ժառանգության վերջին մնացորդն է Հայաստանում և պետք է հեռանա»։

Մեղրիում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու է իշխանությունը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնել. «Այսօր մարդիկ կան, որ երբ հանրաքվեն նշանակվեց, ասում են՝ իշխանությունը պատրաստվում է կեղծիքների մեխանիզմների, ախր, դուք ի՞նչ ես հասկանում ընդհանրապես: Ես, հիշո՞ւմ եք, Սերժ Սարգսյանի հետ հայտնի բանավեճի ժամանակ ասում էի՝ Դուք չեք հասկանում՝ Հայաստանում ինչ է կատարվում, ինքն էլ ծիծաղում էր: Հիմա այդ բոլոր մարդիկ չեն հասկանում՝ Հայաստանում ինչ է կատարվում. Հայաստանում ընտրություններ կեղծելու էջը փակված է: Ես ասել եմ՝ երկու ձեռքերս կկտրեմ, թույլ չեմ տա՝ Հայաստանում արժանապատիվ, հպարտ քաղաքացու մի հատ ձայնը որևէ մեկը կեղծի, և այդ կեղծողի ձեռքերն առավել ևս կկտրեմ: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և վերջ, չքննարկեք»։

Անդրադառնալով ՍԴ գործող դատավորներին՝ Փաշինյանն ասաց, որ նրանք Հայաստանում կատարված անօրինականությունների, դժբախտությունների, ընտրակեղծիքների պատասխանատուն են։ «Այդ Սահմանադրական դատարանի յոթ անդամներն իշխանության կամակատար են եղել իրենց գործունեության ողջ ընթացքում», -հավելեց նա։

«Այո»-ն հռչակագիր է ներկայացնում

Առավել ուշագրավ էին մարտի 11-ին Գորիսում քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Այստեղ նա առաջին անգամ հանրաքվեի հռչակագրի նախագիծ հրապարակեց, որով առաջարկվում է քաղաքական գնահատական տալ նախկին 30 տարիներին տեղի ունեցած գործընթացներին, մասնավորապես՝ ընտրություններին, որոնք, Փաշինյանի խոսքով, կեղծվել են։

Հռչակագրի նախագիծը կազմված է 6 կետից, որոնք կարող են փոփոխվել. առաջարկությունները հռչակագրի վերաբերյալ կարելի է ներկայացնել «Այո»-ի շտաբ։

Հռչակագրով առաջարկվում է գնահատական տալ Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ընտրություններին: Նշվում է, որ դրանք կեղծվել են և չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ Արձանագրվում է, որ մինչև 2018 թվականը Հայաստանում համակարգային կոռուպցիա է եղել։ 3-րդ կետը վերաբերում է իշխանության ճյուղերի գործունեությանը. «Նախագահական, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ազգային և պետական շահերը, օրենքի և իրավունքի գերակայությունը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն»։

Հռչակագրի նախագծի հաջորդ կետը հայտարարում է, որ անհրաժեշտ է այդ պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստությունը վերադարձնել պետական գանձարան, ինչը «Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է»։ Հռչակագրի նախագծում շեշտվում է, որ վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով։

Նշվում է նաև, որ Հայաստանում պետք է ձևավորվեն իշխանության և բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ, քանզի «իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց»։

Վեցերորդ և վերջին կետը ընտրական համակարգի մասին է՝ որպես ժողովրդի ազատ կամարտահայտությունն ապահովող համակարգ։ «Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որևէ դրսևորում կամ երևույթ, նշված է հռչակագրի նախագծում։ 

«2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական և տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների և պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում», -Գորիսում հայտարարեց Փաշինյանը։

Առայժմ հայտնի չէ, թե իրավական ինչ ճանապարհներով է հաստատվելու այս հռչակագիրը, արդյո՞ք այն հաստատելու է Ազգային ժողովը, թե՞ ոչ։ 

«Ոչ»-ի ճամբարում պասիվ են 

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավում «Ոչ»-ի ճամբարը ներկայացնող իրավաբանները պասիվ են, մարզից մարզ չեն շրջում, փոխարենը էկրանների դիմաց հետևում են «Այո»-ի քարոզիչների գործունեությանն ու խախտումներ արձանագրում։

Օրինակ, մարտի 10-ին վարչապետը Սյունիքի մարզի Ագարակ քաղաք էր հասել ինքնաթիռով, ինչը, «Ոչ»-ի քարոզիչների պնդմամբ, խախտում է։ «Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյանը, օգտվելով ուղղաթիռից, քարոզչություն իրականացնելու հնարավորություն է ստացել, որը չունի, օրինակ, հակառակ կողմը», -հայտարարել էր «Ոչ»-ի շտաբից Ռուբեն Մելիքյանը, որը ժամանակին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղակալն էր: Մելիքյանը խոսել էր նաև մարզերում Փաշինյանին ուղեկցող թիկնապահների մասին: Այս հայտարարությանը հանդիպումներից մեկի ժամանակ անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ըստ օրենքի՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և չի կարող հրաժարվել այդ պահպանությունից. «Օրենքը ասում է, որ պետական պահպանության ենթակա անձանց վրա օրենքի այն սահմանափակումները, որ չի կարելի իրենց աշխատանքային գործունեության համար տրամադրված միջոցներն օգտագործել քարոզչության ժամանակ և այլն, չի տարածվում, որովհետև սա ոչ թե քարոզչություն է, սա պետական պահպանություն է, որից ես չեմ կարող հրաժարվել», -հավելել էր Փաշինյանը։

«Ոչ»-ի ճամբարը առայժմ քարոզարշավը դիտարկողի դերում է, իսկ «Այո»-ն, դարձյալ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 12-ին լինելու է Տավուշի և Վայոց Ձորի մարզերում։ Մինչև մարտի 18-ը Փաշինյանը կմնա արձակուրդում, 19-ին կվերադառնա աշխատանքի (ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու), իսկ մարտի 20-24-ը նորից կլինի արձակուրդ ու կշարունակի«Այո»-ի քարոզարշավը: