Կորոնավիրուսը խառնեց ծրագրերը․ Հայաստանում արտակարգ դրություն է

մարտի 16, 2020

Մարտի 16-ի արտահերթ նիստում, շուրջ 4 ժամ տևած քննարկումներից հետո կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին: Որոշումը գործում է մարտի 16-ի ժամը 18։30-ից ապրիլի 14-ի ժամը 17։00-ն: Կառավարությունն այս քայլին գնաց կորոնավիրուսով վարակվածության դեպքերի կտրուկ աճից հետո:

Կառավարության արտահերթ նիստից հետո իրավունքի ուժով հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումն ու դրանից բխող քայլերն ու միջոցառումները։

Մարտի 16-ին՝ ԱԺ արտահերթ նիստից առաջ, պատկերը հետևյալն էր. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 30 հաստատված դեպք, դրանցից մեկը՝ բուժված: Դեպքերից 19-ը անմիջականորեն առնչվում են Էջմիածնի նշանադրությանը: Հիշեցնենք. Իտալիայից եկած վարակակիրը մասնակցել էր նշանադրեքի՝ հրաժարվելով բուժօգնություն ստանալուց։ Հիվանդներից երեքն առնչվում են բուժված անձի հետ, իսկ մյուս երեք դեպքերը գրանցվել են Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Ազգային ժողովում վարչապետը բացատրեց արտակարգ դրություն հայտարարելու հիմքը. այն է՝ կորոնավիրուսի տարածմամբ սպառնալիքի տակ է հայտնվում երկրի սահմանադրական կարգը։

«Արտակարգ դրություն հնարավոր է, երբ սահմանադրական կարգին կա անմիջական սպառնացող վտանգ։ Տվյալ դեպքում անմիջական սպառնալիք է դիտարկվել այն, որ սպառնալիքի տակ է հայտնվում սոցիալական պետության հայեցակարգը, երբ քաղաքացիները ունեն առողջության պահպանման իրավունք, ու այդ իրավունքը կարող է հայտնվել անպաշտպան վիճակում։ Պետությունը պարտավոր է ապահովել արտակարգ պայմաններ՝ այդ իրավունքը պահպանելու համար», -խորհրդարանում ներկայացրեց վարչապետը։

Արտակարգ դրության շրջանակում ստեղծվել է պարետատուն, որի պարետը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Պարետատունը, ըստ էության, լինելու է հունվարի 30-ին ստեղծված կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նոր կարգավիճակը։

Ինչ է արգելվում արտակարգ դրության օրերին 

Արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Արգելվում են 20 և ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումները, բայց չսահմանափակելով` ծննդյան, հարսանյաց (նշանադրության), համաճարակային տարածքներում թաղման բազմամարդ միջոցառումները, պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումները:

Արգելվում են պաշտպանության նախարարության զորամասերում հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը, պարետի ցուցումով` այլ գործունեություն: 

Նույնը արգելվում է նաև տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում։ 

Դադարեցվում է պետական, համայնքային, ոչ պետական, միջազգային կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ նրանց, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորություն: Պարետի ցուցումով կարող է համապատասխան համայնքներում արգելվել հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը:

Պարետի ցուցումով համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել սահմանափակումներ`համայնք մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ, անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում), իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ`մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում, անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք: 

Պետական սահմանի անցակետով արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։

Արգելվում է ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքը, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց, և եթե սահմանված կարգով արտահանումները չեն արգելվել:

Սահմանափակումներ լրատվամիջոցների համար 

Արտակարգ դրությունը ժամանակավոր՝ մեկամսյա սահմանափակումներ է նախատեսում լրատվամիջոցների համար։Կառավարության որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

Այս հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն:

Այս սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ: Սույն գլխով սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:

Տեղեկատվության միասնականությունն ապահովելու համար կառավարությունում ստեղծվել է տեղեկատվական միասնական կենտրոն, որտեղ յուրաքանչյուր չորս ժամը մեկ հանրությանը կհաղորդվի ստույգ, պաշտոնական տեղեկատվություն։

Ավելին, ըստ Փաշինյանի, այս կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության։ Վարչապետը վստահեցրեց, որ վարակի տարածման, իրականացվող գործողությունների մասին տեղեկատվությունը լինելու է ստույգ ու հասանելի։ Նրա ներկայացմամբ, այն, ինչ պետք է իմանա հանրությունը կորոնավիրուսի տարածման մասին, կիմանա։

Խորհրդարանական արտակարգ քննարկումներ

Կառավարության՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը խորհրդարանական ընդդիմությունը ողջունեց: Պատգամավորներից շատերին հետաքրքրում էր տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների ճակատագիրը՝ ինչպես են կարողանալու դուրս գալ վարկերի բեռի տակից։ Վարչապետն ի պատասխան մտահոգություններին՝ ասաց, որ բոլոր ռեստորանները չեն փակվի, քանի որ դրանց փակումը կնշանակի հարկային եկամուտների նվազում։ «Փակել-չփակելու մասին որոշումները կկայացնենք ըստ համաճարակաբանական իրավիճակի», -ասաց նա։

Ինչ վերաբերում է բանկեր-քաղաքացիներ հարաբերություններին, վարչապետն ասաց, որ բանկերը պարտավորվել են քաղաքացիների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերել, այսինքն՝ որքան բարեխիղճ է քաղաքացին իր վարկային պարտավորությունների նկատմամբ, նույնքան բարեխիղճ կգտնվի նրա նկատմամբ բանկը։

Պատգամավորներից մեկը հետաքրքրվեց նաև հանրաքվեի ճակատագրով: Վարչապետն ասաց, որ Հայաստանի օրենսդրության համաձայն, արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող տեղի ունենալ։

Վարչապետի խոսքով՝ հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո։ «Ըստ էության, հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր», -ասաց Փաշինյանը։