Թող մեզ քննադատեն, բայց ապատեղեկատվություն չտարածվի․ Հ․ Հակոբյան

մարտի 18, 2020

Հարցազրոյց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, կարո՞ղ էր իշխանությունը արտակարգ դրություն չհայտարարել ու հանրաքվեն չհետաձգել: Կա կարծիք, թե հետաձգումը իշխանության շահերիրց է բխում:

-Երբ կորոնավիրուսով դեռ մեկ-երկու հոգի էին վարակվել, այսօր արտակարգ դրության համար մեզ մեղադրողները աղաղակում էին, թե անհապաղ պետք է հանրաքվեն հետաձգել: Դա իրենց էր ձեռնտու: Երբ քարոզարշավ էինք անում, պարզվեց, որ նրանք հանրաքվեից հետո մկան ծակն էին մտնելու, որովհետև «Ոչ»-ի ու բոյկոտի խմբերը ջախջախիչ պարտություն էին կրելու: Այնպես որ, հանրաքվեի հետաձգումը ընդհանրապես մեզ ձեռնտու չէր:

-Բայց կարող էր, չէ՞, կորոնավիրուսի տարածման պատճառով մասնակցություն ցածր թիվ գրանցվել. մարդիկ զգուշանային ու ընտրատեղամասեր չգնային:

-Մենք չէինք մտածում` հանրաքվեի կգան, թե ոչ, առաջնահերթը առողջությունն է: Իսկ քարոզարշավի ընթացքում պատկերը բոլորովին այլ էր: Ի տարբերություն հակառակ կողմի, որը քարոզարշավ չէր իրականացնում և չգիտեր, թե սահմանադրական փոփոխություններին մարդիկ ոնց են վերաբերվում, մենք գիտեինք, բայց վիրուսը տարածվեց, և առաջնային դարձավ մարդկանց առողջությունը:

-Կառավարությունը, առանց արտակարգ դրություն հայտարարելու, խստացրել է սահմանային ռեժիմը Վրաստանի և Իրանի հետ, կրթական բոլոր հաստատություններն է փակել, խոցելի խմբերին տնից աշխատելու հնարավորություն է տվել և այլն: Կառավարությունն ի՞նչ չէր կարող անել առանց արտակարգ դրություն հաստատելու, որ պետք է անի արտակարգ ռեժիմի առկայությամբ:

-Քարոզարշավը: Նույն վայրում այդքան մարդ հավաքելը վտանգավոր էր, քանի որ վիրուսի տարածման շրջանակը հայտնի չէր: Այս վիճակում գնալ հանրաքվեի և թույլ տալ, որ մարդիկ շփվեն միմյանց հետ, կարծում եմ՝ սխալ կլիներ:

-Փաստորեն, արտակարգ դրություն հայտարարելու պատճառը հանրաքվե՞ն էր:

-Պատճառը հանրության առողջությունն է, և ոչ թե հանրաքվեն: Մարդկանց լայն շփումները հանրային առողջության տեսանկյունից վտանգավոր են: Եվ որոշեցինք, որ պետք է քարոզարշավ չարվի, և արտակարգ դրություն պետք է սահմանվի, որի դեպքում էլ հանրաքվեն կհետաձգվի: Երկրում հասունանում էր վտանգ, և միայն հանուն հանրաքվեի չէինք կարող արտակարգ դրություն չհայտարարել: Գուցե ստիպված լինեինք քարոզարշավ իրականացնել կամ առանց քարոզարշավի հանրաքվեի գնալ, այնուամենայնիվ, երկրում արտակարգ դրության պահը հասունացել էր:

-Եթե հանրաքվե և քարոզարշավ չլիներ, արտակարգ դրություն կհայտարարվե՞ր:

-Կարծում եմ՝ ոչ: Հիմա արտակարգ դրություն մտցնելը որևէ կերպ չի առնչվում հանրաքվեի հետ, քարոզարշավի հետ, բայց և արտակարգ դրություն չենք սահմանել միայն այն պատճառով, որ հանրաքվե պիտի լիներ:

-Եթե վիրուսի տարածումն ընդլայնվի, արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի՞:

-Չեմ կարող ասել, դա արդեն կառավարության, կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի որոշելիքն է:

-Ասում են նաև, թե այս իրավիճակում ճիշտ կլիներ սահմանել ոչ թե արտակարգ դրություն, այլև արտակարգ իրավիճակ. Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարում, երբ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ է լինում:

-Ես գրեթե վստահ եմ, որ եթե հայտարարվեր արտակարգ իրավիճակ, ասելու էին՝ սխալ որոշում է կայացվել, պետք է լիներ արտակարգ դրություն: Բոլորը, այդ թվում «ՈՉ»-ի շտաբի իրավաբանները կարծում են, թե իրենք գործող կառավարությունից լավ են պատկերացնում երկրի կառավարումը: Արտակարգ դրության ռեժիմով պետք է կանոնակարգվի մարդկանց տեղաշարժը, միջոցառումները պետք է սահմանափակվեն: Կորոնավիրուսի վերաբերյալ մամուլի տարածած հաղորդագրությունները պետք է լինեն միայն պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Տեսանք, թե որքան ապատեղեկատվություն էր տարածվում, և խուճապ առաջացնում: Այս ամենն է եղել արտակարգ դրություն հայտարարելու պատճառը:

-Մամուլը խուճա՞պ է առաջացնում:

-Բնականաբար, այո: Հրապարակում է, թե քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանը լքել է երկիրը, քանի որ Հայաստանում ապահով չէ: Նա դա հերքում է, բայց շատ օգտատերեր, որ տարածել էին կեղծ լուրը, հերքումը չեն տարածում: Սա էլ մի օրինակն է այն բանի, որ մամուլը վտանգում է հասարակության բնականոն կյանքը և խուճապ է տարածում: Կամ լուրը, թե զորամասերում կորոնավիրուս կա. սա էլ հերքվեց, բայց կեղծ լուրը տարածողները հերքումը տարածել չշտապեցին: Դրանց վերապահումով կարելի է մամուլ ասել, քանի որ ունեն կոնկրետ պատվիրատուներ և իրենց սև գործն են անում: Հիմա գոնե կորոնավիրուսի վերաբերյալ միայն պաշտոնական տեղեկատվություն կտան: Մյուս դեպքերում ազատ են. թող քննադատեն կառավարությանը, մեզ, ասեն`սխալ եք անում, արտակարգ դրություն պետք չէր, Առողջապահության նախարարը լավ չի աշխատում: Ազատ են իրենց գնահատականներում:

-Իսկ շա՞տ եք նեղվում մամուլի գնահատականներից:

-Չէի ասի, բայց հաճելի չէ: