Նո՞ր, թե՞ ընդհատված հանրաքվե

մարտի 21, 2020

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, որ պետք է կայանար ապրիլի 5-ին, հետաձգված է: Թե երբ կկայանա, այս պահին հայտնի չէ: Օրենսդրական կարգավորումները, որոնցով առավել հարմար պահի կառաջնորդվեն իշխանությունները, գուցե առկա են, բայց այս պահին հստակ քայլերի մասին խոսելը դեռ վաղ է՝ արտակարգ դրությամբ և հանրաքվե հետաձգելու աննախադեպությամբ պայմանավորված:

Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունները դադարեցնելու համար իշխող ուժի նախաձեռնած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ընդհատվեց, երբ հայտնի դարձավ, որ ամբողջ աշխարհում տարածվող կորոնավիրուսը հասել է նաև Հայաստան, և արդեն վարակակիրներ կային։

Հայաստանի Սահմանադրության 208-րդ հոդվածը սահմանում է, որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում, արտակարգ դրությունը Հայաստանում հայտարարվել է մարտի 16-ին՝ մինչև ապրիլի 14-ը: Արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագիծը խորհրդարանում քննարկելիս վարչապետն ասաց, որ հետաձգված հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից առնվազն 65 օր հետո, իսկ գործընթացը կսկսվի այն կետից, որտեղ ընդհատվել է:

«Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ուշագրավ է, որ նույն օրենքի համաձայն ՀՀ նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Այսինքն, ենթադրվում է, որ արտակարգ դրության ավարտից հետո նախագահը հանրաքվեի մասին նոր հրամանագիր պետք է ստորագրի։ Ակնհայտ է, սակայն, որ երբ գա հանրաքվեի նոր օր նշանակելու պահը՝ լրացուցիչ հստակեցումների կարիք է լինելու. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը օրենքի մեկնաբանության խնդիր է տեսնում: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այս փուլում չեն կարող հստակ գնահատական տալ՝ հանրաքվեի քարոզարշավը նորի՞ց է սկսվելու, թե՞ կշարունակեն կիսատ թողած կետից:

Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները, գործընթացները և միջոցառումները դադարեցնելու մասին։ ԿԸՀ-ն նաև դիմել էր հեռուստաընկերություններին հանրաքվեի անցկացման մասին սոցիալական գովազդների ցուցադրությունները դադարեցնելու խնդրանքով։

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կարծիքով՝ արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի գործընթացը շարունակվելու է ընդհատված տեղից։

«Օրենքը չի տալիս այդ հարցի պատասխանը՝ օրերի հաշվարկ և այլն: Բայց «Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետի տրամաբանությունն այն է, որ երբ նշանակված հանրաքվեն տեղի չի ունենում արտակարգ դրության պատճառով, նոր հանրաքվեն պիտի նշանակվի արտակարգ դրությունից հետո ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 65 օր ժամանակահատվածում: Ենթադրվում է, որ դա պետք է դառնա արդեն մեկնարկած պրոցեսի շարունակությունը», -ասում է Հովակիմյանը։ Ըստ պատգամավորի՝ հանրաքվեի անցկացման նոր օրվա հաշվարկները հնարավոր է կատարել միայն արտակարգ դրության ավարտից հետո: