Ազգային ժողովը խստացնում է արտակարգ դրության պայմանները

մարտի 23, 2020

Մարտի 22-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Քրեական և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին օրինագծերը, որոնք նախատեսում են արտակարգ դրության պայմանների խստացում: Դեմ քվեարկող չկար, կողմ էին 117-ը: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել էր մարտի 19-ին, իսկ հաջորդած հանգստյան օրերին դրանում որոշ լրացումներ էին արվել: Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ազգային ժողովը կառավարության առաջարկով մարտի 16-ից ապրիլի 14-ը հանրապետության տարածքում արտակարգ դրություն է սահմանել:

Առաջին ընթերցմամբ նախագիծը խորհրդարանին ներկայացրել էր Արդարադատության փոխնախարարը, երկրորդ ընթերցմամբ ներկայացնելու համար Ազգային ժողով էր եկել նախարարը: Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ առավել ընդգրկուն դարձնելու համար Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ԶԼՄ հասկացությունը փոխարինվել է «լրատվական գործունեություն իրականացնող» հասկացությամբ: Եվ եթե խախտում համարվող հրապարակումը, որի համար տույժ է սահմանվում, մեկ օրվա ընթացքում չի հեռացվում, կրկին տուգանվելու է նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի կամ 500. 000-1.000.000 դրամի չափով:

Նախարարը հավելեց նաև, որ կառավարությունը քննարկում է արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումներ ընդհանրապես չկիրառելու հարցը: «Այսինքն, կարող ենք արձանագրել, որ այս օրենսգրքով կատարվող փոփոխությունն ավելի շատ միտված կլինի ապագային կամ կկիրառվի այլ իրավիճակներում»,- ասաց նա:

Օրենքների հիմնական փոփոխությունները վերաբերում են մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձանց, եթե նրանք խախտել են կառավարության կողմից իրենց համար սահմանված կանոնները: Այսպիսով, արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։

Նույն արարքը, որով անզգուշությամբ ծանր վնաս է հասցվել մարդու առողջությանը կամ որի հետևանքով առաջացել է երկու կամ ավելի անձանց վարակում, կպատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի կամ 700-ապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Իսկ անձի կյանքի համար վտանգավոր նոր կորոնավիրուսային վարակով վարակելը կպատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի 400-800-ապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

Նույն արարքը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ նկատմամբ, կպատժվի տուգանքով նվազագույն աշխատավարձի 800-1000-ապատիկի չափով կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով։ Նույն արարքը, որը հանգեցրել է մարդու մահվան, կպատժվի 3-5 տարի կալանքով։

Կառավարությունը սահմանել է նաև «մեկուսացված» և «ինքնամեկուսացված» հասկացությունները: «Մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի հետ շփում ունեցած անձանց, կոնտակտավորների առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում, այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով։ Ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց, կոնտակտավորների առանձնացումը իրենց մշտական բնակության կամ նախընտրության մեկ այլ վայրում, այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով»,- մանրամասնեց նախարարը։

Ընդդիմությունը կողմ էր՝ վերապահումներով

Նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը տևեց ընդամենը 40 րոպե: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, թե կողմ կքվեարկեն, քանի որ իրենց ներկայացրած առաջարկությունների մեծ մասը ընդունվել է:

Այսուհանդերձ, ԼՀԿ պատգամավորները որոշ դիտարկումներ ունեին: Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները ոչ թե կառավարությունը, այլ ԱԺ-ն պետք է սահմանի՝ օրենքով: Իսկ այդ ռեժիմին ենթարկվող քաղաքացիները իրենց վերաբերող կանոնները ոչ թե լրատվամիջոցներից պետք է իմանան, այլ կոնկրետ անձանցից: «Անձի հիմնարար իրավունքները սահմանափակող կանոնները պետք է սահմանվեն բացառապես օրենքով: Դա ոչ միայն Սահմանադրության, այլև ՄԻ եվրոպական դատարանի պահանջ է: Եվ անձինք այդ կանոններին պետք է տեղեկանան կոնկրետ անձանց, իրավասու մարմինների միջոցով, հակառակ պարագայում դրանք չեն կարող լինել քրեական պատասխանատվության առաջացման հիմք: Իմ հորդորը կառավարությանը` օր առաջ օրենքի մակարդակով սահմանել այդ կանոնները»,- ասաց պատգամավորը:

Արդարադատության նախարարը պատասխանեց, թե այս պահին առկա են լավագույն լուծումները, քաղաքացիներին հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին և պահպանել մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնները:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց, թե պետությունը պետք է դիրքորոշում հայտնի ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակի վերաբերյալ և հայտարարի, թե արտակարգ դրության ավարտից հետո ինչպես է փոխհատուցելու տուժած ընկերություններին: Նախարարի տեղեկացմամբ՝ օրենքը փոխհատուցում նախատեսում է իրավաբանական անձանց նկատմամբ այն դեպքում, երբ վնասը պետության կողմից է արվել՝ հատուցելու պայմանով: «Չեմ կարծում, որ մարդկանց դատարան ուղարկելը ճիշտ է: Դա ճիշտ է սովորական պայմաններում, ոչ արտակարգ դրության ժամանակ: Լավ օրինակ չեմ բերում, բայց Մարտի 1-ի արտակարգ դրությունից հետո վառված, թալանված խանութները փոխհատուցում են ստացել, թեպետ ֆիզիկական անձ չէին: Նախադեպ ունենք, վատ նախադեպ է, բայց նույնը կարող ենք լավ ձևով կիրառել»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Նախարարը հակադարձեց, թե կառավարությունը բիզնեսին աջակցելու ծրագրեր է մշակել, վարչապետի գլխավորությամբ գործում է աշխատանքային խումբ, և նոր ծրագրեր են քննարկվում: «Երբ օրենսդիրն այս օրենքն ընդունել է, գիտակցել է, որ արտակարգ դրության պայմաններում շատ հաճախ կարող է լինել իրավիճակ, որ պետությունը չի կարողանա հարյուր տոկոսով պատասխանատու լինել և վնասները փոխհատուցել: Այնուամենայնիվ, պետության թիրախավորված աջակցությունը կլինի»,- եզրափակեց նախարարը: