90-ականների ճգնաժամին պատերազմ ենք հաղթել, սա էլ կհաղթահարենք․ Բ․ Թունյան

մարտի 25, 2020

Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ։

- Իհարկե, կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի մասին խոսելը դեռ վաղ է, բայց աներկբա է, որ դա լինելու է: Դուք ի՞նչ բացասական ազդեցություն եք կանխատեսում:

- Այդ բացասական ազդեցությունը մենք կրում ենք ուղղակի և անուղղակի կերպով: Անուղղակի, որովհետև փոքր և բաց տնտեսություն ենք, ու ազդեցությունը դրսևորվելու է փոխանցումների, փոխարժեքի, ներմուծման-արտահանման վրա: Կլինի նաև ներքին ազդեցություն, քանի որ վիրուսի հետևանքով մարդկանց վարքագիծն է փոխվում: Մարդկային շփման մեծ դաշտ ունեցող ոլորտների` հանրային սննդի օբյեկտների, տուրիզմի, հյուրանոցների շրջանառությունը մոտենում է զրոյի:

- Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի օրերին խորհուրդ ր տալիս քիչ խոսել ճգնաժամի մասին, որ բացասական սպասումներ չձևավորվեն: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ամեն օր և օրը մի քանի անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ճգնաժամի մասին են խոսում: Դա բացասական սպասում, խուճապ չի՞ առաջացնի:

- 2009թ. և 2020թ. ճգնաժամերը տարբերվում են: Առաջինը ֆինանսատնտեսական էր, և ֆինանսների մեջ այդ սպասումները շատ մեծ դեր ունեին: Այսօր հիմքը առողջապահական է: Եթե մարդը վախենում է տնից դուրս գալ, կամ մենք ենք խորհուրդ տալիս, նա, բնականաբար, սրճարան-ռեստորան, հյուրանոց հանգստանալու չի գնա: Եթե սահմանները փակել ենք, և դրսից զբոսաշրջիկ չի գալիս, խոսենք, թե ոչ, բացասական ազդեցությունը լինելու է: Բայց նշանակություն ունի, թե մենք ինչպես ենք խոսում: Եթե խոսքը վերաբերում է դրամավարկային համակարգին, պետք է զգույշ խոսել, անզգույշ խոսակցությունները կարող են ազդել փոխարժեքի և մարդկանց վարքագծի վրա: Այս պահին վիճակը կայուն է, մենք չունենք կապիտալի արտահոսք, փոխարժեքի կտրուկ աճ, ավանդները բանկերից հանելու գործընթաց: Նաև ասեմ, որ ՀՀ-ն 2009թ. ճգնաժամի ժամանակ փլուզումը նախ տեղի ունեցավ աշխարհի զարգացած շուկաներում և մեկ տարի անց նոր հասավ Հայաստան: Կառավարությունը միջոցառումներ մշակելու, քայլերը կշռադատելու ժամանակ ուներ, հիմա դա չկա, հիմա որոշումները պետք է շատ արագ ընդունվեն:

- Սահմանափակվեց բժշկական որոշ ապրանքների արտահանումը, հնարավո՞ր է՝ դա տարածվի այլ ապրանքների արտահանման վրա ևս: Մենք որքա՞ն կդիմանանք առանց ներմուծման:

- Այս պահին դեռ այլ որոշում չկա, բայց արտահանման դեպքում պետք է շատ կշռադատված լինենք, հաշվենք, թե մեզ մոտ առանձին ապրանքատեսակների կարիքը որքան է, և գուցե հարկ լինի, որ որոշ ապրանքներ մնան Հայաստանում` որպես ռեզերվ: Եթե տեսնենք, որ որևէ պարենային ապրանք չի բավականացնում, հնարավոր է՝ նոր սահմանափակումներ լինեն: Այս պահին բավական պաշարներ կան, և չեմ ուզում ողբերգական գույներով պատկերացնել. որքան պետք է, այդքան էլ կդիմանանք: 90-ականներին ավելի վատ վիճակում ենք եղել: Այս ճգնաժամը ներմուծված է թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական առումներով: Եթե այդ տարիներին առանց գազի ու լույսի, փակ սահմաններով պատերազմ ենք հաղթել, կարծում եմ՝ այս մեկը ավելի հեշտ կհաղթահարենք:

- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 150 մլրդ դրամ կհատկացնի, որից 25 մլրդը՝ բիզնես ոլորտին, 80 մլրդը՝ տնտեսության վերակառուցմանը: Ավելի կոնկրետ ի՞նչ է արվելու այդ գումարով:

-150 միլիարդը պայմանական թիվ է, ըստ իրավիճակի՝ այն կարող է ավելանալ կամ նվազել: Այդ գումարը միանգամից չի ներարկվելու տնտեսության մեջ, հատկացումը աստիճանաբար է լինելու: Ուզում եմ հստակ լինի, որ ռեսուրսի խնդիր չկա: Գումարը բաժանված է 3 մասի, այո, 25 միլիարդը բանկերի վարկավորման միջոցով գնալու է բիզնեսին: Դա լուծելու է երկու խնդիր` հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատողների խնդիրը, որպեսզի ընկերությունները կարողանան նրանց 1-2-3 ամիս աշխատավարձ վճարել: Եվ լուծում է լիկվիդայնության խնդիրը` փող է, որով ընկերությունները կարող են հարկերը կամ կոմունալ ծախսերը վճարել: Պետությունն այդ 25 միլիարդով համաֆինանսավորելու է ընկերությունների ստացած վարկի մի մասը և տոկոսները: Այդ ծրագիրն արվելու է բանկային համակարգի միջոցով: Ընկերությունները ճգնաժամից տարբեր չափով կտուժեն կամ չեն տուժի կամ անգամ օգուտ կստանան, և բանկը կարող է գնահատել, թե ում է վարկը տալիս: Եվս 25 միլիարդ դրամ կհատկացվի սոցիալական հրատապ աջակցության համար, նպաստների համակարգի կամ այլ ինստիտուտների միջոցով կորոշվի, թե որ կարիքավորին որքան աջակցություն տալ:

80 միլիարդ դրամն էլ նախատեսված է խոշոր և երկարաժամկետ զարգացման նպատակ ունեցող ծրագրերը ֆինանսավորելու համար: Ինչպես վարչապետն է նշում՝ այս ճգնաժամը նաև հնարավորություն է, քանի որ նաև տնտեսության կառուցվածքն է փոխվում:

- Հնարավո՞ր է՝ կառավարությունը նորից բյուջետային աջակցության վարկեր վերցնի, ինչպես 2009-ի ճգնաժամից հետո արվեց երկար տարիներ:

- Ոչինչ չի բացառվում, հիմա աշխարհի բոլոր երկրները գնում են արտակարգ միջոցառումների: Սա դասական ֆորս-մաժոր է:

- Իսկ հնարավո՞ր է՝ իրավիճակն այնքան սրվի, որ Կենտրոնական բանկը չկարողանա պահել փոխարժեքը, և դրամը նորից արժեզրկվի:

- Չեմ կարծում, դոլարի փոխարժեքը այնքան էլ կորոնավիրուսով պայմանավորված չէ: Դոլարի փոխարժեքի վրա ավելի շատ ազդեցություն ունենալու է տրանսֆերտների ներհոսքի կրճատումը կամ արտահանման դիմաց ստացվող արտարժույթի նվազումը: Կան միջազգային պահուստներ, որոնք դեռ չեն մաշեցվել: Այդ խնդրի վրա ավելի շատ մարդկանց վարքագիծն է ազդելու: Եթե բոլորը նետվեն դոլար գնելու, դոլարի գինը կթանկանա: Իսկ ռուբլու փոխարժեքի անկումը հիմնականում պայմանավորված է նավթի գնի անկմամբ:

- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հնարավոր համարեց այս տարի բյուջեի թերակատարումը: Հնարավո՞ր է՝ աշխատավարձերը և կենսաթոշակները վճարելու խնդիր առաջանա:

- Մենք ժամանակին և ամբողջ ծավալով կվճարենք աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները: Հարկային եկամուտների նվազումը հավերժ չի կարող շարունակվել, և եղած միջոցները ճգնաժամային շրջանում ուղղվելու են դեֆիցիտի փակմանը: Անհրաժեշտության դեպքում պետությունը ծախսերի կրճատման էլ կգնա: Բայց դեռ շուտ է դրա մասին խոսել, հակառակը, մենք պետք է կապիտալ ծախսերը` ճանապարհաշինություն, դպրոցաշինությունն ամբողջ թափով իրականացնենք:

- ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից են առևտրի և ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտները, որոնք թե՛ կորոնավիրուսի, թե՛ նավթի գների անկման առաջացրած ճգնաժամի պատճառով հայտնվել են վատ վիճակում: Փաստորեն, մեր տնտեսությանը բավականին մեծ անկում է սպասվում:

- Այս ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր տնտեսական կառուցվածքը պետք է փոխել: Եվ երբ մենք ասում ենք, թե հանքարդյունաբերության տեսակարար կշիռը պետք է նվազի, այս ճգնաժամը ցույց է տալիս,ո ր այդ ոլորտը որոշակի պահերի կարող է փրկօղակ լինել: Տուրիզմը լավ բան է, բայց, անմիջապես կրեց բացասական ազդեցությունը: Պետք է այնպիսի տնտեսական կառուցվածք ունենալ, որ տարբեր ցնցումների ժամանակ հնարավորինս կայուն մնա: ՏՏ ոլորտը, օրինակ, չի տուժել: Պետք է զարգացնել մշակվող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունն առանձնահատուկ ուշադրության է արժանի, և կառավարության հայտարարած ծրագրերում լուրջ տեղ է ունենալու այդ ոլորտը: Այդ ոլորտը ոչ միայն աշխատատեղ է ապահովում, թեկուզ ոչ գրանցված, այլև սննդի անվտանգության խնդիր է լուծում: Խիստ արտոնյալ վարկավորում կլինի գյուղատնտեսության սմարթ` զարգացած տեխնոլոգիաներ ներառող ծրագրերին:

- Կարծիքներ են հնչում, թե այս փուլում ճիշտ չէ ներդնել ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որը ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև բիզնեսին կարող է վերաբերել:

- Այդ կարծիքները մինչև այս ճգնաժամի ի հայտ գալն էլ էին հնչում: Իսկ ներդրումային հետաքրքրությունները ճգնաժամային փուլում թուլանում են, և հակառակը, միգուցե հիմա ապօրինի կերպով ձեռք բերված գույքով զբաղվելու ամենալավ ժամանակն է:

- Ներդրումներն առանց այդ էլ վատ էին, հնարավո՞ր է, հիմա անգամ անկում լինի:

- Չի բացառվում: Եթե այս ճգնաժամը վերաբերում է բոլոր երկրներին, եթե ներդրողները, գործարարները վատ վիճակում են, այլ երկրներում ներդրում անելու մոտիվացիան թուլանում է: