Գագիկ Ծառուկյանն ինքն իրեն պետությունից դուրս է հայտարարում․ Լենա Նազարյան

մարտի 25, 2020

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ։

-Տիկին Նազարյան, լրատվամիջոցների գործունեության՝ արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները որակվում են որպես խոսքի ազատության սահմանափակման և լրատվամիջոցներին կաշկանդելու փորձ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են վերջին շրջանում նման մտավախություններ հաճախ առաջանում:

-Նախ նշեմ, որ սահմանափակումը վերաբերում է միայն կորոնավիրուսային վարակի մասին տեղեկատվության տրամադրմանը։ Մյուս բոլոր թեմաներում լրատվամիջոցները ազատ են օգտվել ցանկացած սկզբնաղբյուրից, ինչպես արել են մինչև այս կարգի սահմանումը։ Եթե հիշում եք, այս սահամանփակմանը նախորդող շրջանում գրեթե ամեն օր տարածվում էին ապատեղեկություններ, որոնց հետևող հերքումները, որպես կանոն, չէին ունենում նույնչափ տարածում: Լրատվականները հրապարակում էին, թե Նիկոլ Փաշինյանի որդին, գտնվելով պարտադիր զինվորական ծառայության մեջ, արձակուրդ է ստացել և ընտանիքի հետ մեկուսացված է վարչապետին հատկացված ամառանոցում։ Տարածվեց, որ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա: Ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն տարածվեց, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանշաններով։ Անգամ համընդհանուր այս բարդ իրավիճակում գտնվում են այսպես կոչված լրատվականներ, որ նման կեղծիք են տարածում։ Վարչապետի, Արցախի ու պաշտոնյաների մասին այսպիսի կեղծ լուրերն ու նենգափոխությունները սովորական ժամանակներում մի քանի ժամով են միայն մարդկանց տանում ծուռ հայելիների աշխարհ, և դա կարելի է անտեսել։ Սակայն անորոշությունների ու տագնապների ժամանակներում դրանք կարող են մարդկանց մեծ խմբերի չմտածված գործողությունների մղել, որոնց հանրային հետևանքները ծանր կլինեն բոլորիս համար: Թեկուզ միայն զանգվածային չմտածված լայնածավալ գնումները կարող են վնասներ հասցնել։ Այնպես որ, այս շրջանում նման կարգավորումները մտածված են։ Ես շատ եմ կարևորում լրատվամիջոցների ազատությունը և ցավով եմ նկատում, որ մեզանում դեռ չկա մեր ազատությունների հանդեպ բավարար հոգատարություն: Ազատության պայմաններում հնարավոր է դառնում նաև ամենանպատասխանատու բանն ասել ու անել, բայց եթե լրատվականները, սոցիալական ցանցերի օգտատերերը բավարար հոգատար չլինեն մեր ձեռք բերած ազատությունների հանդեպ, դրանով իրականում կարժեզրկեն ու կվտանգեն այն:

-Արտակարգ դրության իրավական ռեժիմը օրենսդրական փոփոխություններով խստացվեց, ընդհուպ մինչև քրեական պատիժները՝ սահմանված կարգը խախտելու համար։ Ձեր գնահատմամբ՝ այս փոփոխությունները արդյունավետ կլինե՞ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդիկ շարունակում են 100 հոգանոց հավաքույթներ կազմակերպել, բավարար չափով չեն պաշտպանվում։

-Այո, Ազգային ժողովն արտահերթ նիստով ընդունեց Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում լրացումներ նախատեսող նախագծերը, որոնցով վարչական և քրեական պատասխանատվություն է սահմանվում դիտավորյալ կամ անզգուշաբար նոր կորոնավիրուսային վարակ տարածելու համար: Թեև անհրաժեշտ եմ համարում վարչական պատասխանատվության կարգավորումները, պարետատան սահմանափակումները, սակայն ապավինում եմ նաև հանրության հավաքական գիտակցությանը և սոցիալական պատասխանատվությանը։ Մենք մի հանրություն ենք և փոխկապված ենք միմյանց հետ։

-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, խոսելով արտակարգ դրության պայմաններում հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատողներին վճարելու մասին, նշեց, թե «բայց ես ինչի՞ պիտի վճարեմ, պետությունը արտակարգ դրություն է հայտարարել, ինքն էլ պարտավոր է չաշխատող ժողովրդին գումար տրամադրի»: Սա արդյո՞ք սոցիալական անպատասխանատվության նշան չէ։

-Նախ ուզում եմ հարցնել, թե իսկ ուրիշ որ հաստատությունը պետք է կամ կարող էր արտակարգ դրություն հայտարարել։  Հենց կառավարություններն են հայտարարում արտակարգ դրություն, ինչը պարտադրված քայլ է, և ոչ թե նախընտրության հարց: Ասել, թե ով հայտարարել է արտակարգ դրություն, թող նա էլ պատասխանատվությունը կրի, նույնն է, թե վարակակիր քաղաքացին ասի, որ չի համաձայնում մեկուսանալ, քանի որ արտակարգ դրությունը ինքը չի հայտարարել։ Կամ որ սահմանափակումների ենթակա ձեռնարկությունները շարունակեն աշխատել, քանի որ իրենք չեն այս որոշումն ընդունել: Այսինքն՝ այս հայտարարության հեղինակը կարծես ինքն իրեն պետությունից դուրս է հայտարարում. նման բան լինել չի կարող։ Մենք մի հանրություն ենք, և յուրաքանչյուրս ունենք մեր սոցիալական դերով պայմանավորված պատասխանատվության բաժինը, և դա հատկապես դրսևորվում է արտակարգ դրության պայմաններում։

Երկրորդ, ուզում եմ հիշեցնել, որ խոշոր բիզնեսը օդից չի ընկել, այն կայացել է այս նույն պետության սահմաններում, այս պետության հանրային ռեսուրսների շնորհիվ, այս պետության մեջ ապրող աշխատողների ուժերով։ Եվ ուրեմն ի՞նչ բիզնես ոլորտը մշտապես ակնկալում է պետությունից՝ այսինքն հանրությունից, աջակցություն և արտոնություններ, ցանկալի մաքսատուրքեր և վարկային սուբսիդավորումներ, բայց ստացված արդյունքը, հատկապես դժվար պահերին, հանրության հետ կիսել չի՞ ուզում:  Ընդ որում՝ պետությունը դժվարին պահերին աջակցում է այդ նույն գործարարներին։ Բոլորովին վերջերս էր, որ պետությունից ակնկալվում էր միջամտել Իրանից ներկրվող ցեմենտի ու կլինկերի ներմուծման հարցում, որ ներքին արտադրողը պաշտպանված լինի: Ոչ ոք դեմ չէ բիզնեսին, սակայն բիզնեսը ոչ միայն անձնական-մասնավոր, այլ նաև հանրային բարիքի դաշտում պետք է դիտարկել: Բիզնեսի միջոցով կուտակած հարստությունը իմաստավորված է այն դեպքում, եթե հանրային բարիք է, եթե գործարարները ներկա են և դեր ունեն սոցիալական համերաշխության ու պատասխանատվության համակարգում։ Հատկապես այս իրավիճակում, երբ խոսքը նույն այդ բիզնեսը հնարավոր դարձնողների՝ աշխատողների առողջության ու տարրական կենսապայմաններն ապահովելու մասին է: Առանց նման կարգավորված հոգատարության մենք կարող ենք բախվել մարդկանց կտրուկ աղքատացման, ինչը չի կարող հաղթահարվել ժամանակ առ ժամանակ արվող բարեգործություններով:

-Այս հայտարարությամբ ո՞ւմ և ի՞նչ ազդակներ է ուղղում ԲՀԿ ղեկավարը։

-Այս հայտարարությունը, կարծում եմ, բացահայտում է, թե ինչպես է խոշոր բիզնեսը դիրքավորվում և իր մասնավոր շահը պաշտպանում։ Մյուս կողմից՝ սա հնչեղ ազդակ է աշխատավորներին, որ նրանք էլ կարող են և պետք է համախմբվեն ու դիրքավորվեն՝ որպես իրենց շահերը հետապնդող սուբյեկտ, միավորվեն արհմիություններում ու նմանատիպ իրավիճակներում բարձրաձայնեն իրենց գործողությունների մասին: Եղան ահազանգեր ՍԱՍ սուպերմարկետի աշխատողներից, որ իրենց պարտադրում են ինքնակամ արձակուրդ գնալ: Հեղափոխությունն այդ աշխատողներին ազատագրեց ընտրությունների ժամանակ ձայներ հավաքագրելու, այսպես ասած, «կորպորատիվ պարտավորությունից», համաճարակն էլ թող դառնա սեփական շահերն արձանագրելու և աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից դիրքավորվելու ու գործելու խթան:

Անշուշտ, կառավարությունն ու օրենսդիրն էլ ունեն իրենց անելիքը, և քայլեր արվում են։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հրատապ ռեժիմով շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծ: Առաջարկվում է հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության դեպքում աշխատողներին չհամարել պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանել: Իսկ այն դեպքերում, երբ մասնավոր ոլորտի գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված, չկարողանա այլևս աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով, այնուամենայնիվ պետք է շարունակի վարձատրել աշխատողին ՝ չաշխատած յուրաքանչյուր ժամի համար առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Գործատուների կողմից աշխատողներին վճարումներ կատարելու օրենսդրական պարտավորության նկատմամբ հսկողությունն իրականացնելու է Պետական եկամուտների կոմիտեն, իսկ գործատուի անվճարունակության դեպքում նախատեսվում են պետական աջակցության ծրագրեր:

Ուզում եմ հիշեցնել նաև, որ կառավարությունն այս ճգնաժամային շրջանում  նախագծում է նաև բիզնես ոլորտին աջակցելու ծրագրային փաթեթ։ Վարչապետը մի քանի օր առաջ արդեն հայտարարել է առնվազն 150 միլիարդ դրամի աջակցության մասին։