Դատավորների բարեվարքության փաթեթն ԱԺ–ն ընդունեց․ ընդդիմությունը դեմ էր

մարտի 25, 2020

Մարտի 25-ին 83 կողմ, 29 դեմ ձայնով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Դրանով կարգավորվում է դատավորների բարեվարքության խնդիրը: Նախաձեռնությունը կառավարությանն է՝ ներկայացված դատաիրավական բարեփոխումների շրջանակում:

Առաջինից երկրորդ ընթերցում փաթեթում կատարվել էր երկու տասնյակից ավելի փոփոխություն, այդ թվում՝ ներկայացված նաև խորհրդարանական ընդդիմության և տարբեր կառույցների կողմից:

Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ հիմնական փոփոխությունը առնչվում է հայտարարագրման ինստիտուտին։ Այսպես. դատավորների բարեվարքության ուսումնասիրությունն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը խախտում կամ թերհայտարարագրում հայտնաբերելու դեպքում իրավասություն է ստացել կարգապահական վարույթ հարուցելու։ Հայտարարագրեր կներկայացնեն միայն դատավորները, իսկ նրանց ընտանիքի անդամները հիմնավոր կասկածի պարագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարցման հիման վրա կներկայացնեն իրավիճակային հայտարարգիր։ Այս փաթեթով, հիշեցնենք, առաջարկվում է ունենալ Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև գնահատման հանձնաժողով։ Վերջինի գործառույթը լինելու է դատավորների գործունեության գնահատումը։

Քննարկվելու են գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում դրանց քննության, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները: Եթե գնահատման հանձնաժողովը հայտնաբերի «դիտավորությամբ, կոպիտ անփութությամբ խախտումներ», կարող է դիմել Էթիկայի և կարգապահական հանձնաժողով։ 

«Կոնցեպտուալ առումով նախագիծը չի փոխվել և շարունակում է մնալ արդյունավետ գործիք կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ տանելու առաջ՝ միաժամանակ չխաթարելով դատական իշխանության անկախությունը»,-Ազգային ժողովում հայտարարեց նախարարը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն է տրվում ուսումնասիրել դատավորի թեկնածուի՝ քրեական ենթամշակույթի հարելու հանգամանքը: Սա առաջացրել էր «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանի տարակուսանքը, քանի որ, նրա դիտարկմամբ, «հանձնաժողովը օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու իրավասություն չունի»։

«Բարեվարքության ուսումնասիրության ցանկացած մեխանիզմ ենթադրում է նաև սոցիալական ցանցերի, լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրություն։ Այնուամենայնիվ, դրանք վճռորոշ նշանակություն չեն ունենա։ Բայց հանձնաժողովը իրավասու է հարցումներ անել պատկան մարմիններին և ստանալ պատասխաններ», պատգամավորին պատասխանեց Ռուստամ Բադասյանը։

Տարոն Սիմոնյանը հակադրաձեց՝ ընդգծելով, որ անձը կարող է քրեական ենթամշակույթի կրող լինել միայն դատարանի որոշմամբ, իսկ այս ու այն մարմնից կատարված հարցումներով անձը չի կարող համարվել քրեական ենթամշակույթի կրող։ Նախարարը հստակեցրեց, որ թեկնածուի վերաբերյալ այդ հարցի ուսումնասիրությունը խորհրդատվական բնույթ ունի, և խոսքը ամենևին էլ քրեական հոդվածի ուսումնասիրության մասին չէ։ «Բնականաբար, եթե թեկնածուն դատվածություն ունի քրեական ենթամշակույթին հարելու համար, ապա նա չի կարող դիտարկվել որպես դատավորի թեկնածու», ընդգծեց նախարարը։

ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով ներկայացված օրենսդրական փաթեթը Հայաստանում ապահովելու է անկախ ու արդյունավետ աշխատող դատական համակարգ։ «Փորձ է արվում դատարաններում ապահովել միջավայր, որը կառաջացնի քաղաքացիների բացարձակ վստահությունը դատական իշխանության նկատմամբ։Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս տաբեր մարմիններին ստուգել դատավորների բարեվարքությունը», -նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Այդուհանդերձ, ո՛չ «Լուսավոր Հայաստան»-ը, ո՛չ էլ «Բարգավաճ Հայաստան»-ը ոգևորված չէին նախագծով։ ԲՀԿ-ական Արման Աբովյանը խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս սկզբունքային անհամաձայնություն չհայտնեց, ավելին, ասաց, որ ներկայացված փաթեթում կան ողջունելի կետեր, բայց իրենց խմբակցությունը դեմ է կատարվող փոփոխություններին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ տարօրինակ էր, որ իշխանությունը այս փաթեթով անձեռնմխելի է համարում մինչև 2017 թվականը նշանակված դատավորներին և բարեվարքության գործընթացն սկսում է 2017-ից հետո նշանակված դատավորների նկատմամբ։

«Դուք հայտարարում եք, թե դատավորների անկախությունը երաշխավորող օրենք եք ընդունում, բայց հակառակը՝ դատավորների կախվածությունը երաշխավորող նախագիծ եք առաջարկում։ Հայեցողական կարգապահական վարույթներ կսկսվեն դատավորների նկատմամբ։ Սա ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ համաչափ նախագիծ է», -խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս հայտարարեց Տարոն Սիմոնյանը։

«Կառավարությունը շատ համառ է, և ունենալով խորհրդարանական մեծամասնության աջակցությունը որևէ հետքայլ չի կատարելու դատաիրավական բարեփոխումների ճանապարհից, շարունակելու է բերել արմատական փոփոխություններ ենթադրող նախագծեր, որոնք գործադրելու համար քաղաքական կամք է կիրառելու: Որևէ մեկին չթվա, թե մեզնից ավելի համառ կարող է գտնվել և գործիքներ կիրառելով մեզ հետ պահել այդ բարեփոխումների ծրագրից»,- եզրափակիչ ելույթում հայտարարեց արդարադատության նախարարը: