Օրենսդիրը՝ դիտակետում․ միլիոնատերերը քչացել են, Ծառուկյանը` հարստացել

մարտի 26, 2020

Parliamentmonitoring.am-ը Factor.am-ի համագործակցությամբ սկսում է նոր շարք՝ «Օրենսդիրը՝ դիտակետում» խորագրով:

Առաջին տեսանյութի դիտակետում Ազգային ժողովի պատգամավորների հայտարարագրերն են՝ ներկայացված պաշտոնը ստանձնելու պահին:

Արտակարգ դրության այս օրերին, բացի արտահերթ ու հերթական նիստերին մասնակցելուց, պատգամավորները պետք է ժամանակ գտնեն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն նոր հայտարարագրեր:

Մինչև այս տարվա մարտի 31-ը, այս անգամ հայտարարագրի նորացված նմուշով, պատգամավորները պետք է ներկայացնեն տարեկան հայտարարագիր՝ 2019-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառող ժամանակահատվածի համար:

Հայտարարագրի նոր նմուշում նորություններ կան. գույքից ու եկամուտներից բացի արձանագրվելու են նաև գույքի փոփոխությունը տարվա ընթացքում, ֆինանսական հոսքերը, ծագման աղբյուրները: Սա վերաբերում է նաև պաշտոնական անձի ընտանիքի անդամներին: Լինելու է նաև շահերի հայտարարագրում: Հարցը կարգավորվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով:  

Նոր և նախորդ՝ 2018թ-ի հայտարարագրերի համեմատությունը ցույց կտա, թե պատգամավորները 1 տարվա ընթացքում որքան են հարստացել, ինչ նոր գույք են ձեռք բերել, որքան գումար են կարողացել հետ գցել: Մինչև դա՝ որոշ ուշագրավ ընդգծումներ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների՝ 1 տարի առաջ ներկայացրած հայտարարագրերից: