Կորոնավիրուսը պարտադրում է կառավարությանը

մարտի 30, 2020

Մարտի 30-ին Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ հրավիրեց հերթական նիստը, որի օրակարգը դարձյալ պայմանավորված էր կորոնավիրուսի համաճարակով: Գործադիրը փոփոխություններ էր առաջարկում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում: Դրանց նպատակն էր արտակարգ դրության ժամանակ հետևել քաղաքացիների հեռախոսազանգերին, հաղորդագրություններին, տեղորոշել նրանց գտնվելու վայրը։ Հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցության ամսաթիվը՝ սկիզբը և ավարտը, որպես տեղեկություններ, կփոխանցվեն կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին։ Նախագիծը խորհրդարանում ներկայացնող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ընդգծեց, որ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու երրորդ անձին։ Ավելին, շեշտեց, որ օրենքով չսահմանված դեպքում տեղեկությունը օգտագործելու համար նախատեսվույմ է քրեական պատասխանատվություն։

«Սա բացառապես պայմանավորված է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ վիճակի հիման վրա արտակարգ դրություն հայտարարելով։ Այսինքն՝ այլ արտակարգ դրությունների դեպքում միջամտություն անձնական տվյալներին, ընտանեկան կյանքին և հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրում»,- նախագծերի փաթեթը պատգամավորներին ներկայացնելիս հայտարարեց առողջապահության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա հստակեցրեց, որ այս ամենը կատարվում է արտակարգ դրության շրջանակներում ու ավարտվում է արտակարգ դրության հետ միասին։

«Առաջարկվող միջոցառումները իրավաչափ են ու ծառայում են իրավաչափ նպատակի», -ընդգծեց նախարարը:

Պատգամավորները սվիններով ընդունեցին կառավարության առաջարկը

Ազգային ժողովի ընդդիմադիր, նաև իշխող խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին նախաձեռնությանը՝ մտահոգությամբ, որ խախտվելու է մարդու անձնական կյանքի իրավունքը:  

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ այս արտակարգ դրության ավարտից հետո մարդու տեղաշարժի ու հեռախոսազանգերի մասին ապանձնավորված տվյալները կարող են անձնավորվել ու օգտագործվել այլ նպատակներով։ Նախարարն ասաց, թե նման բան լինել չի կարող, քանի որ այդ տվյալները ոչնչացվելու են, և եթե օրինագիծը, այնուամենայնիվ, նման մտավախություն է առաջացնում, հարկ եղած դեպքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելը խնդիր չի լինի:  

«Նախագծի նպատակը, թերևս, հասկանալի է, բայց օգտագործվող մեթոդները՝ շատ մտահոգիչ, զանգը դեռ չի նշանակում ֆիզիկական շփում և հակառակը՝ ֆիզիկական շփումը դեռ չի նշանակում զանգել է ինչ-որ մեկին»,- նկատեց Գորգիսյանը։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիք նկատեց, որ նախագիծը, գուցե,պետք է ընդունվեր այն ժամանակ, երբ գրանցվել էր վարակի ընդամենը 1-2 դեպք։ «Հիմա 400-ն անցել ենք, և ներկայացվածը անիմաստ կարգավորում է։ Արդեն ուշ է, ու այս նախաձեռնությամբ սահմանափակել քաղաքացիների իրավունքները, անընդունելի է», -նշեց Էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ չկա նաև վստահություն, թե ովքեր են տվյալները մշակում ու ինչ պետք է անեն հետո։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը կարևորում էր կորոնավիրուսով վարակակիրների շղթայի բացահայտմանն ուղղված ցանկացած միջոցառում, սակայն կառավարության ներկայացրած նախագիծը նրա կարծիքով, այդ հարցում կտա զրո արդյունք։ «Պարո՛ն Բադասյան, ինձ համար այդպես էլ պարզ չեղավ, թե ինչ արդյունք է տալու հեռախոսազանգի ժամը ֆիքսելը վարակակրին հայտնաբերելու համար։ Կոնտակտավոր կարող է լինել ցանկացած անձ, որը գտնվել է նրա կողքին՝ խանութում, կանգառում, փողոցում քայլելիս և այլն։ Օրինակ, ես օրական խոսում եմ 30-40 անձի հետ, բայց ես նրանց հետ հանդիպում չեմ ունենում, որքանո՞վ է սա նպաստելու կոնտակտավորի հայտնաբերմանը», -ԱԺ ամբիոնից կառավարության ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ հարցրեց Նարեկ Զեյնալյանը։ Նա նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս նախագծի մշակման ժամանակ որևէ համաճարակաբանի հետ քննարկում ունեցել են, քանի որ, ըստ նրա, այս նախագիծը չի նպաստում վարակակիրների հայտնաբերմանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ տարակուսած էր. «Ի՞նչ է տալու պետությանը տվյալը, թե երկու մարդ՝ մեկը Նորքի զանգվածից, մյուսը Հարավ արևմտյան թաղամասից, մի քանի անգամ հեռախոսով խոսել են իրար հետ։ Տեղորոշման մասին բան չունեմ ասելու, դա կարծես ոչ մեկի մոտ հարց չի առաջացնում»։

Նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ շատ դեպքերում տեղորոշումը կարող է բավարար չլինել և վարակակրի ու կոնտակատավորների կապը հնարավոր կլինի գտնել հեռախոսազանգերի միջոցով։ «Ենթադրենք՝ ես վարակակիր եմ, և իմ տեղորոշման հետ կապված խնդիրներ են առաջանում։ 14 օրվա ընթացքում իմ հեռախոսազանգերի կոնտակտների վերհանումը ու նրանցից հեռախոսազանգի միջոցով ճշտումը՝ արդյոք ինձ հետ հանդիպել են այսինչ օրերին, որովհետև անձը կարող է նույնիսկ մոռանալ այդ մասին։ Տեղորոշման և զանգերի կատարման գորշծողությունը մի կենտրոնում գեներացնելը կնպաստի, որ վիճակագրական տվյալների հիման վրա իրավասու մարմինները կարողանան համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ու իրականացնել», -հայտարարեց Բադասյանը։

Միրզոյանն ասաց, թե այս պահին այս նախաձեռնության անհրաժեշտությունը չի տեսնում, բայց ուշագրավ է, որ դրանով հանդերձ՝ կողմ քվեարկեց կառավարության առաջարկությանը։

Օրենսդրական փաթեթին կողմ էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նա հայտարարեց, թե համաձայն է, եթե պետք է, թող իր տվյալները օգտագործվեն:

«Ես եղել եմ, կամ և կմնամ պանդեմիայի դեմ պայքարի կոշտ միջոցների կողմնակից, բայց միջոցառումը պետք է լինի կոշտ և անհրաժեշտ, կոշտ և արդյունավետ։ Եթե այն կոշտ է, բայց ոչ արդյունավետ, դա չի համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Ես տալիս եմ իմ համաձայնությունը, տալիս եմ կամավոր, որովհետև հասկանում եմ, որ դա անհրաժեշտ է», -հայտարարեց Վարդանյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ մինչև երկրորդ ընթերցում կներկայացնեն առաջարկություններ տվյալների ոչնչացման վերաբերյալ, որպեսզի դրանք հետո չօգտագործվեն։

«Պարոն նախարար, հետ տարեք այս նախագիծը։ Սա հետընթաց է ժողովրդավարությունից։ Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու։ Այն ռեսուրսները, որոնք ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, ծախսեք սահմաններին մարդկանց տեստավորելու նպատակով», - նախարար Ռուստամ Բադասայանին դիմեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորի հորդորը, սակայն, չլսվեց. նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ձայների 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: