Զարտուղի ճանապարհով ձեռք բերված գույքը պետք է վերադարձվի պետությանը․ Ս․ Գրիգորյան

մարտի 29, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ

- Անցած շաբաթ ԱԱԾ-ն հայտնեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 230 մլն դրամ արժողությամբ գույքը հափշտակելու համար, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե նախկին մի պաշտոնյա միայն Երևանի փոքր կենտրոնում ձեռք է բերել 250 անշարժ գույք: Հետո գրվեց, որ դա Գագիկ Բեգլարյանն է, որը նաև բազմաթիվ մանկապարտեզներ է սեփականացրել: Ինչո՞ւ քրգործ չհարուցվեց մեկ տարի առաջ, երբ նա երկրում էր ու, ինչպես ներկայացվում է, բուժվելու նպատակով դեռ չէր հեռացել երկրից:

- Նկատե՞լ եք, որ շատերը, որոնց նկատմամբ հետապնդում է հայտարարված, առողջական խնդիրներ ունեն: Այդ առիթով մայրս մի անգամ ասաց՝ իրավապահներին ասեք՝ թող փնտրել սկսեն հատկապես առողջական խնդիրներ ունեցողների շրջանակում, էդպես ավելի հեշտ կլինի: Իհարկե, բացառված չէ, որ ինչ-որ հարցում իրավապահները հապաղել են, վարչապետն էլ ասել է, որ տեմպերից գոհ չէ: Չգիտեմ, բայց պետք է հասկանալ, թե որ պահին իրավապահ մարմինների ձեռքում ինչ տվյալներ են եղել, և ըստ այդ տվյալների` համապատասխան գործողություններ արվե՞լ են, թե՞ ոչ:

- Գագիկ Բեգլարյանը միակը նախկին պաշտոնյան չէ, որը հեռացել է երկրից, և որի դեմ քրեական գործ է հարուցվել: Նույն կարգավիճակով որոշ նախկիններ Ռուսաստանում են կամ եվրոպական երկրներում: Իրավապահների գործունեության բացթողումը չէ՞, որ նրանք այսօր կանգնած չեն արդարադատության առաջ:

- Եկեք նաև հիշենք դեպքեր, երբ հեռացած մարդկանց վերադարձրել են Հայաստան, օրինակ` Նարեկ Սարգսյանը: Գուցե կա այստեղ ինչ-որ թերացում, գուցե չկա: Երևույթը ոչ մեկի սրտով չէ, բայց չեմ կարող ասել, թե իրավապահները կարող էին ավելի արագ գործել և չթողնել, որ նրանք հեռանան: Դա շատ լուրջ պնդում է, մեղադրանք է, և նման պնդում անելու համար պետք է փաստական հիմք: Բոլորի նման ես էլ եմ հարցնում՝ ինչո՞ւ այդպես եղավ:

- ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքը: Դա ի՞նչ դեր կունենա նախկին պաշտոնյաների չարաշահումների հետևանքով եղած կորուստները վերականգնելու գործում:

- Մեծ դեր կարող է ունենալ: Այդ օրենքը լուրջ գործիք կլինի համապատասխան մարմինների համար, որ կարողանան ժամանակին զարտուղի ճանապարհներով ձեռք բերված գույքն ի վերջո վերադարձնել պետությանը: Դա միանշանակ է:

- Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե իշխանությունը գույքագրում է նախկին պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց անուններով գրանցված անշարժ գույքը, որպեսզի երբ նախագիծը ընդունվի, հենց այդ շրջանակում կիրառվի:

- Նման լուր չեմ լսել, բայց հենց այնպես չեն կարող նման գործընթաց իրականացնել, դրա համար պետք է օպերատիվ տվյալներ ունենան:

- Կարծիքներ են հնչում, թե կորոնավիրուսի և համաշխարհային շուկայում նավթի գնի անկման արդյունքում առաջացած ճգնաժամի պայմաններում այդ ինստիտուտի ներդրումը ճիշտ չէ, դա կարող է վատ ազդակ լինել ներդրողների համար:

- Համաձայն չեմ դրա հետ, ավելին, բացառված է, որ ճգնաժամի պատճառով հետ կանգնենք մեր նախաձեռնած որևէ բարեփոխումից, հատկապես, կոռուպցիայի դեմ պայքարից: Այլ հարց է, որ հիմա մեր հիմնական ռեսուրսները օբյեկտիվորեն կենտրոնացնում ենք բնակչության առողջության և անվտանգության խնդրի վրա:

- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Իմ քայլի» թեկնածուն հրաժարական տվեց ընտրվելուց անմիջապես հետո, բայց այդպես էլ նոր թեկնածու չառաջադրեցիք ու ընտրություն չկազմակերպեցիք, մինչդեռ օրենքով նախատեսված ժամկետն անցել է: Ե՞րբ եք այդ հարցը լուծելու:

- Խմբակցությունում եղել են քննարկումներ, բայց հիմա այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ամեն դեպքում, հանձնաժողովում որոշումների կայացման և գործառույթների կատարման տեսանկյունից քվորումի խնդիր չկա: Նույն կերպ ԲԴԽ-ում թափուր տեղեր կան, և որոշում կայացնելու խնդիր չկա: Սա, իհարկե, չի նշանակում, որ ժողովրդի լեզվով ասած` պետք է արխային ընկնենք ու չանհանգստանանք, թե, միևնույնն է, աշխատում են:

-Վերջերս կառավարության առաջարկով խորհրդարանն ընդունեց օրենսդրական փաթեթ, որով, ի թիվս տարբեր փոփոխությունների, նվազեցվեց դատավոր աշխատելու համար անհրաժեշտ տարիքային շեմը՝ 25+3 տարվա աշխատանքային ստաժ: Անցած քառօրյայում էլ առաջին ընթերցմամբ ընդունվեց մի նախագիծ, որը թույլ է տալիս դատավոր դառնալ նրան, ով ունի միայն մագիստրատուրայի երկու տարվա իրավաբանական կրթություն և 10 տարվա աշխատանքային ստաժ: Այս կարգավորումները իրար չե՞ն հակասում:

- Մեր գործընկերների այդ նախագիծը ընդունվել է պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում որոշ հարցերի կտրվեն պատասխաններ: Այդ նախագիծը դեռ պետք է քննարկենք: Բայց ես հակասություն չեմ տեսնում, որովհետև գործող կարգավորումը բակալավրի և մագիստրատուրայի պահանջ է դնում, և Դատական օրենսգրքով ամրագրվել է 25 տարեկան գումարած 3 տարվա ստաժ: Ես, օրինակ, այդ երկու փուլն ավարտել եմ 23 տարեկանում և մագիստրատուրայի առաջին կուրսից զուգահեռ աշխատել եմ: Հակասություն չկա, որովհետև մենք անցել ենք ավելի երիտասարդներին հնարավորություն տալու գործելաոճին, և նշեմ, որ սա չի նշանակում, թե տարեց և փորձառու մարդիկ չեն կարող դատավոր դառնալ: Ավելին, հավասար պայմաններում փորձը և կրթությունը միասին պետք է ավելի մրցակցային լինեն:

- Իսկ ճգնաժամային այս իրավիճակում հնարավո՞ր է, որ ՍԴ-ի հարցով հանրաքվեն հետաձգվի մինչև հիմնական սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսում եք հաջորդ տարի:

- Օրենքն ասում է, որ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում, ավարտից հետո եռօրյա ժամկետում նախագահը ոչ պակաս քան 50 օր կամ ոչ ավելի, քան 60 օր հետո նշանակում է նոր հանրաքվեի օր, բայց այդ հարցով քննարկում այս պահին չկա: Եթե անգամ լինի էլ, կբացատրենք, թե ինչու: Մեր ռեսուրսը հիմա կենտրոնացած է մեր ժողովրդի առողջությունը պահպանելու վրա, մնացածը, թույլ տվեք ասել՝ երկրորդական է: