Եթե ապրիլին տնտեսության որոշ ճյուղեր աշխատեն, դա կլինի մեր փրկությունը

ապրիլի 4, 2020

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ

-Ամեն տարի հազարավոր մարդիկ մեր երկրից մեկնում են Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Այսօր ճանապարհները փակ են, և նրանք գործազուրկ են դարձել: Կառավարությունը նրանց վերաբերող որևէ ծրագիր չի մշակել. ինչպե՞ս կարելի է այդ մարդկանց զբաղվածությունն ապահովել:

-Նախ պետք է հստակ հաշվառել, թե արտագնա աշխատանքի մեկնող քանի քաղաքացի ունենք, ինչ մասնագիտություն ունեն նրանք, և փորձենք օգտագործել այդ ներուժը: Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերից են շատ մեկնում և, հիմնականում շինարարական աշխատանքի փորձ ունեն: Հիմա կառավարությունը եղած ռեսուրսները տեղաբաշխում է այնպես, որ փոքր ու միջին ձեռնարկությունները գոյատևեն, նրանց աշխատավարձեր ու հարկեր վճարելու հնարավորություն է տալիս, որ չքայքայվեն: Այսօր պետք է ավելի շատ ակտիվացնել գյուղատնտեսական աշխատանքները և դրանցում ընդգրկել նրանց, ովքեր սովորաբար արտագնա աշխատանքի են մեկնում: Վերջին արտահերթ նիստի օրակարգում Վերակառուցման և զարգացման բանկի հետ վարկային համաձայնագիր կար, բայց հանեցին: Դա ճանապարհաշինության վարկավորման ծրագիր էր, որտեղ կարող էին ներգրավվել մեր որակյալ մասնագետները: Անհրաժեշտ է ՎԶԵԲ-ի և Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրերով աշխուժացնել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը և նախատեսված 500 կիլոմետրից ավելի ասֆալտապատման աշխատանքներն անել: Չպետք է տեմպը թուլացնել, որ տնտեսությունը գործի:

-Հայտնի՞ է, թե արտագնա աշխատանքի մեկնողները որքան գումար էին բերում Հայաստան, և եթե այս տարի դա չլինի, ինչ բացասական ազդեցություն կկրի մեր տնտեսությունը:

-Տարիներ շարունակ մեր հայրենակիցների արտագնա աշխատանքի արդյունքում մեր տրանսվերտային պորտֆելը գնահատվել է շուրջ 2 մլրդ դոլար: Հիմա այդ սպասելիքները խիստ նվազելու են, որովհետև ՌԴ-ն փակել է սահմանը, իսկ թե երբ կբացի, որևէ մեկը չի կարող ասել: Հետևաբար, նրանց մեր հնարավորություններով պետք է ներգրավենք աշխատանքիատկապես որ անցած տարի շինարարական կազմակերպությունները աշխատուժի խնդիր ունեին և չէին հասցնում կատարել աշխատաները: Ես վարչապետին Ազգային ժողովում ասել եմ, որ մենք մեր հողերի ընդամենը հիսուն տոկոսն ենք մշակում, և սա հնարավորություն է, որ ամբողջությամբ մշակենք: Նորից հաշվառման խնդիր կա` պետք է բոլոր համայնքները ներկայացնեն, թե որքան անմշակ հող ունենք, որքան արոտավայրեր ու անասնագլխաքանակ ունենք, կառավարությունը պետք է խորհրդակցություն հրավիրի, նաև ԱԺ-ն քննարկի, թե որ ուղղություններով ինչ ռեսուրս պետք է ներդնել, որպեսզի շատ արագ կարողանանք լուծել պարենային անվտանգության խնդիրը:

-Իսկ տրանսֆերտների նվազումը ի՞նչպես կազդի դրամի վրա, որն արդեն սկսել է արժեզրկվել:

-Փոխարժեքն այս պահին էական նշանակություն չունի, դա մեր կառավարությանը հիմնականում պետք է լինելու վարկային պայմանագրերը սպասարկելու համար: Այս իրավիճակում բոլոր վարկատու կազմակերպությունները հետաձգում են վճարումները, որովհետև ֆորս-մաժորային իրավիճակ է, և բոլորը հասկանում են, որ չնչին բացառությամբ որևէ երկիր այս պահին ի վիճակի չի լինելու ժամանակին սպասարկել պարտքը: Վերակառուցվելու են այդ պարտքերը: Այսինքն, դոլարի անհրաժեշտությունն այդ առումով նվազելու է: Փոխարժեքի տատանումներ լինելու են, բայց այսօր դրանք քաղաքացիների վրա էական ազդեցություն չեն ունենա, եթե մենք միայն հանրապետության ներսում ենք առևտուր անում: Ինչպես տեսնում եք, առաջին սպառման ապրանքների գները առանձնապես մեծ փոփոխության չեն ենթարկվել, հսկողության տակ են, կառավարությունը փորձում է պահել, որ մեծ գնաճ չլինի:

-«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է գազը 11 տոկոսով թանկացնելու հայտ ներկայացնել: Այս ճգնաժամային իրավիճակում դա ի՞նչ բացասական հետևանքներ կունենա:

-Ընկերությունը ներկայացրել է, բայց չեմ կարծում, որ ՌԴ իշխանությունը նման քայլի կգնա: «Գազպրոմ Արմենիան» փորձում է իր ակտիվներն ամրացնել, բայց այդ խնդիրը լուծելու համար թանկացնելը ճիշտ ճանապարհը չէ: Հասկանում եմ, որ կառավարության վրա անուղղակի ճնշում է գործադրվում, որպեսզի բանակցի ՌԴ-ի հետ գազի գինը սահմանին իջեցնելու համար: Գազը պետք է էժանացնել սահմանին:

-ՌԴ-ն կգնա՞ այդ քայլին: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարեց, թե Հայաստանում փոխկապակցման այդ մեխանիզմը չի կիրառվում այն պարզ պատճառով, որ հանրապետությունը նավթ եւ գազ է գնում հիմնականում Ռուսաստանից` նախապես պայմանավորված գներով:

-Կարծում եմ՝ նա այդքան էլ հստակ չի պատկերացնում խնդիրը, դրանք խիստ կապակցված են: ՌԴ-ն կգնա այդ քայլին: Մեր ռազմավարական հարաբերությունները թույլ են տալիս, որ ներկա փուլում, երբ ողջ աշխարհում էներգակիրների գները նվազել են, գազի գներն էլ իջնեն:

-ՌԴ-ից գնվող գազի թանկ լինելու մասին այս շաբաթ խոսել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Արդյո՞ք նրանք այդ հարցը ավելի կտրուկ կդնեն:

-Քանի որ երկու երկրներն էլ նույն տնտեսական տարածքում են, փորձում են այդ ուղղությամբ բանակցել: Հայաստանը, պարզ է, կցանկանա, որ գործընկեր երկրները նույնպես իրենց դիրքորոշումն արտահայտեն: Համախոհների խնդիր կա և, այո, այդ հարցում Բելոռուսը համախոհ է: Ճիշտ բանակցելու դեպքում դրական արդյունք կգրանցենք:

-Հնարավո՞ր է՝ եկող տարի տնտեսությունը շատ ծանր վիճակում լինի:

-Մենք չենք կարող գուշակել, թե այս համաճարակը որքան կտևի: Որքան երկարի համաճարակը, այնքան կձգվի վերականգնման ժամանակահատվածը: Համաշխարհային տնտեսությունը ազատ անկման փուլում է: Պետք է հենց այսօրվանից բանակցել արտաքին պարտք ներգրավելու համար, որպեսզի երբ համաճարակը նահանջի, կարողանանք շուտ վերականգնել մեր տնտեսությունը: Եթե կարողանանք այնպես անել, որ ապրիլին տնտեսության որոշ ճյուղեր սկսեն աշխատել, դա մեր փրկությունը կլինի: