Այս կառավարությունը փոխեց պարգևատրումների նախկին մութ սխեման․ Լ․Նազարյան

ապրիլի 11, 2020

Հարցազրույց ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի հետ։

-Տիկին Նազարյան, կառավարությունում, Ազգային ժողովում պարգևավճարների թեման դարձյալ թեժ քննարկվում է, և թիրախում նորից իշխանությունն է: Ինչո՞ւ իշխանությունը չի փոխում վճարման համակարգը, ասենք, սահմանի աշխատավարձ կամ պարգևատրի լավագույնին։ Դժգոհության ալիքը, գուցե, մեղմվի:

-Մինչ ձեր հարցին անդրադառնալը ուզում եմ հստակ շեշտել, որ աշխատավարձերի հավելում ստանում են պետական հիմնարկներում աշխատող բոլոր աշխատակիցները։ Ընդ որում, արդեն երկու տարի է այդ գումարի չափն իրավական առումով հիմնավորված է և ամբողջությամբ թափանցիկ. այն կազմում է յուրաքանչյուր կառույցի աշխատավարձի ֆոնդի 30%-ը ու ամբողջությամբ արտացոլված է 2019 ու 2020 թվականների բյուջեներում։ Այս կառավարության օրոք փակվեցին գրեթե բոլոր արտաբյուջետային ֆոնդերը, և փոխվեց դրանցից պարգևավճարների տրամադրման մութ սխեման, երբ ոչ ոք տեղյակ չէր լինում՝ ով և որքան։ Այժմ գործում է բաց և թափանցիկ մեխանիզմ։

Սակայն պարգևավճարների թեման շահարկողները խոսում են միայն բարձրաստիճան պաշտոնյաների ստացած գումարների մասին։ Հենց այս կետին էր վերաբերում բուռն քննարկման առիթ դարձած իմ գրառումը։ Քննադատները չեն նկատում, որ պարգևավճարները տրամադրվում են պետական համակարգի բոլոր աշխատողներին՝ նրանք առանձնացնում են միայն նախարարներին, փոխնախարարներին և պատգամավորներին՝ հատուկ թիրախավորման նպատակով։

Ես ցանկանում եմ կրկնել, որ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները, որքան էլ նվիրյալ լինեն, նրանք պետք է արդարացի վարձատրություն ստանան։ Այնպես, ինչպես նվիրյալ բժիշկը, բուժքույրը և ուսուցիչը, կամ հանրային ու մասնավոր ծառայության ոլորտի ցանկացած նվիրյալ աշխատակից պետք է արժանապատիվ և արդարացի աշխատավարձ ունենա։

Ինչո՞ւ եմ ես, սակայն, կարևորում անարդար կերպով թիրախում հայտնված նախարարների և քաղաքականություն մշակողների վարձատրության հարցը, քանի որ սա պարզապես անձերի, առանձին կուսակցության կամ կառավարող ուժի ցանկության հարց չէ, ինչպես փորձ են անում ներկայացնել մեր քաղաքական հակառակորդները։ Դա մեծ շփոթություն է. պետական բարձրաստիճան պաշտոնյայի վարձատրության հարցը ողջ հանրությանն է վերաբերում։

Նախկինում այս հարցը լուծվում էր կա՛մ պաշտոնյաներին բիզնեսի ու կոռուպցիայի լծակներ տրամադրելով, կա՛մ կառավարող կուսակցության կողմից անորոշ ծագման գումարներից ծրարներով հավելավճարներ տալով։ Պատկերացրեք այդ պաշտոնյայի կախյալության աստիճանը վերադասի կամայականությունից, ինչպես նաև պետական ապարատում արատավոր կոռուպցիոն համակարգից։ Այնինչ պաշտոնյայի գործունեության պայմանները չպետք էլ նրանց կախյալ պահեն, կամ էլ մղեն իրենց և ուրիշների մասնավոր շահերը հետապնդել։ Պետական պաշտոնյան պետք է մեծապես կախված լինի հանրային միջոցներից, պետք է հանրությունը, այսինքն՝ պետությունը, նրան արժանապատիվ վճարի և համարժեքորեն պահանջատեր լինի հանրային ու պետական շահին ծառայելու համար։

Քաղաքականություն մշակող պետական պաշտոնյաները ունեն կարևոր մանդատ՝ բոլորիս կյանքին, այդ թվում՝ բժիշկների, բուժքույրերի, ուսուցիչների, ծառայողների աշխատավարձերին առնչվող որոշումներ կայացնելու մանդատ։ Այսօր առաջին քայլով քաղաքականություն մշակողներին ապահովելով մաքուր աշխատելու, հանրային շահին ծառայելու պայմաններ, մենք ապահովում ենք մյուս բոլոր հանրային խմբերի աշխատավարձերի և եկամուտների շարունակաբար ավելացման հեռանկար։ Այսօր դրանք չունեն նույն համաչափությունը, սակայն դա ժամանակավոր է և ստանալու է իր լուծումը։ Մենք հենց այդ նպատակով ենք աշխատում և հանրությունը տեսնում է աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման արձանագրված միտումը։

Պաշտոնյաների պարգևավճարները մնացյալ խմբերին տրամադրելու առաջարկները կա՛մ անտեղյակության, կա՛մ էլ կեղծ բարեպաշտության հետևանք են։ Օրերս վարչապետը հաշվարկ ներկայացրեց, որ եթե բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների համար նախատեսված գումարը բաժանվեր թոշակառուներին, ապա ամեն ամիս մեր յուրաքանչյուր թոշակառու կստանար 165 դրամով ավելի թոշակ։ Իսկ թոշակներն իրոք այս տարվա հունվարից ավելացել են, ճիշտ է՝ մեզ համար դեռ ոչ ցանկալի չափերով։ Այս տարեսկզբից բարձրացել է նաև նվազագույն աշխատավարձը: Վերջին երկու տարում հարյուր հազարավոր մարդկանց աշխատավարձեր բարձրացել են, այդ թվում՝ զինվորականների, ուսուցիչների և բուժաշխատողների, բազում սոցիալական ծրագրեր են գործարկվել։ Այս և բոլոր այլ ընթացիկ բարեփոխումները հնարավոր են դարձել այդ նույն նախարարների և քաղաքականություն մշակողների աշխատանքի, նրանց թիմերում աշխատողների արդյունավետության արդյունքում։ Հետևաբար` պարգևավճարները անիմաստ չեն. դրանք ունեն հանրային խնդիրները համակարգային կերպով լուծելու կարևոր իմաստ։

Առհասարակ Հայաստանում ցանկացած աշխատանք պետք է ենթադրի արժանապատիվ և արդարացի վարձատրություն, այդ թվում՝ պետական աշխատանքը, այդ թվում՝ մեր երկրի այսօրն ու ապագան որոշող բարձրաստիճան պաշտոնյայի աշխատանքը։

Եվ համաձայն եմ, որ առավել արմատական լուծման արժե գնալ։ Համավարակի ճգնաժամը համատեղ ուժերով հաղթահարելուց հետո հարկավոր է ոչ թե պարգևավճարներով, այլ աշխատավարձի որոշակի բարձրացումով հասնել պետական պաշտոնյաների և ծառայողների աշխատանքային պայմանների կայուն բարելավմանը, որը ապահովելու է լավ կադրերի ներգրավվածություն պետական ոլորտում, արդյունավետ, մոտիվացված աշխատանք և պարտադիր բերելու է մյուս քաղաքացիների բարեկեցության աճին։

դեպ, հանրության շրջանում կա նաև հարցադրում՝ ի՞նչի համար են պարգևատրվում, ո՞ր արդյունքի։

-Մի՞թե մարդիկ սիրելով երկրի բանակը, ցանկանալով այնտեղ բարեփոխումներ, չեն համարում, որ ՀՀ պաշտպանության նախարարը արժանապատիվ աշխատավարձ պետք է ստանա։ Կամ կարծես նորոգված ճանապարհները հանրությանն է ու քաղաքացունը, սակայն դրանք նորոգող նախարարն ի՞նչ է արել որ։ Կամ այսօրվա համավարակի ճգնաժամի պայմաններում արտակարգ ռեժիմով աշխատող առողջապահության նախարարի արդարացի վարձատրությունը մեր հոգսը չէ՞։ Այս դրության մեջ կրթության ոլորտը կենսունակ պահելը, արտերկրից մեր քաղաքացիներին երկիր վերադարձնելը կամ կառավարության կողմից հրատապ ռեժիմով արդեն 10 աջակցության ծրագրեր մշակելն ու ընդունելը, որ կորոնավիրուսի սոցիալական ու տնտեսական հետևանքները մեղմելու համար են, միթե՞ աշխատանք չէ սա։ Հատկապես համավարակի այս օրերին հանրությանն ավելի ակնհայտ է, կարծում եմ, կառավարության, նախարարների և նրանց անձնակազմերի աշխատանքի բնույթը և արդյունքները։

Ինչ վերաբերում է պատգամավորներին, մենք, ստանալով ընտրողի թանկ քվեն, պայմանավորվել ենք, որ իրականացնելու ենք մեր քաղաքական հանձնառությունը խորհրդարանական բանավեճերի, ելույթների, քննարկումների, հարցուպատասխանի, կառավարությանը վերահսկելու, խորհրդարանական դիվանագիտության և այլ գործունեության ձևերով։ Այս ամենը կոճակ սեղմել գնահատողներին հիշեցնում եմ, որ մենք կոճակը սեղմելով իրականում քաղաքական որոշումներ ենք կայացնում մեր երկրի ու քաղաքացիների կյանքի համար։ Գործընկերներիցս մեկը մի անգամ ասաց. «Ամեն քվեարկելուց՝ շունչս պահում եմ»։ Կոճակի սեղմումը մեր արած գործի արդյունքի հաստատումն է ընդամենը, իսկ դրան նախորդում են նախագծերի մշակումը, քննարկումներ, բանավեճեր ու բանակցություններ։ Հայաստանում ակտիվ ու նախաձեռնող խորհրդարանի դարաշրջանը հենց այս գումարման ԱԺ-ից է սկսվում։

Ես հավատում եմ, որ մեր քաղաքացիները ուշադիր կգտնվեն ու կնկատեն, որ պարգևատրումների թեման սեզոնից սեզոն շահարկողները կեղծ բարոյապաշտություն խաղալով միայն մեկ խնդիր են լուծում՝ կառավարող քաղաքական թիմի բարոյական կերպարն են փորձում նսեմացնել, հանրային վստահությունն են փորձում խաթարել։

-Չեք կարծո՞ւմ, որ պատգամավորին պարգևատրել հասկացությունը աբսուրդային է․ պատգամավորի, այսպես ասած, գործատուն, ըստ էության, ժողովուրդն է։

-Պետական բոլոր աշխատողների գործատուն է ժողովուրդը։ Ես արդեն ասացի, թե որքան կարևոր եմ համարում, որ քաղաքական որոշումներ կայացնողների կեցության պայմանի թելադրողը հենց ժողովուրդը կամ հանրությունը լինի, ոչ թե ինչ-որ մի կուսակցության ղեկավար կամ բիզնեսմեն, որպեսզի այդ որոշումների հիմքում ընկած լինի հանրության շահին ծառայելը։

Հիշեցնեմ, որ Ազգային ժողովում միայն պատգամավորներ չեն, որ աշխատում են։ Օրինակ, պատգամավորների օգնականների պաշտոններում բարձր որակավորմամբ փորձառու մասնագետներ ներգրավելու համար նույնիսկ արդարացի աշխատավարձի կարիք ունենք։ Ես ինքս իմ թիմը համալրելու հարցում այս խնդրին բախվել եմ։ Այնպես որ, իմ արտահայտած մտահոգությունները հիմքեր ունեն։

-Սոցիալական ցանցում գրել էիք, մարդիկ կարծում են՝ պաշտոնյաները պետք է լինեն նվիրյալներ ու այդպես կփակվեն իրենց վարկերը, երեխաների, ընտանիքի հոգսերը հնարավոր կլինի հոգալ։ Մինչդեռ հանրությունը Ձեզ ընդունել ու ընտրել է որպես նվիրյալներ, և հեղափոխությունը կարծես հենց դրա համար էր։

-Այո, հանրությունը ընտրել է մեզ որպես նվիրյալների, որպեսզի մենք ձգտենք ու հասնենք անհրաժեշտ փոփոխություններին։ Նվիրումն անհրաժե՛շտ է, բայց նաև անհրաժեշտ է, որ այդ նվիրումը արդարացիորեն և արժանապատվորեն գնահատվի հենց հանրային-պետական միջոցներով, որպեսզի պետական համակարգն արդյունավետ գործառնի ու բերի ընդհանուր բարեկեցություն։ Հաճախ շատ նվիրյալ մասնագետներ կամ գործիչներ այլ՝ մասնավոր կամ հանրային ոլորտներում են մեր երկրին ծառայում՝ միաժամանակ և՛ նվիրական գործ անելով, և՛ սեփական ընտանիքի բարեկեցությունը ապահովելով։ Ինչո՞ւ պետական աշխատողը, անելով նույնչափ կարևոր աշխատանք, չկարողանա ապահովել իր ընտանիքի կարիքները։ Պետական ծառայությունը, ես վստահ եմ, նույնքան գրավիչ պետք է լինի նաև այս նոր՝ մաքուր աշխատելու պայմաններում, որպեսզի լավագույն կադրերի կայուն ներգրավվածություն լինի։

Իմ մեկնաբանությունը անազնիվ կերպով նենգափոխողները իմ ասածն իրականում շատ լավ են հասկանում։ Նրանցից ոմանք, նախորդ իշխանական թիմից լինելով, շեշտում են իրենց համեստ աշխատավարձը, կարծես այդ աշխատավարձով են ձեռք բերել իրենց անհաշիվ ունեցվածքը։ Մեր հանրությունը շատ լավ տեսնում է, որ այդպիսի անազնիվ խաղն է իրականում անբարո քաղաքականությունը։ Ո՞րն է ազնիվ ու արդար՝ աշխատավարձով ապրող քաղաքական կամ պետական գործի՞չը, թե՞ աշխատավարձի վրա հույս չդնող, սակայն պետական բոլոր լծակներն իրեն կամ իր կլանին ծառայեցնող գործիչը։ Մենք ե՞րբ ենք նախկինում կարիք ունեցել խոսել բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձից։ Այդ հարցը հանրային օրակարգ չի բերվել, որովհետև այլ լուծումներ են գտել։

-Նույն տրամաբանությամբ, ստացվում է նվիրյալներ են Նիկոլ Փաշինյանը և Հայկ Մարությանը, քանի որ բավարարվում են միայն իրենց աշխատավարձով և պարգևավճար չեն ստանում։

-Նիկոլ Փաշինյանը և Հայկ Մարությանը՝ իրենք իրենց պարգևատրում չեն նշանակել, սակայն իրենց ենթակայության տակ գտնվող աշխատակիցների համար ի պաշտոնե սահմանել են պարգևավճարների ստացման հնարավորություն, ինչը խոսում է նրա մասին, որ արդարացիորեն են գնահատում հարցի բոլոր կողմերը։ Այս դրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ, իրո՛ք, անհիմն է, իսկ որոշ կուսակցական ուժերի կողմից էլ պարզապես անազնիվ է պարգևավճարների շուրջ շինծու աղմուկ հրահրելը։

Օրենքով սահմանված աշխատավարձերը, պարգևավճարները այլ սոցիալական ու քաղաքական ինստիտուցիոնալ երաշխիքները նրա համար են, որ քաղաքական գործիչները, որոշում կայացնողները, պետական ոլորտի մասնագետները, անկախ նվիրումի մասին իրենց սուբյեկտիվ պատկերացումներից, գործեն համարժեք։ Դա է, այսպես ասենք, քաղաքացիական պայմանագրի ողջ էությունը, որը հենվում է օրինական մեխանիզմների, ոչ թե առանձին անհատների բարոյական չափանիշների վրա։ Եթե միայն բարոյական կանոնները բավարար լինեին հաստատությունների արդյունավետ աշխատանքի համար, ապա օրենքների կարիքն առհասարակ չէր լինի։