Քննիչ հանձնաժողովի կուլմինացիան՝ ապրիլի 16-ին

2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ապրիլի 16-ին սպասվում է իրադարձություն, որը կարող է առանցքային լինել հանձնաժողովի եզրակացության համար։ Երկար բանակցություններից հետո Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել է մասնակցել նիստին, պատասխանել հանձնաժողովականների հարցերին։
Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը և Քոչարյանի կասկածները
Մինչ Սերժ Սարգսյանը կպատասխաներ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հրավերին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ ծավալուն հոդվածով, որտեղ խոսեց իշխանություններին քննադատողների, նրանց հետապնդած շահերի, քննադատությունների բնույթի մասին և առաջարկեց մի քանի անհրաժեշտ քայլեր կատարել։
Դրանցից մեկը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելն էր, քանի որ այն, ըստ Տեր-Պետրոսյանի, «ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում»։ Անդրանիկ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը համարեց գործարք՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հետ։ «Ինքը գործարք է առաջարկում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ իրենց կայքերը կարգի հրավիրելու՝ դրա դիմաց իշխանություններին առաջարկելով սառեցնել ապրիլյան հանձնաժողովի աշխատանքը», -լրատվամիջոցներին ասել էր Քոչարյանը։
Նա նաև ասել էր, որ հանձնաժողովը ստեղծվել է «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջով։ «Լավ: Սառեցրեցինք: Հետո: Ի՞նչ է սպասվում սառեցնելուց հետո՝ նորից կասկածամտության մթնոլորտ էս հարցի շուրջ, Մարտի 1, Հոկտեմբերի 27, ապրիլ, կորոնավիրուս: Մենք պետք է լուծումներ տալով՝ գնանք առաջ, ոչ թե սառեցնելով: Սառեցնելը պարզապես կօգներ գրգռված մարդկանց, որպեսզի իրենք բավարարված լինեն սառեցման պրոցեսով», -ասել էր Քոչարյանը:
Որոշում՝ երկար նամակագրությունից հետո
Եթե ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, 2016-ին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը կտրուկ մերժել էր ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի հրավերը, ապա Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել ներկայանալ, սակայն առաջադրել էր որոշ պայմաններ։ Առաջին գրությամբ ապրիլի 7-ին Սերժ Սարգսյանը ԱԺ քննիչ հանձնաժողովին տեղեկացրել է, որ նպատակահարմար է համարում քննիչ հանձնաժողով այցելել արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվի իրեն, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, իսկ հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն: ԱԺ քննիչ հանձնաժողովը պատասխան գրություն էր ուղարկել՝ նշելով, որ տեսաձայնագրություն տրամադրելու խնդրանքը կարող է բավարարվել միայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ։ Սերժ Սարգսյանի գրասենյակին այս պատասխանը անորոշ էր թվացել ու նշել էին, թե իրենց համար հասկանալի չէ՝բավարարվե՞լ է արդյոք ՀՀ երրորդ նախագահի առաջադրած պայմանը` հանձնաժողովի լսումներին ներկայանալու միայն իր մասնակցությամբ նիստի ձայնագրությունը ստանալու դեպքում:
«Եթե նիստի ընթացքում հանձնաժողովը պատրաստվում է ՀՀ երրորդ նախագահին հայտնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող` նախագահին անհայտ տեղեկություններ, ապա ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով՝ Սերժ Սարգսյանը դեմ է դրան և առաջարկում է նման տեղեկություններ չհայտնել:
Ակնկալում ենք հանձնաժողովի հստակ դիրքորոշումը` տրամադրվելո՞ւ է արդյոք ՀՀ երրորդ նախագահին նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը», -ասված էր ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահին ուղարկված Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանում:
Քննիչ հանձնաժողովից Սարգսյանի այս գրությանը պատասխանել են կարճ․«Ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին կայանալիք նիստին Ձեր մասնակցության հատվածի տեսագրությունը կտրամադրվի Ձեզ, ինչը ենթադրում էր նաև մեր նախորդ գրության բովանդակությունը»։ Այս գրությունից հետո Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարեց, որ 3-րդ նախագահը կմասնակցի նիստին։ «Նկատի առնելով, որ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի կողմից առաջադրված միակ պայմանը` նախագահ Սարգսյանը վերահաստատում է ապրիլի 7-ին հանձնաժողովին ուղղված` գրասենյակի պատասխանում ներկայացված իր որոշումը», -ասված էր Սարգսյանի գրասենյակի պատասխանում:
Շուրջ մեկ տարի խորհրդարանում գործող Քննիչ հանձնաժողովի գործունեության ավարտի ժամկետը հունիսի 4-ն է։ Սարգսյանից հետո Հանձնաժողովում այլ «հարցաքննություններ» էլ են սպասվում, որոնց շրջանակը չի հրապարակվում։ Այդուհանդերձ, Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում նկատել էր, որ Հանձնաժողովը արդեն կարողացել է ստանալ 2016-ի իրադարձությունների ընդհանուր պատկերը։
Ի դեպ, վերջերս Հանձնաժողովի գործունեությանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ես կարծում եմ՝ երբ Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան։ Բայց ուզում եմ ասել նաև, որ հանձնաժողովը էս ընթացքում մոտ 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել և ծավալուն աշխատանք է կատարել։ Գործունեության ժամկետը երկարացվել է մինչև հունիս ամիսը։ Հույս ունեմ, որ մինչև այդ հանձնաժողովը կկարողանա եզրակացություն անել»: