5 ժամ ԱԺ-ում․ ի՞նչ է խոսել Սերժ Սարգսյանը

ապրիլի 16, 2020

Հայաստանում արտակարգ դրության ավարտից հետո ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով ու կպատասխանի լրագրողների՝ 2016թ. Ապրիլյան քառօրյային վերաբերող բոլոր հարցերին: Այս մասին տեղեկացրեց Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին, Ազգային ժողովում: Նա գնացել էր խորհրդարան՝ 2016-ի ապրիլյան քառօրյայի հանգամաքններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու և հարցերին պատասխանելու:

«Իրոք, եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հետաքրքրող հարցերին։ Ելնելով սրանից ես դիմել եմ հանձնաժողովին իմ մասնակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո։ Հարցն այնքան կարևոր է, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացել ոչ ձեզ և ոչ էլ մեր հանրությանը, ուստի, ձեզ խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո ես կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին և միայն ապրիլյան իրադարձությունների մասին կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին», -մինչև նիստը՝ լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը: Նիստը տևեց 5 ժամ: 

5 ժամ անց նախագահը լրագրողներին հայտնեց, որ նիստն անցել է հանգիստ, առանց լարվածության. «շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում»։ Ավելին, Սերժ Սարգսյանն ասաց՝ ուրախ է, որ կարողացել է լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին, նույնիսկ շնորհակալություն է հայտնել քննիչ հանձնաժողովի նախագահին՝ նման հանդիպում կազմակերպելու համար։ Իր մասնակցությունը նիստին Սերժ Սարգսյանը արդյունավետ գնահատեց.

«Ես համոզվեցի, որ իմ մասնակցությունը նիստին ամբողջովին արդարացվեց։ Ես չեմ կարող այսպես ոտքի վրա խոսել այդ կարևոր իրադարձությունների մասին։ Ես հետապնդում եմ մեկ նպատակ՝ հասցնել հանրությանը իրական տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ժամանակ մեր հանրությունը, մեր ռազմական ուժերը հաղթել են, հաղթել են մարտի դաշտում, հաղթել են դիվանագիտական դաշտում»։

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գոհ էր փակ դռների հետևում անցկացված երկար հանդիպումից: Դրանից հետո նա նույնիսկ ակնարկներ ուղղեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը վերջերս հանդես էր եկել հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու հորդորով։ «Այդ մարդիկ վաղվանից պետք է գիտակցեն, որ հանձնաժողովը, այնուամենայնիվ, իր կատարած աշխատանքների ընթացքում պայմաններ է ստեղծում, որ ապահովի ցանկալի տեղեկատվությունը», -նշեց Քոչարյանը։

Նիստին հանձնաժողովականները չեն ստացել իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները, սակայն ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը մատնանշել է պաշտոնյաների, որոնք կարող են հանձնաժողովին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։

«Հիմնականում պարոն Սարգսյանը հիշում էր շատ բաներ, մեր հարցերի մեջ ինքը նաև ավելացրեց, որ հիշում է այս թվերի շրջանակում, քան այն, որ փոխանցվել է մեր պաշտպանական գերատեսչության կողմից մեզ՝ քննիչ հանձնաժողովին», ներկայացրեց Քոչարյանը։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ կորցրած 800 հեկտարի մասին, որը վերջերս հեռարձակված մի ֆիլմում դարձել էր 400 հեկտար. «Պարոն Սարգսյանը ֆիսքեց, որ դա ընդամենը ֆիլմ էր: Դա նշանակում է, որ ֆիլմ էր, իսկ ֆիլմը, որպեսզի դառնա վավերագրական, պետք է առնվազն ֆիլմը նկարահանողը տիրապետի այն տեղեկատվությանը, ինչ որ գտնվում է այն սենյակի (նկատի ունի հանձնաժողովի սենյակը, որտեղ տեղի էր ունեցել հանդիպումը-խմբ.) պատերի հետևում»:

Մյուս հարցին, թե ի վերջո հանձնաժողավականները ճշտե՞լ են տարածքային որքան կորուստ է ունեցել հակառակորդը, Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց. «Մենք շատ ավելի լուրջ հարց ենք տվել, կարողացել ենք ճշտել՝ պարոն Սարգսյանը ի՞նչ է կարծում, հակառակորդը իր առջև դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե ոչ, և դրա մեջ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե ոչ, մենք ինչքանո՞վ ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալները ամբողջությամբ համապատասխանո՞ւմ են այն տեղեկատվությանը, որը դրված է շրջանառության մեջ»։

Լրագրողը հետաքրրքվեց՝ Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է, որ բացթողումներ ունեցել է, Քոչարյանը ասաց. «Իհարկե»։

Խոսելով հայկական հետախուզության մասին, Քոչարյանն ասաց, որ գաղտնիքներ չի կարող հրապաարկել, բայց ընդգծեց. «Թերացումներ, իհարկե, եղել են»։ Դիտարկմանը, թե Դավիթ Տոնոյանը հայտարարում է, որ հայկական հետախուզությունը 2016-ին թերացումներ չի ունեցել, Քոչարյանը արձագանքեց. «Մեր հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ տիրապետում է այդ տեղեկատվությանը, ենթադրում եմ, ամբողջ ծավալով։ Եթե ծավալի մեջ փոփոխություն կա, մենք կաշխատենք այդ բացթողումները գտնել»։

ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանով հարցաքննությունների շարքը չի ավարտվում, և դեռ կան մարդիկ, որոնց հետ պետք է խոսել: Հարցին՝ արդյո՞ք այս հարցուպատասխանով փարատվեցին մտահոգությունները քառօրյայի ժամանակ վառելիքի պակասի, պատերազմի պայմանավորված լինելու մասին, Արմեն Խաչատրյանն ասաց, որ հարցի պատասխանը կհրապարակվի հանձնաժողովի զեկույցում, եթե դրանում պետական գաղտնիք չլինի:

«Դրանից պարզ կլինի՝ որ կասկածներն են փարատվել, որոնք՝ ոչ: Ցանկացած տվյալ դեռ հաստատված հանգամանք չէ, քանի դեռ մի քանի հոգու կողմից չի հաստատվել: Սա սովորական քննության մեթոդ է, երբ փաստերը ստուգվում են մի քանի աղբյուրից»,- ասաց նա:

ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրվող անձանց ցանկի մասին Քոչարյանը փակագծեր չբացեց: Ասաց միայն, որ ցանկն այնքան էլ ընդարձակ չէ, և հույս հայտնեց, որ 2016-ին ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Սերժ Սարգսյանի այցելությունից հետո, կվերանայի իր դիրքորոշումը և կգա ԱԺ քննիչ հանձնաժողով, բայց երկրորդ անգամ նրան հրավեր չի ուղարկվի։ Խաչատուրովի՝ հանձնաժողովի հրավերը մերժելու մասին Սերժ Սարգսյանն ասել է, որ սխալ է արել։ «Խաչատուրովը Սերժ Սարգսյանի՝ մեզ մոտ լինելուց հետո ճիշտ կանի, որ գա ու պատասխանի հարցերին: Ի վերջո, այդ ժամանակ նա թիվ մեկ զինվորականն է եղել», -նշեց Քոչարյանը։

ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտական փուլում են, վերջնաժամկետը հունիսի 4-ին է։