Կամ ծառայություններ են առաջարկել, կամ ուզել են համագործակցել

ապրիլի 26, 2020

Հարցազրույց ԱԺ նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամաավոր Ալեն Սիմոնյանի հետ:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե հեղափոխությունից ու գործող իշխանությունից հիասթափված են նաև նրանք, որոնք ակնկալում էին ինչ-որ բաժին ստանալ, ազդեցություն ունենալ, բայց չստացան: Ո՞վքեր են այդ մարդիկ, և արդյո՞ք ձեր թիմի անդամներին էլ է դա վերաբերում:

- Մեր թիմում այդպիսի անդամ չի կարող լինել: Ով էլ նման մտայնություն ունի, ամեն ինչ սխալ է հասկացել, նման մարդուն կարելի է վռնդել:

- Ուրեմն, վարչապետի խոսքը ո՞ւմ էր վերաբերում:

- Այդ մասին բոլորը գիտեն, Ձեզ անուննե՞րն են հետաքրքիր: Անունները գտեք այն մարդկանց մեջ, որոնք չեն հասկացել, թե ինչ է հեղափոխությունը, և նրանց թվում է, թե նորից կարող են ինքնահաստատվել ու փող աշխատել: Որոնք ասում են՝ էս մի գող-ավազակներին լարեցինք, հիմա սրանք իրենց գող-ավազակ ընկերներին պետք է բերեն:

- Բայց մարդիկ, որոնք կազմում էին նախկինների շրջապատը, դժվար թե Նիկոլ Փաշինյանից նման ակնկալիքներ ունենային:

- Ոչ, սխալ եք ենթադրում: Վարչապետն ասում է, որ մտածում էին, թե մեկ ամիս կամ մեկ տարի կանցնի, նոր իշխանությունը կփչանա ու կսկսի փող աշխատել, իրենք էլ այդ իրավիճակից կօգտվեն: Նրանց համար ինչ տարբերություն, մտածում էին նախկինում Սերժին էին փող տալիս, և աշխատում էին, հիմա նույնը Նիկոլի հետ կանեն: Դրան չհասնելով` այդ մարդիկ որոշեցին քաղաքականությամբ զբաղվել: Ում գործ չտվեցինք, սկսեցին քաղաքական հայտարարություններ անել: Նման անձանց մեծ ցուցակ կա: Բայց ես չեմ ուզում անուններ տալ, դա կնշանակի նրանց կյանք, ուժ, միս ու արյուն տալ, նրանց կարևորել, որ հետո դա տանեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ու Միշիկի վրա ծախեն:

- Հեղափոխությունից հետո շատերն են ասում, թե «թավիշը» շատ է, ու իշխանությունը պետք է կոշտ քայլերի դիմի: Նիկոլ Փաշինյանը ևս երբեմն հայտարարում է, թե պետական համակարգում բարեփոխումների նկատմամբ դիմադրություն կա: Հ1-ում վերջին փոփոխություններից հետո էլ հարցնում են՝ խնդիրը պետք էր անձամբ իրե՞ն առնչվեր, որ կտրուկ փոփոխությունների գնար:

- Հնչում են կարծիքներ, թե այդ միջադեպը հատուկ էր արվել: Ոչ, ես այդտեղ հատուկ արված բան չեմ տեսել: Դա անփութություն էր, հանցավոր անփութություն: Իրար չեն հասկացել, ինչը, հատկապես երկրի ղեկավարի պարագայում, անթույլատրելի էր: Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր բարեփոխումներին, դա այլ կերպ, քան օրենքի սահմաններում, չի կարող լինել: Եթե ոչ թավշյա, ապա բիրտ ձևերո՞վ անենք: Կամ եթե թավշյա է, ուրեմն, դա նշանակում է, որ օրենքի ողջ խստությունը չի՞ գործելու: Ոչ, նմ ան բան չի լինելու: Ես իմ գրասենյակին հանձնարարություն եմ տվել, որ վեր հանեն, ու հրապարակվեն այն բոլոր դեպքերը, որոնք այս երկու տարիներին արվել են «ոչ թավշյա» տրամաբանությամբ՝ հարուցված քրեական գործերը, պատժված, գործից ազատված մարդիկ: Այսօր երկու նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանց ու այլ կարկառուն պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, հետախուզումներ կան, գույքի բռնագանձում:

- Բայց արդյո՞ք իշխանության ու իրավապահ մարմինների «թավշյա» գործունեությունը չէր պատճառը, որ ծանր հանցագործությունների, խոշոր չարաշահումների մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ` Գևորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանը, Գագիկ Բեգլարյանը, Սուրիկ Խաչատրյանը, Արամ Հարությունյանը, Միքայել Մինասյանն ու այլոք այսօր Հայաստանում չեն և խուսափում են արդարադատությունից:

- Մենք հասկացանք, որ ոչ թե թավիշն է խնդիրը, այլև դատական համակարգը: Երբ դատական համակարգին գումարում ես իշխանության՝ իրավապահների գործողություններին չխառնվելու տրամադրվածությունը, արդյունքում, գուցե, չի փարատվում հույսերն այն մարդկանց, որոնք կցանկանային, որ իրենց վնաս տված անձինք այրվեին հրապարակում: Բայց մենք երկիր ենք կառուցում, և ոչ թե եկել ենք նախկիններից մուռ հանելու, ու հետո էլ նրանք գան, մեզանից մուռ հանեն: Մենք ինստիտուտներ ենք կառուցում, համակարգ, որտեղ մարդը դատարանի որոշմամբ կարող է դուրս գալ բանտից:

- Վերը նշված մարդկանց մի մասի նկատմամբ կալանքի որոշում կա, բայց նրանք հրաժարվում են վերադառնալ:

- Նրանցից որևէ մեկը պատասխանատվությունից չի խուսափի, բայց եթե նրանք ընտրել են ամբողջ կյանքը հետախուզման մեջ ապրելու տարբերակը, դա արդեն մի մեծ պատիժ է:

- Նրանցից շատերը մեղադրվում են խոշոր չարաշահումների մեջ, ունեն մեծ փողեր և Ռուսաստանում կամ եվրոպական երկրներում վայելում են իրենց հարստությունը:

- Նրանք դռան ամեն մի շրխկոցից պիտի մտածեն, որ եկել են իրենց հետևից, ոստիկան տեսնելիս` վախենալու են էլի նույն պատճառով: Ընդհատակում եղած կամ օրինականության հետ խնդիր ունեցող մարդիկ դա շատ լավ գիտեն: Իսկ իրենց այդ «վայելքը» ժամանակավոր է, և երկրները, որոնք թաքցնում են նրանց, մի օր կարող է արտահանձնեն: Հիշում եք. երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր, Իտալիայում ոստիկանները Մարտի 1-ի գործով նրան անհանգստացրեցին: Այդ մարդիկ գալու են և պատասխանատվությունը կրելու են: Հիմա նրանք ամեն ինչ անում են, որ մեզ հետ ինչ-որ գործարքի մեջ մտնեն, ու փոխարենը հետախուզումը դադարեցվի:

- Գործարքի ի՞նչ առաջարկներ և ումի՞ց են եղել:

- Ասում են՝ ձեզ հետ պայմանավորվել լինո՞ւմ է: Ասել ենք` ոչ: Եվ հիմա փորձում են ամեն հնարավոր ձևերով մեզ հարվածել: Մի գաղտնիք բացեմ` հեղափոխությունից հետո գրեթե բոլոր նախկին պաշտոնյաները կամ առնվազն 70 տոկոսը այս կամ այն կերպ ակնարկել ու առաջարկել են իրենց ծառայությունները կամ ցանկացել են մեզ հետ համագործակցել: Ես դրան ականատես եմ եղել, ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որոնք այսօր մեր ամենախիստ քննադատներն են: Էլ չեմ խոսում երրորդ-չորրորդ օգնականների մասին, որոնք բուռն քաղաքական հայտարարություններ են անում: Այս շենքում է մարդ եղել, որը տարբեր անձանց միջոցով ինձ միջնորդում էր, որ օգնեմ իրեն` մնա աշխատավայրում: Հիմա նա մեր ամենաթունդ քննադատներից է:

- Ասում եք՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, բայց երրորդ նախագահի դեպքում շատերն էին տարակուսած, թե կարելի՞ էր այդքան փոքր չարաշահման համար նրան մեղադրել, երբ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ձեր այլ գործընկերներ ավելի ծանր մեղադրանքներ են հնչեցնում նրա նկատմամբ:

- Հիմա այդ չնչինը ի հայտ է եկել, ասենք՝ չէ, ու սպասենք, թե մեծերից ո՞րն է բացվելու: Ձեր նշած շատերի տրամաբանությամբ՝ թե մենք ենք որոշում՝ Սերժ Սարգսյանի դեմ ինչ գործ հարուցվի: Այս պահին այդ գործով բավարար ապացույցներ կան, և դրան քաղաքական աստառ տալ ու ասել, թե ավելի ուժեղ գործով մեղադրանք հարուցեք, ճիշտ չէ: