Կարգապահական միջո՞ց, էթիկայի հանձնաժողո՞վ․ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը

ապրիլի 30, 2020

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վերջին օրերին ուշադրության կենտրոնում է: Ապրիլի 28-ին հանրային քննարկման առիթ դարձավ նրա ելույթը ԱԺ ամբիոնից, հաջորդ օրը՝ նրա հետ կապված միջադեպը Երևանի կենտրոնում. իրեն հայհոյելու համար Ալեն Սիմոնյանը հարվածել էր իր նախկին կուսակցին:

Ապրիլի 28-ի ԱԺ արտահերթ նիստում մթնոլորտը թեժ էր: Կառավարությունն առաջարկում էր համավարակով պայմանավորված՝ փոփոխություններ կատարել 2020թ. Բյուջեի մասին օրենքում: Կառավարության դիրքորոշմանը «Լուսավոր Հայաստանը» դեմ չէր, բայց առաջարկություն ուներ՝ «Կենտրոնական բանկում կառավարության պահ տված 300 մլրդ դրամ գումարից» սոցիալապես անապահով ընտանիքներին բաժանել 100 հազարական դրամ: Այս առաջարկությունը մեծամասնությունն ընդունեց սվիններով՝ ընդդիմադիր գործընկերներին իմքայլականները մեղադրեցին պոպուլիզմի մեջ: Այս մեղադրանքն անպատասխան չմնաց ու դարձավ առիթ փոխադարձ վիրավորանքների:  

Էժան պոպուլիզմի մասին գնահատականը առաջինը հնչեցրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, հետո հաջորդեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանի արձագանքը. «Ալեն Սիմոնյանին անգամ սեփական թիմում լուրջ չեն ընդունում, ուր մնաց՝ մենք, և ժողովուրդը լուրջ ընդունեն»։

Սամսոնյանի այս հայտարարությանը հետևեցին կառավարող ուժի պատգամավորների ելույթները՝ ի պաշտպանություն Ալեն Սիմոնյանի: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու հանգամանքը. «Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի լրջության վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունն իր վերաբերմունքը դրսևորել է՝ նրան ԱԺ փոխնախագահ առաջադրելով ու ընտրելով», -հայտարարեց նա:

Իր՝ Ալեն Սիմոնյանի արձագանքն էլ չուշացավ: ԱԺ ամբիոնից նա դիմեց Անի Սամսոնյանին. «Տիկի՛ն Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին մի քիչ խոսել, դա տգեղ է ընկալվում, որովհետև անընդհատ ինձ մոտ տպավորություն է՝ ինձ մոտ մանիակալ բան է: Բայց ես Ձեզ չեմ պատասխանի, պատասխանելու եմ Ձեր փեշի հետևում պախկված Էդմոն Մարուքյանին, ով մեկ Ձեզ է խնդրում, որ Դուք խոսեք, մեկ էլ՝ Գևորգ Գորգիսյանին»: ԱԺ նախագահի տեղակալը հիշեց 2016-ի դեպքերը, երբ «Ելք» խմբակցության պատգամավորներին խնդրել է դուրս գալ փողոց, և ոչ մեկ չի արձագանքել: «Այդ ժամանակ Էդմոն Մարուքյանը էստեղ ընդդիմության տեսիլք ստեղծելու համար առնազն 15 անգամ պարոն Սարգսյան էր ասում», -ասաց Ալեն Սիմոնյանը։ Մարուքյանը նրան արձագանքեց՝ տեղից գոռալով՝«Ա՛յ հոգնած»: «Հոգնածը դու ես, հանգստացի, ա՛յ քաղաքական տրյապկա», - պատասխանեց Ալեն Սիմոնյանը։ «Անբարոյականի վաստակ»-եղավ Մարուքյանի արձագանքը: Սիմոնյանը հակադարձեց: Մի քանի րոպե տևած այս վեճը ուղեկցվում էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անընդհատ կրկնվող «չի կարելի»-ներով։ Ի վերջո նա գործի դրեց ԱԺ նախագահի մուրճիկը՝ բղավելով. «Չի կարելի, դե՛, բավական է, էլի, սա Ազգային ժողով է»:

«Ես եմ նիստը վարում, ես կորոշեմ». կարգապահական միջոց չկիրառվեց

Լարվածությունը մեծ էր, բառապաշարը՝ փողոցին վայել, բայց որևէ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կամ նախազգուշացում չկիրառվեց, թեպետ ԱԺ կանոնակարգ օրենքը ԱԺ նիստը նախագահողին նման լիազորություն տալիս է։

Սահմանադրական օրենքի համաձայն՝ նիստը նախագահողի օրինական պահանջը չկատարելու, քննարկվող հարցից ելույթում շեղվելու, վիրավորական արտահայտություն անելու, բացակա պատգամավորի փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու, պատգամավորի քվեարկությանը խոչընդոտելու, նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում նախագահողն իրավունք ունի պատգամավորի նկատմամբ կիրառել կարգապահական միջոցներ, իսկ նիստին ներկա այլ անձին՝ նախազգուշացնել կամ հեռացնել դահլիճից:

Այսպես՝ պատգամավորի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական միջոցները.
1) նախազգուշացում՝ անունը, ազգանունը հրապարակելով.
2) խոսափողի անջատում.
3) մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում.
4) հեռացում մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից.
5) Ազգային ժողովի նիստերի օրերին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկում:
Կարգապահական միջոցը, որպես կանոն, պետք է կիրառվի մեղմից դեպի խիստը, համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու նիստի բնականոն ընթացքը:

ԱԺ նույն նիստում Մարուքյանը նկատեց, որ ԱԺ նախագահը խտրական վերաբերմունք է դրսևորում և պաշտպանում է Ալեն Սիմոնյանին, սակայն Արարատ Միրզոյանը արձագանքեց. «Ես եմ նիստը վարում, ես կորոշեմ՝ ինչ անել։ Շարունակում ենք քննարկումը։ Երկուստեք շատ վատ բաներ հնչեցին։ Պետք է մակարդակը պահել, սա խորհրդարան է»։

Սիմոնյան-Մարուքյան վեճը ավարտվեց ֆեյսբուքյան ներողություններով, սակայն դրանք ուղղված չէին միմյանց.Սիմոնյանը ներողություն խնդրեց հանրությունից ու Անի Սամսոնյանից, Մարուքյանը՝ նիստին հետևած քաղաքացիներից։

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը՝ երազա՞նք

ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս պատգամավորներին, խմբակցություններին ձևավորել Էթիկայի հանձնաժողով՝ կոնկրետ հարց քննարկելու նպատակով: Այսինքն, դրա գործունեությունը ժամանակավոր բնույթ է կրում, մինչդեռ էթիկայի հանձնաժողովի ինստիտուտի ներդրման սկզբնական շրջանում այս հանձնաժողովը ձևավորվում էր յուրաքանչյուր նստաշրջանի մեկնարկին, ինչի միջոցով նրա գործունեությունը ապահովվում էր ամբողջ տարվա ընթացքում:

Այս գումարման Ազգային ժողովում եղել է մի քանի առիթ, որոնց հիման վրա կարող էր էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծվել, սակայն որևէ պատգամավոր կամ խմբակցություն հանդես չի եկել նախաձեռնությամբ: Մեծամասնությունը այս հարցում իր պասիվ պահվածքը բացատրել է խնդրին առավել արմատական լուծում տալու մտադրությամբ. խոսքը էթիկայի հանձնաժողովի համար մշտապես գործող հանձնաժողովի կարգավիճակ սահմանելու մասին է:

Ալեն Սիմոնյան-Էդմոն Մարուքյան միջադեպից հետո էլ խոսվեց մեծամասնության այս մտադրության մասին: Մասնավորապես, այդ մասին իր ելույթում ակնարկեց «Իմ քայլից» Գայանե Աբրահամյանը: «Լուսավոր Հայաստանում» նման մտադրություն չունեն: