Եռօրյա թեժ քննարկում կառավարության ծրագրի շուրջ

մայիսի 8, 2020

«Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019թ. հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս: Սա ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համար»,- Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 2019թ. հաշվետվությունը` հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նախորդ տարվա կատարողականը Ազգային ժողովում քննարկվեց մայիսի 6-8-ը:

Վարչապետի ելույթը կազմված էր 3 մասից՝ 2019-ից մինչև կորոնավիրուսի մեկնարկը, ճգնաժամի կառավարման գործընթացն ու հետագա անելիքները:

2019-ի տնտեսական աճը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Մշակող արդյունաբերությունն աճել է 12 տոկոսով ու առանց հանքարդյունաբերության դարձել մեր տնտեսության առաջատար ճյուղը: Ամենաբարձր` 27,2 տոկոս աճն արձանագրվել է ծառայության ոլորտում, իսկ զբոսաշրջությունն աճել է 14,7 տոկոսով: Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019թ. աճել է 10,3 տոկոսով: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում անցած տարի գրանցվել է 30 աճ: «Կառավարության ծրագրի այն դրույթը, որ ՀՀ-ն պետք է դառնա բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր՝ արտահանմանը միտված տնտեսություն ունեցող, այս ցուցանիշներով մենք կոնկրետ ապահովել ենք մեր ընթացքը դեպի այդ ուղղություն»,- արձանագրեց կառավարության ղեկավարը:

Վարչապետի ներկայացմամբ՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով, իսկ 2017թ. համեմատ 635 մլն դոլարով: 2018-2019թթ. պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505 մլրդ դրամով: «Եվ ես ուզում եմ սա ընդգծել մինչհեղափոխական շրջանում իմ արած այն հայտարարությամբ, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում պետք է աճեն 30, 35 տոկոսով: 1,8 տարում մեզ հաջողվել է ավելացնել 43,6 տոկոսով, և այս միջոցներից 199,1 մլրդ դրամն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորությունների կատարմանը: Իսկ մնացած 306 մլրդ դրամն ավելացել է պետական բյուջեի հարկային եկամուտներում, ինչն օգտագործվել է կոնկրետ նպատակների համար՝ և՛ կապիտալ ներդրումներ, և՛ աշխատավարձերի բարձրացումներ, և՛ թոշակների բարձրացումներ, և՛ նպաստների բարձրացումներ»,- բացատրեց Նիկոլ Փաշինյանը:

2019թ. հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 22,3 տոկոս՝ նախորդ տարվա 20,95 տոկոսի համեմատ: 2018թ. մայիսից մինչև 2019-ի վերջը ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 87 հազար աշխատատեղ: Անցած տարվա երրորդ եռամսյակի դրությամբ գործազրկությունը նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ զբաղվածությունն աճել է 2,5 տոկոսով: 2018թ. կառավարությանը հաջողվել է 2,2 տոկոսով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23,5 տոկոսի: Ծայրահեղ աղքատության մակարդակը նվազել է 1,4 տոկոսից մինչև 1 տոկոս:

Հաշվետու տարում նորոգվել և հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ: 5,8 տոկոսով ավելացել է միջին անվանական աշխատավարձը: Վարչապետը նաև հայտարարեց, որ 2018թ. մայիսից ավելացել են ավելի քան 1 մլն 100.000 մարդու աշխատավարձ, նպաստ, թոշակ: 2019թ. ՀՀ միջազգային պահուստներն աճել են 26,1 տոկոսով կամ շուրջ 590 մլն ԱՄՆ դոլարով՝ տարեվեջին հասնելով 2,85 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի:

Ինչ վերաբերում է 2020թ. հունվար-փետրվար ամիսներին, ապա տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 8,7 տոկոս, առաջին եռամսյակի հարկային եկամուտները գերակատարվել են 8,9 մլրդ դրամով:

Վարչապետն անդրադարձավ նաև իշխանության ձախողումներին: «Մեր ամենամեծ ձախողումը ՀՀ ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել»,- խոստովանեց նա:

Կորոնավիրոսով պայմանավորված ծրագրեր ու ծախսեր

«Մարտին սկսվեց մեր կորոնավիրուսային ճգնաժամը: Կառավարությունը նախաձեռնեց արտակարգ դրություն, որի առաջին գործողությունները սահմանափակումներն էին, և որոնց նպատակը եղել է ՀՀ-ում խուճապ թույլ չտալը: Երկրորդ ամենակարևոր խնդիրն այն էր, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդ անձանց: Եվ ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ-ում կարանտինի պայմաններն ընդհուպ հայտնվել են տարածաշրջանային և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ որպես օրինակելի ցուցանիշ»,- հայտարարեց վարչապետը:

Հիշեցրեց, որ իրականացվել են 16 հակաճգնաժամային ծրագրեր, որոնց արդյունքում աջակցություն է ցուցաբերվել շուրջ 21.000 տնտեսվարողի՝ հատկացնելով արտոնյալ վարկեր, և ավելի քան 1 մլն մարդ կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն: Մոտ 5 մլրդ դրամով փոխհատուցվել են քաղաքացիների կոմունալ վճարները: Վարչապետը նաև խոստովանեց, որ այդ գումարից 1.8 մլրդ դրամ` միջինը 20.000-ական դրամ, փոխանվել է մարդկանց, նաև ԱԺ պատգամավորների հաշիվներին, որոնք դրա կարիքը չունեն: Նիկոլ Փաշինյանը հորդորեց՝ այդ գումարով կարող եք աջակցել ձեր շրջապատի կարիքավորներին:

Վարչապետը նաև «սենսացիոն» տվյալներ հրապարակեց՝ խոսելով ՀՀ-ում սոցիալական կոլապսի կամ սոցիալական ճգնաժամի լինել-չլինելու մասին: Ասաց. «Ես հիմա ուզում եմ հրապարակել տվյալներ, որոնք, իմ կարծիքով, սենսացիոն են: 2020թ. ապրիլի 29-ի դրությամբ արձանագրվել է 620.905 աշխատատեղ: 2020թ. ապրիլին աշխատավարձի ֆոնդը կազմել է 123 մլրդ 883 մլն դրամ, փետրվարին՝ 119 մլրդ 700 մլն դրամ: Սա ասում եմ ցույց տալու համար, որ ՀՀ կառավարությանն այսօրվա դրությամբ հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ մենք կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին»:

Անդրադառնալով արդեն ճգնաժամային իրավիճակում առաջիկա ծրագրերին` վարչապետն ասաց, որ այս տարի կազդարարեն կրթական և առողջապահական ավելի քան 100 օբյեկտների նորոգման, հիմնանորոգման և կառուցման ծրագրեր, որպեսզի արտագնա աշխատանքի մեկնող մարդկանց ապահովեն աշխատանքով:

Կառավարության ձեռքբերումները և բացթողումները

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի դիտարկմամբ՝ 2019թ. եղել են հաջողություններ` մակրոտնտեսական, ֆինանսական կայունությունը, մշակվող արդյունաբերության ու զբոսաշրջության երկնիշ աճը, բայց կառավարության հաշվետվության մեջ, ըստ պատգամավորի, ներկայացված չէ բացասականը: Նրա խոսքով՝ ՀՆԱ-ում նվազել է գյուղատնտեսության և կրթության կշիռը: ՏՏ ոլորտում գրանցվել է 30 տոկոս աճ, բայց ՀՆԱ-ում ոլորտի տեսակարար կշիռը նույնն է մնացել: «Արդյո՞ք սա դրական տեղաշարժի մասին է խոսում: Մեզ պետք է ոչ թե ուղղակի տնտեսական աճ, այլ կենսամակարդակի բարձրացում, կառուցվածքային այնպիսի փոփոխություն, որը կբերի եկամուտների ավելացման: ՏՏ ոլորտը ՀՆԱ-ում չնչին տոկոս ունի, երկրի գերխնդիրներից է տեխնոլոգիական համալսարանի ստեղծումը, առանց բարձր մասնագետների զարգացում չենք ունենա: Dooing bussines վարկանշային աղուսյակում 6 կետով նահանջ է եղել: Վրաստանը 7-րդ տեղում է՝ մեր 47-ի փոխարեն: Մենք ամեն տարի պետք է միջոցառումներ մշակենք մեր դիրքը բարելավելու համար»,- հայտարարեց ԼՀԿ պատգամավորը՝ հիշեցնելով, որ 2017թ նույնպես բարձր տնտեսական աճ է եղել:

«Նման համեմատությունները մանիպուլիացա են`2017թ. 7, 5 տնտեսական աճը գրանցվել է 2016թ. ընդամենը 0, 2 տոկոս աճի ֆոնին: Ավելի քիչ ջանք էր պետք զրոյի ֆոնին տնտեսական աճ ապահովելու համար: Մինչդեռ 2019թ. տնտեսական աճը գրանցվել է նախորդ տարվա ավելի քան 5 տոկոս աճից հետո»,- «Իմ քայլից» հակադարձեց Արտակ Մանուկյանը:

Պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հայտարարեց, թե կառավարության ամենամեծ ձախողումները հեղափոխությունից հետո ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի նշանակումներն էին: Անցած տարի ձախողվել են նաև դատական համակարգում վեթինգ իրականացնելու, անցումային արդարադատություն ներդնելու մտադրությունները: Նրա խոսքով՝ վերջին օրերի զարգացումները բավարար են, որ փաստվի, թե իրավապահ համակարգում կատարված փոփոխությունները անբավարար են։ Պատգամավորն ասաց, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ չէ, երբ ասում է, որ օլիգարխիան մեր երկրից արմատախիլ է արվել: «Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնեսի արտոնություններ ստանալ։ Կա լայն իմաստով օլիգարխիա, որը շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը և շարունակում է պահպանել երբեմն չափավոր, երբեմն անսահման ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի վրա»:

«Իմ քայլից» Տիգրան Պետրոսյանն էլ կարևորեց պաշտպանական ոլորտի ձեռքբերումները: Ասաց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչ, զինված ուժերը հնարավորություն են ստացել իրենց մարտական գործողությունները պլանավորել՝ չունենալով հակառակորդի տարածքում որևէ անհասանելի կետ: Առաջնագծում մեծածավալ աշխատանքներ են գնացել ժամանակակից ինժեներական կառույցներ ունենալու համար և այլն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե 87 հազար աշխատատեղերից քանիսին է նոր ստեղծվել, քանիսը՝ դուրս բերեվել ստվերից: Հետաքրքրվեց՝ թե որտեղ են իրականացվել 2,2 մլրդ դոլարի ներդրումները` կասկածի տակ դնելով դրա իրողությունը: Պատգամավորն ասաց, թե ճգնաժամը դեռ առջևում է, մինչդեռ կառավարությունը համարժեք քայլեր չի անում: «Ճգնաժամ սպասվում է հուլիս-օգոստոս ամիսներին, մեր դիմադրողականությունը էականորեն բարձրացնելու քայլեր են պետք: Կատարողականի մասով եղել են լրջագույն բացթողումներ, և դրանք համալիր քննարկելով` պետք է առաջ գնանք»,- ասաց նա:

Նախօրեին վարչապետը համաձայն էր, որ օտարերկրյա ներդրումների անկումը մեծ խնդիր է, բայց խոսելով դրա մասին՝ ասել էր. «Օրինակ բերեմ օտարերկրյա ներդրման՝ ժամանակին աղմկոտ օրինակ: Հաջող օտարերկրյա ներդրում եղավ, որի արդյունքում կառուցվեց «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, և չգիտեմ՝ Գոնսալո Սանչես Իգուաինը եկել էր ներդրումներ իրականացնելու: Հետո պարզվեց, որ հիմա էդ գույքը, առնվազն Ծաղկաձորի մասով, Հայաստանի Հանրապետության սեփականությունն է և առգրավվել է որպես կոռուպցիոն գույք։ Մենք կարող ենք օտարերկրյա ներդրումների կառուցվածքը բացել եւ տեսնել, որ օտարերկրյա ներդրումների վերնագրի տակ Հայաստանի կոռուպումպացված չինովնիկները տարել են իրենց փողերը, պտտել են, և այսինչ այսինչյանը դարձել է Գոնսալո Իգուաին ու Հայաստանում ներդրում է արել։ Հիմա քանի որ բոլորը հասկացել են, որ հակակոռուպցիոն պայքարը լուրջ է լինելու, Հայաստանից փողերը դուրս են բերում նույն մարդիկ»:

Կառավարության կատարողականի քննարկումը խորհրդարանում շարունակվեց 3 օր և կընդունվի ի գիտություն՝ առանց քվեարկության: