«Քստմնելի սադրանք» ԱԺ-ում՝ «քաղաքական հետևանքի» սպասումով

մայիսի 9, 2020

Մայիսի 8-ին կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ավարտը Ազգային ժողովում հետաձգվեց ավելի քան 4 ժամով: Պատճառը «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի և «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև ծագած ծեծկրտուքն էր՝ ԱԺ ամբիոնի դիմաց: Դահլիճի նույն այս հատվածում էին շատ պատգամավորներ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որոշ նախարարներ: Դահլիճում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորների միջև բախման առիթը կառավարության ծրագրի վերաբերյալ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթն էր: Նա ասաց, որ բութ կամ սրիկա են նրանք, ովքեր խեղաթյուրում են վարչապետի խոսքերը, թե կոմունալ վճարների մասով օգնություն ստացել են մարդիկ, որոնք բանկերում մի քանի միլիոն ավանդ ունեն, ու սոցցանցերում գրում են, թե՝ ժողովո՛ւրդ, ձեր բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, ձեզ հետևում են: Հաջորդեց «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի պատասխանը. «Պարո՛ն Թունյան, որ ամբիոնից սրիկա, բան բառեր եք օգտագործում, դա լարվածություն ա առաջացնում, մի՛ արեք տենց բաներ»։ Թունյանը տեղից արձագանքեց Մարուքյանին, դալիճում աղմուկ առաջացավ, ու Սասուն Միքայելյանը, Մարուքյանի ուշադրությունը գրավելու համար բացականչեց. «Լսի, հոպար»։ «Պարոն Միաքյելյան, ես ձեր համար հոպար չեմ, էն մարդուն բան եմ ասում», -բղավեց Մարուքյանը։

Սասուն Միքայելյանի՝ լրագրողների համար հազիվ լսելի խոսքերին Մարուքյանը պատասխանեց հարցով՝ «Ի՞նչը կցխես, ի՞նչ, ի՞նչ»։ Հետո Մարուքյանը իջավ ամբիոնից և քայլեց Միքայելյանի ուղղությամբ: Նա էլ տեղից վեր կացավ և արագ մոտենալով Մարուքյանին՝ ապտակեց։ Մարուքյանի հարվածն էլ չուշացավ: Հետո արդեն դահլիճի այդ հատվածում այնքան պատգամավոր հայտնվեց, որ խառնաշփոթի մեջ Միքայելյանն ու Մարուքյանն էլ չէին երևում: ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի ու «Իմ քայլի» և նաև կառավարության անդամները փորձում էին բաժանել։ ԱԺ նախագահը նախ փորձեց սաստելով իրավիճակը շտկել, հետո իջավ նախագահությունից ու դարձավ կռիվը բաժանողներից մեկը:

Երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, և ԱԺ նախագահը նորից ձայն տվեց Մարուքյանին, պարզվեց, որ բաժանելուց բացի, իմքայլականներից ոմանք նաև հարվածել են նրան: «Էն ո՞վ եկավ թաքուն մեջքիս խփեց»,-վրդովված հարցնում էր Մարուքյանը: Մեջքից հարվածողների անունները ավելի ուշ հայտնի դարձան կադրերից՝ Արտակ Մանուկյան և Վահագն Ղալումյան:  

Ու քանի որ Սասուն Միքայելյանը շարունակում էր գոռգոռալ, բայց տեղից ու առանց բարձրախոսի, իսկ Էդմոն Մարուքյանը պատասխանում էր ամբիոնից և բարձրախոսով, նրա խոսքից էլ հասկանալի դարձավ, որ Սասուն Միքայելյանը սպառնում էր կտրել Մարուքյանի վիզը: «Արա իմ վիզը ոչ մեկ չի կարա կտրի, հերիք ա շմայսություն անես, հանգիստ քեզ պահի վաբշե»,-բղավում էր ԼՀԿ խմբակցության ղեկավարը: Հայտարարվեց ընդմիջում, որը տևեց ավելի քան 4 ժամ: Վարչապետը հեռացավ ԱԺ-ից:

Սասուն Միքայելյանը տրվել էր սադրանքի

Ընդմիջումը իմքայլականները շատերն անցկացրեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում: Այնտեղից դուրս գալով՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ Սասուն Միքայելյանին սադրել են, և «փորձ է արվում քաղաքական դաշտից, որտեղ տոտալ պարտվում են նախորդ իշխանության ներկայացուցիչներն ու իրենց արբանյակները, հարցեր բերել այս դաշտ»։ ԱԺ փոխնախագահը արձագանքեց նաև սոցցանցերում շրջանառվող այն դիտարկումներին, թե Սասուն Միքայելյանը կատարվածի պատճառով պետք է հրաժարվի մանդատից: Բացատրեց՝ «Որևիցե մեկը մանդատը չպիտի վայր դնի։ Սասուն Միքայելյանը ամենաշատ վստահությունն ստացած անձն է»։

«Լուսավոր Հայաստանը» սպասում է քաղաքական հետևանքի

Ընդմիջումից հետո ամբիոնի մոտ նորից Էդմոն Մարուքյանն էր: Նա համոզված էր, որ «ինչ եղել է, քաղաքական է, պետք է ունենա քաղաքական գնահատական»։ ԼՀԿ ղեկավարը քաղաքական գնահատական էր ակնկալում իշխող խմբակցությունից ու հասարակական սեկտորից ու պնդում էր, որ այն, ինչ տեղի է ունեցել, մեծ հաշվով հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է։ Նա հավելեց, որ կախված քաղաքական հետևանքներից ու գնահատականներից, կանեն եզրահանգումներ ու կորոշեն՝ ինչպես են աշխատելու խորհրդարանում։ Մարուքյանի ելույթից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը:

Հետո ելույթ ունեցավ «Իմ քայլի» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ու նրա ելույթից պարզ դարձավ, որ սադրանքի է տրվել ոչ միայն Սասուն Միքայելյանը, այլ խմբակցությունն ամբողջությամբ։ «Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների», ասաց նա: Մակունցի խոսքով՝ կատարվածը կապված է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հետ, որին ԼՀԿ-ն կողմ չքվեարկեց։ «Այդ օրինագծի ընդունումից հետո շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստանի» և Էդմոն Մարուքյանի վարքագիծը ԱԺ նիստերի դահլիճում։ Երբևէ պարոն Մարուքյանը պատգամավոր եղած ժամանակ չի թույլ տվել այնպիսի բառամթերք, որն ունեցել է այս գումարման խորհրդարանում։ Այդ խմբակցության ղեկավարը սեռական բնույթի հայհոյանք տվեց ԱԺ փոխնախագահի հասցեին, ու այդ գործընթացները տարածվեցին այս նիստերի դահլիճից դուրս։ Դրանից հետո սկսվեցին այնպիսի գործընթացներ, որոնք սադրանք էին «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ։ Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ Լուսավոր Հայաստանը Ազգային ժողով է բերում ոչ թե իրենց օրակարգը, այլ Ազգային ժողովից դուրս գտնվող ինչ-որ խուլիգանական խմբակների օրակարգը, և սա փաստ է», -հայտարարեց Լիլիթ Մակունցը։

Քստմնելի սադրանք՝ ըստ վարչապետի

Նիկոլ Փաշինյանի 14 րոպեանոց ելույթից հետո Արարատ Միրոզոյանը հայտարարեց, որ կառավարության կատարողականի քննարկումը ավարտվեց, թեպետ վարչապետի ելույթը վերաբերում էր ոչ թե կատարողականին, այլ Մարուքյան-Միքայելյան միջադեպին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կատարվածը «քստմնելի սադրանք» էր։

«Դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ՝ իր բոլոր դրսևորումներով։ Բռնությունը լինում է նաև բարոյական, հոգեբանական, և պետք է ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունը և այս կառավարությունը հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում են բարոյական և հոգեբանական բռնությունների», -հայտարարեց վարչապետը:

Նա նկատեց, որ նման քայլերի նպատակը իշխանական ուժին խեղճացնելը, քաղաքական մեծամասնությունը, ժողովրդի և իշխանական ուժի միջև վստահությունը քայքայելն է: Վարչապետը հիշեցրեց, որ նախրեին Մարուքյանի հետ սուրճ խմելիս ուղիղ ասել է. «Ասել եմ՝ պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունեությունը այդ ողջ հոգեբանական, բարոյական բռնությունները և ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործարկելու պլանի մի անբաժան մասն են»։

Անդրադառանալով Սասուն Միքայելյանի և Մարուքյանի միջև տեղի ունեցածին, վարչապետն ասաց. «Միջադեպը, որը դատապարտելի է, տեղի է ունեցել այ, էնտեղ (ցույց է տալիս ԱԺ դահլիճի մեջտեղը, ամբիոնից հեռու), հարց՝ իսկ ի՞նչ գործ ուներ ելույթ ունեցողը ա՛յ էնտեղ։ Երբ ամբիոնից իջնում ու մեծ արագությամբ ընթանում էր դեպի Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում։ Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ։ Կամ որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքը իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու ԱԺ դահլիճից։ Տեղի ունեցածը այլ կերպ, քան սադրանք, քստմնելի սադրանք, չեմ կարող անվանել։ Մանավանդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո։ Նաև դատապարտում եմ այն, որ մենք տրվում ենք նման սադրանքների, իմ եղբորը, իմ ընկերոջը ես դատապարտում եմ, որովհետև մենք իրավունք չունենք տրվել սադրանքների։ Մեզ անընդհատ, ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից»։

Վարչապետը, ցույց տալով ԱԺ նիստերի դահլիճում «Լուսավոր Հայաստանի» շարքերը, հայտարարեց. «Իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից։ Սա է ճշմարտությունը»։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ դատապարտում է իրենց բոլորին, իրեն և կատարվածը համարում է անձամբ իր ամենամեծ պարտությունը, որ եղել է հեղափոխությունից հետո։