Քաղաքական քննարկում՝ ՄԻՊ զեկույցի շուրջ

մայիսի 12, 2020

Մայիսի 11-12-ին Ազգային ժողովում էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Բավական ընդգրկուն անվանմամբ զեկույցով՝ «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին», նա տարեկան հաշվետվություն էր ներկայացնում: Երկօրյա քննարկումների ընթացքում նրան ուղղված հարցերը, սակայն, առավելապես քաղաքական բնույթի էին ու անթաքույց քննադատություն էին պարունակում: Սա նախորդ իշխանության կողմից ընտրված Պաշտպան Արման Թաթոյանի երկրորդ զեկույցն էր 7-րդ գումարման խորհրդարանում: Նախորդը՝ ներկայացված 2019-ին, անդրադառնում էր նաև 2018-ի ապրիլյան իրադարձություններին, որոնց ՄԻՊ աշխատակազմը հետևել ու արձագանքել էր ամենայն մանրամասնությամբ: Արման Թաթոյանի նախորդ զեկույցից խորհրդարանը գոհ էր:

Պաշտպանը՝ 2019-ի մասին

2019-ին ՄԻՊ աշխատակազմին ուղղված դիմումների ու բողոքների թիվը աճել է երեք անգամ՝ ստացել են 13 140 դիմում-բողոք: 2020 թվականը, Պաշտպանի խոսքոց, արդեն ծանրաբեռնված է. չորս ամսվա տվյալներով՝ դիմում-բողոքները 75 տոկոսով գերազանցում են նախորդ տարիների դիմում-բողոքների թիվը:

Բարձրացել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի միջազգային հեղինակությունն է բարձրացել, Պաշտպանը մասնակցում է միջազգային դատական ատյաններում դատական գործերի քննությանը, ՄԻՊ գործունեության հայաստանյան փորձը առաջարկվել Թունիսին, Մարոկոյին, Հորդանանին:

Արման Թաթոյանը ելույթում առանձնացրեց սոցիալական իրավունքի իրացման հետ կապված խնդիրները: Ասաց՝ փաստաթղթային քաշքշուկն ու բյուրոկրատիան հատկապես թոշակառուներին անելանելի դրության մեջ են գցում։ Առողջության իրավունքի պաշտպանությունն էլ Հայաստանում լավ վիճակում չէ. ըստ Պաշտպանի, բժշկական հաստատություններում դիտարկվում են դեպքեր, երբ պացինետը առողջական կամ այլ առանձնահատկությամբ պայմանավորված խտրական վերաբերմունքի է արժանանում։ «Դա հատկապես վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց, Դաունի համախտանիշով ապրող երեխաներին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, հեպատիտ Բ-ով, հեպատիտ Ց-ով ապրող մարդկանց»,- ընդգծեց Արման Թաթոյանը:

2019-ին առաջընթաց է արձանագրվել ընտրական, խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքների ոլորտներում։

Անդրադառնալով խոսքի ազատության իրավունքին՝ Պաշտպանը խնդրահարույց համարեց ատելության խոսքը և հորդորց որևէ կերպ չներքաշվել այնպիսի «քննարկումների» մեջ, որոնք լի են հայհոյանքով, սպառնալիքով և ատելության խոսքով։ Նշեց, որ ագրեսիա ու անհանդուրժողականություն է տարածվում հատկապես կեղծ օգտատերերի միջոցով:

Պաշտպանը խոսեց նաև քրեակատարողական հիմնարկների վիճակից: ԱսացՈրպես խնդիր՝ նշեց կալանավորների՝ ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելքները, որոնք, ըստ նրա, կիրառվում են որպես պատժամիջոց. «Մարդկանց լրացուցիչ զրկանքներ պատճառելու համար ընտանիքի հետ կապից կտրում է քննիչը, և հետագայում երաշխիքների բացակայության պատճառով մարդը լուրջ խնդիրների առջև է կանգնում»:

Որպես դատական համակարգի խնդիրներ՝ Արման Թաթոյանը նշեց դատարանների արտաքին ու ներքին անկախությունը, դատարանի նկատմամբ վստահության պակասը, արդար դատաքննության երաշխավորությունը, կոռուպցիոն ռիսկերը։ Ասաց, որ տարիների ընթացքում պատշաճ ուշադրություն չի դարձվել ոլորտի խնդիրներին ու դատական համակարգի արդարացի պահանջներին: Այդ խնդիրները, ըստ Պաշտպանի, մի կողմից պահանջում են հրատապ լուծումներ, մյուս կողմից` բարեփոխումներ իրականացնելիս պետք է ճիշտ որոշել առկա խնդիրների իրական պատճառները, օրինակ` այն, որ դատարանում գործի քննությունը կարող է անթույլատրելիորեն ձգձգվել դատավորի չափազանց մեծ ծանրաբեռնվածության պատճառով:

Պաշտպանը անդրադարձավ նաև հավաքների ազատության իրավունքին և ընդգծեց՝ 2018-ին արձանագրված դրական դինամիկան 2019-ին պահպանվել է։ «2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցան նախադեպը չունեցող իրադարձություններ: Քաղաքացին հնարավորություն ստացավ իր կամքի ազատ իրացման շնորհիվ ու ժողովրդավարական ճանապարհով հասնել սկզբունքային փոփոխությունների: Կարևորագույն այս իրադարձություններն ակնհայտորեն բարձրացրին վստահությունը իշխանության նկատմամբ, ինչն էլ փոխադարձաբար հանգեցրեց հանրային իշխանության հաշվետվողականության բարձրացման»,- ընդգծեց Պաշտպանը: Այդուհանդերձ, հավաքները 2019-ին, ըստ Արման Թաթոյանի, ի ցույց են դրել շարունակվող համակարգային բնույթի խախտումներ, որոնք վերաբերել են մարդկանց բերման ենթարկելուն, նրանց ազատությունից զրկելուն և իրավունքների երաշխավորմանը: «Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է` անկախ նրանից՝ վարույթը վարչական է, թե քրեական, ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք պետք է կարողանա իրացնել որևէ տեսակ արգելված վերաբերմունքի բացառումը երաշխավորող իր իրավունքները», -հայտարարեց Պաշտպանը:

«Իմ քայլի» պատգամավորները՝ Պաշտպանի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան ծրագրի քննարկմանը ակտիվ էին հատկապես «Իմ քայլի» պատգամավորները: Նրանց հարցերի և ելույթների մեծ մասում քննադատություն կար:

Պատգամավոր Գայանե Աբրահամայանը ուշադրություն հրավիրեց դիմում-բողոքների վիճակագրության վրա: Նկատեց, որ ՄԻՊ գրասենյակին ուղղված դիմում-բողոքների թվի ավելացումը ոչ թե երկրում մարդու իրավունքների խախտումների, այլ պատկան մարմինների նկատմամբ վստահության աճի ցուցիչ է:

«Այո, ճիշտ եք ասում՝ իրավիճակի փոփոխությունը հանգեցրել է ամբողջ պետական համակարգի հանդեպ մարդկանց վերաբերմունքի փոփոխությանը, քանի որ շատ մեծացել են ակնկալիքները։ Մարդիկ տարիներով դիմել ու իրենց հարցին, լուծում չեն ստացել, բայց 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին կատարվածից հետո, մարդիկ մեր գրասենյակ էին գալիս հին, խունացած, դեղնած փաստաթղթերով։ Օրինակ, 2018-ի հուլիսին, 2017-ի հուլիսի համեմատ, 10 անգամ շատացել էին բողոքները։ Սա վերաբերում էր ողջ պետական ապարատին», -պատգամավորին արձագանքեց Պաշտպանը։

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հնչեցրած հայհոյանքը չի արժանանում Պաշտպանի ուշադրությանը, բայց դրա հաջորդ դրվագը նա բնորոշում է որպես կնոջ սեռով պայմանավորված վիրավորանք ու հանդես է գալիս հայտարարությամբ: «Դա պատահականությո՞ւն է, օրինաչափությո՞ւն է, թե թերացում է», -հարցը ձևակերպեց պատգամավորը։ Արման Թաթոյանի խոսքով՝ երեքից ոչ մեկը. «Դա օբյեկտիվ աշխատանք է, խոսքը կնոջ մասին է, երբ թիրախավորվել է նրա սեռը»։

Էդմոն Մարուքյան-Ալեն Սիմոնյան վեճի ժամանակ էլ Մարուքյանի հնչեցրած վիրավորանքին Պաշտպանը չի արձագանքել, քանի որ իր ցանկացած հայտարարություն կունենար քաղաքական ենթատեքստ։ «Ես շատ ճիշտ եմ արել, որ հայտարարություն չեմ տարածել», -ընդգծեց Թաթոյանը։ Այս դեպքը, նաև Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հասցեին Մարուքյանի արտահայտությանը («էն սիրուն աղջիկը») չարձագանքելը կառավարող ուժի պատգամավորները որակեցին որպես իշխանության նկատմամբ Պաշտպանի խտրական վերաբերմունքի արտահայտություն: Արման Թաթոյանն արձագանքեց՝ իրենք աշխատում են Մարդու իրավունքների մասին սահմանադրական օրենքի համաձայն, որն արգելում է պաշտպանել պետական կառավարման մարմինների ղեկավարներին։ 

Ամեն բան այնքան էլ վատ չէ

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ելույթով, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հարցի քննարկումն ավարտած հայտարարելու ժամանակ փորձեցին մեղմել 2 օրվա լարված մթնոլորտը ու խոսեցին նաև դրականի մասին՝ արդյունավետ համագործակցություն Ազգային ժողովի հետ, միջազգային հարթակներում Պաշտպանի օրինակելի ներկայացվածություն։ ԱԺ նախագահը Արման Թաթոյանին հորդորեց նաև հանդուրժող լինել քննադատությունների հարցում: Ասաց. «Անընդունելի եմ համարում Ձեր անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի կամ մի քանիսի դիտարկումների նկատմամբ»: Պատգամավորներից մեկը, որին իր եզրափակիչ ելույթում դիմել էր Պաշտպանը, Վաղարշակ Հակոբյանն էր: Արման Թաթոյանն ասել էր. «Չփորձեք Ձեր ձայնը մյուս անգամ բարձրացնել ինձ վրա, չփորձեք իշխանական դիրքերից խոսել Մարդու իրավունքների պաշտպանի հետ և հաջորդ անգամ չփորձեք սպառնալ Պաշտպանին, քանզի դրա համար կան իրավական պատասխանատվության բոլոր միջոցները»։

Վաղարշակ Հակոբյանը՝ զեկույցից անտեղյակ

Ի դեպ, իմքայլական Վաղարշակ Հակոբյանը նեղսրտել էր, որ կանանց իրավունքների մասին Պաշտպանի զեկույցում ընդամենը մի քանի տող կա: «Անթույլատրելի է մի տողով նշել, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է։ Դուք Ձեր ելույթում ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ խորքային բացատրեք կանանց իրավունքների մասին։ Բայց Դուք կարող էիք այլ ոլորտների հատվածում կրճատել Ձեր խոսքը, բայց կանանց վերաբերող հատվածում մանրամասնեիք՝ սկսած պետական համակարգում կանանց դերի բարձրացումից մինչև սեռով պայմանավորված աբորտների կրճատում», -հայտարարել էր Հակոբյանը: Ուշագրավ է, որ զեկույցի մասին նրա դիտարկումը բոլորովին չէր համապատասխանում իրականությանը, քանի որ զեկույցում կանանց իրավունքներին վերաբերող բավական ծավալուն բաժին կար: