Քաղաքական հետևանքը՝ մանդատով կամ առանց մանդատի

մայիսի 13, 2020

Միջադեպը իմքայլական Սասուն Միքայելյանի և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև սկսվել էր մայիսի 8-ին, աշխատանքային շաբաթվա վերջին օրը՝ ուրբաթ: Այդ օրը Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ սպասում է իշխող ուժի քաղաքական հետևանքին, որը հարիր կլինի ժողովրդավար երկրին: Ինչ դրսևորում պետք է ունենար այդ հետևանքը, ԼՀԿ ղեկավարը չէր մանրամասնել:

Հետևանքը կարող է լինել նաև ոչ քաղաքական

Երկուշաբթի ԱԺ նիստերը շարունակվեցին, ու ծավալվեցին նաև զարգացումները պատգամավորների բախման շուրջ: Սասուն Միքայելյանը՝ Ազգային ժողովի ամբիոնից լայն հանրությանը տեղեկացրեց, որ Էդմոն Մարուքյանի եղբայր Էդգար Մարուքյանը համացանցում իր մոր մասին գրել է այնպիսի հայհոյանք, ինչպիսին Ազգային ժողովում հնչեցրել էր Էդմոն Մարուքյանը Ալեն Սիմոնյանի հասցեին(հիշեցնենք՝ ասվել էր «անբարոյականի վաստակ»): Միքայելյանն ասաց, թե բոլոր մայրերը՝ լինի Ալեն Սիմոնյանինը, Մարուքյանինը, իրենը, սուրբ են, և ինքը Մարուքյանի եղբորը չի հակադարձի, բայց նրանից մի խիստ պահանջ ուներ. «Երիտասա՛րդ, քո ասածների համար եթե դու ներողություն չխնդրիր, իմ անցած ուղին բոլորդ էլ գիտեք, գիտեք` ես ով եմ, իմ խոսքով, իմ գործով, լավ բան չի սպասվում քեզ: Խորհուրդ կտամ մեծի որպես, մեծի խորհուրդ եմ տալիս քեզ, հելնես, ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից»,-հայտարարեց ԵԿՄ նախագահ իմքայլական պատգամավորը:

Մի պահանջ-պայման էլ, որպես Էդմոն Մարուքյանի պահանջած քաղաքական հետևանք, Սասուն Միքայելյանը նրան ներկայացրեց՝ անդրադառնալով անցած շաբաթ կատարվածին: Ասաց. «էն, ինչ որ արվել է, կատարվել է էս դահլիճում, իրա մեղքով ա կատարվել, եթե էդքան տղա ա ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք, թող էս կուսակցություններն իրենց գործը շարունակեն, շնորհակալություն: Եթե կաս տղա էտքան, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»:

Ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ելույթից պարզ դարձավ Միքայելյանի ներկայացրած քաղաքական հետևանքը կրողների ամբողջական կազմը: Խմբակցությունը որոշել էր, որ իրենց մանդատները պետք է վայր դնեն նաև «Իմ քայլից» Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝(ծեծկրտուքի ժամանակ նրանք ևս հարվածել էին Էդմոն Մարուքյանին) պայմանով, եթե «Լուսավոր Հայաստան»-ից մանդատից հրաժարվեն Էդմոն Մարուքյանը, Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը(վերջին երկուսը ծեծկռտուքի ժամանակ դերակատարում են ունեցել Մարուքյանին հարվածած Վահե Ղալումյանի՝ գետնին ընկնելու մեջ): «Սա է մեր դիրքորոշումը, և սա է արդարությունը, և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա, եթե, իհարկե, այն մարդիկ, ովքեր խոսում են արժեքներից, իսկապես այդ արժեքների կրողն են»,-ասաց Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ «Լուսավոր Հայաստանը» պետք է շատ կարճ ժամանակում արձագանքի:

«Մանդատ ե՞ք ուզում, մանդատ չեք ստանալու»

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլի» պայմանին արձագանքեց Արցախից, կեսգիշերին մոտ, ֆեյսբուքով: Մանդատներից հրաժարվել ԼՀԿ-ականները չեն պատրաստվում: Մարուքյանն ասաց, որ մանդատը պետք է դնի Սասուն Միքայելյանը, որ քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, իսկ իրենք ընդամենը բռնության զոհ են. «Դուք եք բռնության հեղինակներն ու նախաձեռնողները: Մենք մանդատը դնենք որ ի՞նչ, որ ընդհանրապես անսասան դիկտատուրա լինե՞ք երկրում: Դա բացառված է, հանդարտվե՛ք, ձեր հայրերին, մայրերին մի՛ բրդեք առաջ»: Սասուն Միքայելյանի նման Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ մայրերը, ծնողն ընդհանրապես սրբություն է, ու «պետք է այնքան մարդ լինել, որ ինքներդ ձեզ համար, ձեր ինքնասիրության համար պայքարեք»:

Մարուքյանը՝ եղբոր գրառման մասին

Եթե Սասուն Միքայելյանը ներողություն է պահանջում իր մորը հայհոյողից, ապա Էդմոն Մարուքյանի եղբայրը հայհոյել է իր եղբորը սպառնացողին-այսպես բացատրեց Մարուքյանը եղբոր ֆեյսբուքյան գրառումը. «Իմ եղբայրը հայհոյանք է կերել այն մարդու հասցեին, որն իր եղբոր վիզը կկտրի: Կա՞ ՀՀ-ում եղբայր, որը կհանդուրժի իր եղբոր վիզը կտրելը: Ես չեմ կարող վերահսկել իմ եղբայրներին, քանի որ նրանք իրապես պատրաստ են իմ վիզը կտրելու պարագայում անել իրենց անելիքները: Եկեք, վիզս կտրեք, հետո կտեսնեք հետևանքները: Ոնց հասկանում եմ՝ ՀՀ-ն իրավական պետություն չէ»,-ուղիղ եթերում հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

«Իմ քայլը» հորդորում է՝ վերադարձե՛ք

Հաջորդ օրը Մարուքյանի ընդդիմախոսներից Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այլևս չի անդրադառնալու աղմկահարույց միջադեպին: Նա հորդորեց «Լուսավոր Հայաստան»-ին կատարվածից եզրակացություններ անել ու վերադառնալ քաղաքական դաշտ:

«Լուսավոր Հայաստանը» քաղաքական դաշտ վերադառնալ չի շտապում: Խմբակցությունը, ինչպես հայտարարել էր անցած շաբաթ, բոյկոտեց նաև մայիսի 12-ի լիագումար նիստը: Իսկ օրվա ավարտին հայտնի դարձավ, որ Էդմոն Մարուքյանի եղբայր Էդգար Մարուքյանը փորձում է խնդրի կարգավորումը գտնել իրավական դաշտում: Իր ֆեյսբուքյան էջում նա տեղեկացրել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ՝ «վերջինիս կողմից հնչեցված ուղղակի եւ անուղղակի սպառնալիքների կապակցությամբ»: