Արտակարգ դրություն․ երրորդ ամիս, չորրորդ փուլ

մայիսի 14, 2020

Մայիսի 14-ին Ազգային ժողովը կրկին հատուկ նիստ էր հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ը երկարեցնելու հարցը: ԱԴ ռեժիմը երկրորդ անգամ երկարեցնելու որոշումը ընդունվել էր կառավարության նիստում՝ ԱԺ նիստից առաջ:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կառավարության այդ որոշումը պատգամավորներին ներկայացնելիս ասաց, որ դեռ առկա են արտակարգ դրության ռեժիմը պահպանելու հիմքերը` կորոնավիրուսի տարածման դինամիկան ցածր չէ, և վերարտադրման գործակիցը մայիսի 5-ի դրությամբ գնահատվում է 1.48: Մինչդեռ վարակի տարածման ինտենսիվությունը հնարավոր է մարել, երբ գործակիցը 1-ից փոքր է: Այդ ցանկալի արդյունքը գրանցվել է միայն մարտի վերջին, երբ նոր էին կիրառվում տեղաշարժի սահմանափակումները, բայց դրանք թուլացնելուց և թեստավորման քանակը ավելացնելուց հետո արագ տեմպը վերականգնվել է:

Արտակարգ դրությունը պահպանելուն զուգահեռ՝ կառավարությունը թուլացնում է որոշ սահմանափակումներ. մայիսի 18-ից ամբողջությամբ կգործի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները: Կկարողանան աշխատել մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը և այլ օբյեկտներ: Կվերաբացվեն նաև նախակրթարանները: Պարետը պարզաբանեց, որ սահմանափակումների փուլային տարբերակով թուլացումները պայմանավորած էին առողջապահական համակարգի պատրաստվածությամբ և օրեցօր աճող սոցիալ-տնտեսական խնդիրներով: Բոլոր հաստատությունների աշխատանքների վերականգնման համար պարետատունը հատուկ կաննոններ է մշակել, որոնց մեջ մտնում է նաև դիմակի կրումն ու ախտահանումը, իսկ դրա չկիրառումը կհանգեցնի տույժերի և տուգանքների:

Պարետատունը որոշել է, որ դիմակների կրումը մայիսի 25-ից կդառնա պարտադիր ոչ միայն հանրային փակ, այլև բաց վայրերում: Դիմակները կարող են լինել նաև տնային պայմաններում պատրաստված:

Մայիսի 15-ից վերականգնվելու են կանոնավոր չվերթները Ռուսաստանից, իսկ ցամաքային անցակետերի բացման հարցը կքննարկվի մոտ ապագայում: Այդպիսով, պարետի ներկայացմամբ, մուտք ենք գործում կորոնավիրուսի դեմ պայքարի  4-րդ փուլ: 

«Բարգավաճ Հայաստանը» դեմ չէր արտակարգ դրության ռեժիմի երկարեցմանը, իսկ «Լուսավոր Հայաստան» շարունակում էր բոյկոտը և դահլիճում չէր: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն, ֆեյսբուքյան գրառմամբ հանրությանը հայտնել էր իրենց դիրքորոշումը՝ արտակարգ դրության երկարեցումը հակաօրինական է, նպատակը՝ նաև քաղաքական: