Դատավորների համար 1 միլիոն դրամը քիչ է

մայիսի 18, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ։

- Դատական համակարգում վեթինգ իրականացնելու աղմկոտ հայտարարությունից մեկ տարի անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերջին հրապարակային հանդիպումից հայտնի դարձավ, որ իշխանությունը Դատական օրենսգրքի փոփոխություններով երկրորդ հնարավորությունն է ուզում տալ դատավորներին: Ինչո՞ւ է վարչապետը չի կիրառում իր իսկ նշած վիրահատական միջոցառումները:

- Վեթինգի գործընթացը այդ փոփոխություններով կյանքի է կոչվելու: Դատավորները, որոնք իրենց տեղում չեն, օրենքով նախատեսված միջոցներով համակարգից դուրս են գալու: Տրվող ևս մեկ հնարավորությունը չի վերաբերում այն դատավորին, որի գործունեությունն օրենքից դուրս է: Այդ հնարավորությունը կտրվի դատավորներին, որոնք կոռուպցիոն պատմությունների մեջ չկան, բայց ունեն ցածր մասնագիտական որակներ: Այ, նրանք կարող են օգտվել դրանից և բարձրացնել իրենց մասնագիտական որակը, որպեսզի նրանց որոշումների պատճառով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական դատարանում չպարտվի:

- Բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հայտարարեց, որ այդ փոփոխություններն ամենևին էլ վեթինգ իրականացնելու մասին չեն:

- Խնդիրն այն է, թե մարդն ինչ է հասկանում` վեթինգ ասելով: Եթե հասկանում է, որ բոլոր դատավորներին պետք է տուն ուղարկել և նորերին բերել, դա իրատեսական չէ: Այսօր էլ դատական համակարգում կան թափուր տեղեր, որոնք չեն համալրվում. լավ իրավաբանները չեն ցանկանում դատավոր աշխատել:

- Ցածր աշխատավարձի՞ պատճառով:

- Ցածր աշխատավարձի և հանրային ընկալման պատճառով: Հանրության շրջանում դատավորի կերպարը խիստ բացասական է ընկալվում:

- Դատավորների աշխատավարձը մինչև 1 մլն դրամ բարձրացնելու մասին խոսք գնաց:

- Դատավորների դեպքում 1 մլն դրամն էլ քիչ է: Դատավորը մարդու ճակատագրին վերաբերող որոշում է կայացնում, տասնյակ, հարյուրավոր, միլիոնավոր դրամների հայցեր է քննում, որ և որոշի՝ ով է ճիշտ, ով` սխալ: Նման որոշում կայացնողը պետք է բարձր աշխատավարձ ստանա:

- Կարո՞ղ ենք ասել, որ հեղափոխությունից երկու տարի անց դատական համակարգում հեղափոխություն չի եղել:

- Ոչ: Երբ ասում են՝ հեղափոխությունից երկու տարի անց, հանրությանը մոլորության մեջ են գցում, որովհետև ներկայիս քաղաքական մեծամասնությունն ամբողջությամբ իշխանությունը ստանձնել է միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` 2019թ. հունվարից: Առանց խորհրդարանում մեծամասնություն ունենալու՝ հնարավոր չէր որևէ բարեփոխում անել: Այսօր իշխանության մեջ չկա մեկը, որը զանգի դատավորին և հանձնարարություններ տա: Այսինքն, պետական կառավարման համակարգից դատարանների անկախության հարցը լիովին լուծվել է: Հիմա պետք է բարեփոխումներ լինեն, որ ունենանք լիարժեք անկախ, օրինական վճիռներ կայացնող դատարաններ, որոնք, իսկապես, արդարադատություն կիրականացնեն:

-Իրականությանը համապատասխանո՞ւմ են խոսակցությունները, թե կառավարությունը արտակարգ դրությունը երկարաձգեց, քանի որ պատրաստ չէր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

- Այդպես մտածողների համար բնակչության առողջությունը լումայի արժեք չունի: Այդ մարդիկ երազում են, որ իշխանությունն ու երկիրը ձախողվեն: Հասկանալի է, չէ՞, որ եթե արտակարգ դրությունը հանվի, որևէ մեկը չի կարող մարդկանց պարտադրել մեկուսանալ, պաշտպանիչ սահմանափակումներ կիրառել:

- Նորից կարծիքներ են հնչում, թե Սահմանադրական դատարանի հարցը պետք է լուծել ԱԺ-ում` ԱԺ-ն, ինչպես ընդունեց, այդպես էլ պետք է չեղյալ հայտարարի հանրաքվեի որոշումը և նախաձեռնի նոր դատավորներ ընտրելու գործընթացը: Կա՞ն նման քննարկումներ:

- Եթե նման քննարկումներ լինեին, կիմանայիք:

- Նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Առաջիկայում ականատես կլինե՞նք ապօրինի գույքի հետ վերադարձի կամ բռնագանձման գործընթացների:

- Առնվազն հայցերի ականատես կլինենք: Նախ Գլխավոր դատախազության կազմում ձևավորվելու է հատուկ մարմին, որը զբաղվելու է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկմամբ: Մի գործով կարող է քրեական գործով բավարար ապացույցներ չլինեն, և անձին քրեական մեղադրանք չառաջադրվի, բայց, միևնույն ժամանակ, ապացույցները փաստեն, որ տվյալ անձը զբաղեցրել է պետական պաշտոն, ունի գույք, որը չի հիմնավորվում իր եկամուտներով: Այս դեպքում արդեն այս օրենքն է գործելու:

- Հայկուհի Հարությունյանը նաև հայտարարել էր, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքությունը ստուգելու է 2017 թվականից հետո, մինչ այդ եղած նրանց գործունեությանը չեն անդրադառնալու: Ուրեմն, ի՞նչ է լինելու այն դատավորների հետ, որոնք մինչ 2017 թ. ապօրինի եկամուտներով գույք են ձեռք բերել:

- «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը տարածվելու է բոլոր պետական պաշտոնյաների, այդ թվում՝ դատավորների վրա: