Քննարկվում են ՍԴ ճգնաժամի լուծման տարբերակներ

մայիսի 19, 2020

Հարցազրույց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։

-Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամն իշխանությունը, կարծես, այլ կերպ է ուզում լուծել. արդարադատության նախարարը հայտարարել է, որ խորհրդակցական կարծիքի համար դիմել է Վենետիկի հանձնաժողով։ Ի՞նչ սպասումներ ունեք։

-Կորոնավիրուսի համավարակի վերջը չի երևում, և տեսանելի ժամկետներում դժվար է կանխատեսել, թե երբ կկարողանանք անցկացնել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Միաժամանակ, սահմանադրական ճգնաժամի խնդրի լուծումը հրատապ է, և դրա համար պետք է գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր: Քննարկում ենք տարբերակներ, այդ թվում՝ Ազգային ժողովում խնդիրը լուծելու տարբերակը։ Այդ է պատճառը, որ խորհրդատվական կարծիք ստանալու համար Հայաստանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին։

-Մեծամասնությունն ի՞նչ սպասումներ ունի։

-Մենք քննարկում ենք մեր տարբերակները, և այնպես չէ, որ կոնկրետ ինչ-որ սպասումներ ունենք այս պահի դրությամբ։ Վենետիկի հանձնաժողովից դրական արձագանք սպասում ենք՝ հաշվի առնելով, որ Վենետիկի հանձնաժողովը ավելի վաղ արձանագրել էր, որ առկա է խնդիր։ Խնդիրը, որ արձանագրել էր նաև այս Հանձնաժողովը, Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների կարգավիճակների անհամապատասխանությունն է։ Բազմիցս նշել ենք, որ ՍԴ ներկայիս կազմը չի համապատասխանում Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի մոդելին, որին ժամանակին դրական կարծիք է տվել Վենետիկի հանձնաժողովը։ Նույն կառույցը տարբեր առիթներով նշել է, որ, այո, խնդիր կա: Ես ակնկալում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը, գուցե, առաջարկի նոր լուծումներ, և, հնարավոր է, մեր լուծումները համընկնեն։ Այս պահի դրությամբ քննարկվում են մի քանի տարբերակներ, որոնց մասին ես չեմ կարող խոսել։

-Մտավախություն չունե՞ք, որ նորից մենակ կմնաք խորհրդարանում. ու ինչպես հանրաքվեի դեպքում, չեք ունենաաջակցություն ԼՀԿ-ից և ԲՀԿ-ից։

-Այո, աջակցություն չստացանք, բայց անկեղծ լինեմ՝ անձամբ ես՝ չեմ էլ ակնկալել նրանցից աջակցություն։ Ոչ, իհարկե, մտավախություն չունեմ։

-Ընդդիմադիր խմբակցությունների հետ բանակցություններ վարո՞ւմ եք լուծման տարբերակների շուրջ համաձայնության գալու համար։

-Այս պահին չունենք վերջնական որոշում, չկա որոշակիություն, հետևաբար, բանակցություններ վարելու իմաստ էլ չկա։ Երբ մենք ունենանք լուծման մոտավոր տարբերակ, այդ ժամանակ էլ, ենթադրում եմ, բանակցություններ կսկսվեն։

-Անցած շաբաթվա՝ Փաշինյան-Բադասյան երկխոսությունից հետո հայտնի դարձավ, որ վեթինգ, դասական իմաստով, Հայաստանում չի լինելու։ Դա դժգոհությունների առիթ դարձավ հասարակական, փորձագիտական, հեղափոխությանն աջակցած անհատների շրջանում: Ինչպե՞ս եք գնահատում այս արձագանքը:

-Զարմանում եմ, երբ որոշ շրջանակներ ամեն շաբաթ զարմանքով ասում են՝ վայ, փաստորեն, վեթինգ չի լինելու։ Դատական օրենսգրքի փոփոխությունների քննարկումները բաց են եղել, հրապարակային, և շատ քչերն են արտահայտել կարծիք, որ այդ փոփոխությունները չեն ենթադրում սպասված խորքային վեթինգը՝ բարեվարքությունն ու այլ հատկանիշները ստուգելով հանել բոլոր դատավորներին կամ վերանշանակել, կամ նրանց տեղերում նոր թեկնածուներ բերել։ Արդարադատության նախարարը, որպես հակափաստարկ ասվածներին, նշել է, որ դա ամբողջությամբ տեղավորվում է մեր պատկերացումներում, այն է, ինչ կուզեինք, բայց չենք գտնում Սահմանադրությանը համապատասխան եղանակ, որով հնարավոր է այդ գործողությունները կյանքի կոչել։ Սահմանադրական փոփոխություններից հետո վեթինգի հարցին անդրադարձ կարվի։

-Իշխանությունն, այսինքն, այդպիսի նպատա՞կ ունի։

-Այո, արդարադատության նախարարն էլ ասել է, որ Սահմանադրության փոփոխություններից հետո այդ հարցին կարող ենք անդրադառնալ։ Սահմանադրության մեջ կարող են արվել փոփոխություններ, որոնք թույլ կտան անդրադառնալ հանրության շրջանում արդարադատության պակասի սուր զգացում առաջացրած դեպքերին:

-Ի՞նչն էր խանգարում սահմանադրական փոփոխություններ անել երկու, մեկ տարի առաջ։

-Սահմանադրական փոփոխություններ անելու համար նախ պետք է ժամանակ։ Մենք չենք կարող նման փոփոխություններ անել մի քանի օրում։ Ես կընդունեմ այն քննադատությունը, որ սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տրվել է ուշ, ավելի շուտ կարղ էր դա արվել։ Ընդունում եմ, որ ուշացել ենք։ Պատճառը, գուցե, է այն, որ հեղափոխությունից հետո եղել ենք ճգնաժամային կառավարման ռեժիմում և բավարար ժամանակ դրան չենք հատկացրել, բայց Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովն արդեն ձևավորված է։ Սահմանվել են նախ հայեցակարգը, հետո՝ փոփոխությունների տեքստը ներկայացնելու ժամկետները: Նախարարն արդեն հայտարարել է, որ հնարավոր է՝ մյուս տարի ունենանք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։