10 հազար՝ 100 հազարի փոխարեն․կտուգանվեն բոլոր օրինախախտները

մայիսի 19, 2020

Մայիսի 19-ին Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ հրավիրել էր հերթական արտահերթ նիստը: Առիթը դարձյալ կորոնավիրուսի համաճարակն էր. «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում առաջարկված փոփոխությամբ դիմակ չկրելու համար սահմանված 100.000-250.000 դրամ տուգանքի չափը նվազեցվեց մինչև 10.000 դրամը:

Նախագիծը խորհրդարանին ներկայացնող` արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը մանրամասնեց, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է հանրային բաց տարածքներում մարդկանց մոտ դիմակների առկայությանը: Մարդը փողոցում կարող է չկրել դիմակ, սակայն դրա առկայությունը պարտադիր է, հակառակ պարագայում կտուգանվի 10 հազար դրամով։ Փակ տարածքներում պատասխանատուն տնտեսվարող սուբյեկտներն են. եթե տվյալ տարածքում քաղաքացին դիմակ չի կրում, տնտեսվարողը տուգանվում է 100- 300 հազար դրամով: «Մենք գտնում ենք, որ դիմակ անձի մոտ չգտնվելու համար 100 հազար կամ մինչև 250 հազար դրամ տուգանելը համաչափ չէ, դրա համար սահմանվում է այս պատասխանատվության միջոցը` 10 հազարի չափով»,- մեկնաբանեց փոխնախարարը:

Պատժաչափի այս մեղմացումը պայմանավորված էր արտակարգ դրության ժամանակ կիրառված մի խումբ սահմանափակումների չեղարկմամբ` մայիսի 14-ին խորհրդարանը ևս մեկ ամսով երկարացրեց արտակարգ դրության ռեժիմը, թեպետ պարետատան որոշմամբ մայիսի 18-ից վերագործարկվեց հանրային տրանսպորտը, վերաբացվեցին առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները, մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը և այլ օբյեկտներ: Իսկ մայիսի 20-ից կվերաբացվեն նաև նախակրթարանները:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ պատժաչափի մեղմացումը վկայում է, որ կառավարությունը ունի տուգանքը լայնորեն կիրառելու մտադրություն: «Որովհետև նախկինում շատ էպիզոդիկ էր, դիպվածային։ Կարծում եմ՝ մյուս շաբաթ մենք բոլորս կտեսնենք, որ այս պատիժը լայնորեն կիրառվում է։ Չափը իջեցնում են, որ կարողանան շատ կիրառել, և դա սթափեցնող ազդեցություն կունենա մարդկանց վրա։ Այս դիմակը կարող է օգնել փրկել մարդու կյանքը։ Կա շանս։ Հիմա ասում ենք՝ կրեք էդ անտերը, ժողովուրդ ջան։ Ունեցեք մոտներդ»,- ասաց ԱԺ նախագահը:

Արդարադատության փոխնախարարը նաև հավելեց, թե տուգանքները կիրառվելու են անհապաղ։ Բացի այդ՝ քաղաքացիները չպետք մոռանան նաև անձը հաստատող փաստաթղթի մասին։ Եվ եթե չունեն ո՛չ դիմակ, ո՛չ փաստաթուղթ, ապա ոստիկանությունը նրանց բերման կենթարկի։ «Եթե անձը ունի փաստաթուղթ, ապա արձանագրությունը կարող է նաև տեղում կազմվել, եթե չէ՝ արձանագրությունը կկազմվի, երբ ոստիկանությունը անձը նույնականացնելու բոլոր գործառույթներն կիրականացնի»,- բացատրեց Վահե Դանիելյանը։

Ի դեպ, ԱԺ արտահերթ նիստին նույնպես ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկա չէր: ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» անդամ Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուքից հետո խմբակցությունը նիստերի դահլիճ վերադառնալու որոշում դեռ չի կայացրել:

Արտակարգ դրությունը հավելյալ ծախս է

Պատժաչափի մեղմացման առաջարկը դարձավ առիթ տվեց դեղատներում ու առևտրի կետերում դիմակի գնի ննարկման: 20-30 դրամով վաճառվող բժշկական դիմակներն այսօր վաճառվում են 200 և ավելի դրամով։ Պատգամավորները կողմ են խստացումներին և տուգանքի նվազմանը, բայց դժգոհություն հայտնեցին, որ այն հավելյալ ծախս է քաղաքացիների վրա, որոնց մի մասն արդեն գործազուրկ է դարձել:

Քննադատություն հնչեցնող ԲՀԿ պատգամավորները ընդգծեցին, որ դիմակներին գումարվում են թանկացած ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը, և միջին հաշվարկով՝ արտակարգ դրության պայմաններում մեկ ընտանիքին ամսական անհրաժեշտ է 50–60 հազար դրամ։

«Ինչի՞ համար է այն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ Եթե նախկինում դիմակները վաճառվում էին 30–40 դրամով, այդ մարդիկ հաստատ բարեգործություն չէին անում, իրենց շահույթը ունեին։ Հիմա պետք է հասկանալ՝ ինչու՞ են նրանք նման գերշահույթ ստանում»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը։

«Այստեղ պետությունը ինչ-որ դերակատարություն ունի՞, որ մենք հասկանանք, թե այս դիմակի հետ կապված ոնց ենք վարվում, եթե հատկապես տեղում էլ դիմակ ենք արտադրում»,- հավելեց Միքայել Մելքումյանը։

«Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց, որ այդ պարագաները թանկացել են ողջ աշխարհում: Ինքն ուսումնասիրել է շուկաներն ու տեսել, որ դրանք թանկացել են նաև Չինաստանում, որտեղից գնել ենք: «Դուք պետք է իմանաք, որ մինչև դեկտեմբերի 31-ը դիմակների ներկրումն ազատված է մաքսատուրքից։ Բա դա էլ ասեք, ասում եք՝ պետությունն ի՞նչ է անում։ Արել է իր քայլը»,- ասա նա:

«Առաջարկ–պահանջարկի մասին տնտեսագիտական պնդումները տեղին չեն, և մեր կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի այս գները կարգավորելու և սահմանաչափեր սահմանելու համար։ Այլընտրանք ուղղակի չկա»,- նշեց ԱԺ խոսնակը։  

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց հատուկ կարգով՝ 24 ժամյա ռեժիմով: Փոխնախարարը տեղեկացրեց, որ մեղմացնող օրենքներն ունեն հետադարձ ուժի սկզբունքը, և մինչև հիմա կիրառված խոշոր տուգանքները կվերադարձվեն` պահելով միայն 10.000 դրամները:

Նախագիծն ընդունվեց 87 կողմ ձայնով: