Իշխանությունը քննադատություն չի հանդուրժում․ Ա․ Կոստանյան

մայիսի 22, 2020

Հարցազրույց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հետ

-Կառավարող ուժը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծել խորհրդարանի ներսում։ Ո՞րն է Ձեր խմբակցության դիրքորոշումը:

-Այս գործընթացի առաջին փուլը, երբ Ազգային ժողովը քննարկում էր Ձեր նշած հարցը հանրաքվեի դնելու նախագիծը, մենք համարեցինք ապօրինի և քվեարկությանը չմասնակցեցինք։ Հիմա, արտակարգ դրությամբ պայմանավորված, հանրաքվեի ընթացքը փորձում են կասեցնել և խնդիրը բերել Ազգային ժողովի տիրույթ։ Մենք այստեղ տեսնում ենք իշխանության 2 թևերի՝ դատական և օրենսդիր իշխանությունների բալանսի խախտում, այսինքն՝ պետք է հաշվի առնենք, որ կա հակակշռումների ու փոխզսպման մեխանիզմ, որը խախտվելու է։ Իշխող ուժն անընդհատ ասում է, որ այս Սահմանադրությունը նախորդ իշխանության կարած Սահմանադրությունն է, ինչը երբևէ ընդդիմության և «Լուսավոր Հայաստանի» կողմից կասկածի տակ չի դրվել։ Մենք ընդամենը պնդել ենք, որ փոփոխությունները պետք է կատարվեն օրինական ճանապարհով։

-Արդարադատության նախարարը արդեն դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու խորհրդատվական կարծիք։ Ի՞նչ եք մտածում այդ գործընթացի վերաբերյալ։

-Շատ դժվար է կռահել, թե ինչ պատասխան կստացվի Վենետիկի հանձնաժողովից, որովհետև պարզ չէ, թե ինչ հարցեր են հղել Վենետիկի հանձնաժողովին, ինչ խնդիր է բարձրացվել և այլն։ Նախարարը, հայտնի է, որ հրաժարվեց փակագծեր բացել։

-«Իմ քայլի» պատգամավորները հայտարարում են, որ լուծման մի քանի տարբերակ են քննարկում։ Ձեր խմբակցության հետ քննարկում եղե՞լ է։

-Որևէ քննարկում չի եղել, այս պահին էլ չկա, և որևէ ազդակ այն կողմից չենք ստացել։

-Դուք էլ եք ասում, որ սա նախկինների կարած Սահմանադրությունն է, բազմիցս հայտարարել եք, որ չեք պաշտպանել ՍԴ գործող նախագահին, դեմ եք արտահայտվել նրան։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցի լուծումը, եթե կողմ չեք իշխանության բռնած ճանապարհին։

-Մենք ասում ենք, որ հանրաքվեի պետք է դրվեր ամբողջ Սահմանադրությունը, քանի որ շատ խնդիրներ են արձանագրվել ՀՀ Սահմանադրության մեջ։ Մենք ասում ենք՝ հատվածական լուծումներով խնդրի կարգավորումը լուրջ չէ, դա անլրջացնում է նաև պետական մարմինները մաքրազտելու մասին հեղափոխության սկզբունքը: Մենք առաջարկում ենք փոփոխություններն իրականացնել համալիր ու փաթեթային տարբերակով ու ամբողջ Սահմանադրության փոփոխման ձևաչափով։ Պետք է փոփոխվեր ու հանրաքվեի դրվեր Մայր օրենքն ամբողջությամբ:

-Հնարավո՞ր էր այս կարճ ընթացքում մշակել Սահմանադրության փոփոխությունների ամբողջական փաթեթ:

-Իհարկե, հնարավոր էր, ուղղակի անհրաժեշտ էր կամք ու աշխատանքի ցանկությունը հայտարարելով չէ, պետք են կոնկրետ քայլեր ու գործողություններ:

-Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի հայտնի բախումից հետո դահլիճից դուրս եկաք, վերջին նիստերին չմասնակցեցիք. որքա՞ն է ձգվելու այս նեղացվածությունը, ի՞նչ որոշում ունեք:

-Չէի ասի՝ նեղացվածություն: Մենք հայտարարել ենք, թե ինչու չենք մասնակցում, դա նաև մեր իրավունքն է։ Արտահերթին ու լիագումար նիստերին բացակայության հետևանքները այս պահին էլ էական չեն։ Ուզում եմ շեշտադրել, որ պատգամավորական գործունեությունը հանձնաժողովների նիստերին կամ ԱԺ լիագումար նիստերին ներկայանալով չէ։ Մենք հայտարարել ենք, որ Ազգային ժողովի նախագահի կողմից այս պահին համապատասխան երաշխիքներ տրված չեն։ Ըստ էության, ոչ մի երաշխիք չկա, որ մեր պատգամավորների նկատմամբ նույնը չի կրկնվի:

-Տիկին Կոստանյան, ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանի» և «Իմ քայլի» ջրերը մի առվով չեն հոսում, ինչո՞ւ չեք հանդուրժում միմյանց։

-Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ ընդդիմության դաշտում ենք աշխատելու, ինչը ենթադրում է նաև, որ պարբերաբար քննադատելու ենք իշխանության կատարածն ու չկատարածը՝ կառուցողական քննադատությամբ: Դա իշխանությունը չի հանդուրժում կամ չի ընկալում, ինչն էլ հաճախ դառնում է լեզվակռվի ու անհանդուրժող մթնոլորտի պատճառ: Միակողմանի խնդիր չէ. մենք մեր սխալները վերլուծում ենք, հասկանում, փորձում ենք հետագայում զերծ մնալ դրանից։ Սակայն իշխանության ներկայացուցիչները մեր քննադատությունը համարում են սադրանք ու արդարացնում մեզ վիրավորելը։ Պետք է դրսևորել հանդուրժողականություն, որովհետև խորհրդարանը այն վայրն է, որտեղ, այո, կարող են հնչել քննադատող խոսքեր:

-Իսկ վիրավորա՞նք։

-Ոչ, միանշանակ։ Վիրավորանքը՝ երկկողմանի կամ եռակողմ, դատապարտելի է ու անընդունելի։ Դրանից պետք է զերծ մնալ, որովհետև փոխադարձ վիրավորանքը առաջացնում է բռնություն, ինչը դատապարտելի է: