ՍԴ ճգնաժամի լուծումը՝ ԱԺ-ում․ իշխանությունը էլի մենակ է

մայիսի 25, 2020

Իշխանությունը քննարկում է Սահմանադրական դատարանի ճգնաժամը խորհրդարանում լուծելու հարցը: Սպասվում է, որ նախ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես կգա արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն չեղարկելու մասին առաջարկութամբ, հետո կներկայացվի խնդրի կարգավորմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը: Մինչ դա՝ փորձագիտական պատասխաններ ստանալու նպատակով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովին է ուղարկել այդ կարգավորմանն առնչվող որոշ հարցեր: Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվության միջոցով իշխանությունը ակնկալում է գտնել ճգնաժամի արագ լուծման իրավական տարբերակ՝ առանց հանրաքվե անցկացնելու:

Արդարադատության նախարարությունը պարզաբանել էր, որ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերը վերաբերում են 2015 թ. Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված ՍԴ-ի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, մասնավորապես, ՍԴ դատավորների պաշտոնավարման 12 տարի ժամկետ սահմանելուն, նրանց միջև ժամկետների տարբերակումը բացառելուն: Դրա արդյունքում արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները կդադարեցվեն:

Ըստ նախարարության պարզաբանման, հաջորդ սկզբունքային հարցը Սահմանադրության անցումային դրույթի՝ 213-րդ հոդվածի չարաշահման հետևանքների բացառումն է՝ ՍԴ նախագահը պետք է ընտրվի դատավորների կողմից՝ 6 տարի ժամկետով։ Հարցեր են ուղղվել նաև ՍԴ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տրվող եզրակացության շրջանակը հստակեցնելու վերաբերյալ, «այն է՝ արդյո՞ք մեր դեպքում առկա անորոշությունը համապատասխանում է եվրոպական լավագույն ստանդարտին»։

Հրայր Թովմասյանը կլինի ՍԴ դատավոր՝ առանց ՍԴ նախագահի պաշտոնի

«Մենք սկսեցինք փնտրել ուղիներ խնդիրն առանց հանրաքվեի, բայց միևնույն ժամանակ լիակատար լեգիտիմ և լեգալ ճանապարհով, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ լուծելու: Հիմա, կարծես թե, նախանշվում է մի հնարավոր տարբերակ: Սցենարը Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարանի իրագործումն է փաստացի: Այսինքն, անել այնպես, որ ՍԴ անդամները կամ դատավորները պաշտոնավարեն այնքան, որքան դա նախատեսված է Սահմանադրությամբ: Նրանք, ովքեր պաշտոնավարել են 12 տարուց ավելի, դադարեն պաշտոնավարել: Որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, պաշտոնավարեն ոչ թե մինչև թոշակը, այլ մինչև պաշտոնավարման 12 տարին լրանալը»,-«Ազատություն» ռադիոկայանի եթերում ՍԴ-ի ձևավորման այսպիսի մոդել էր ներկայացրել «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Այս ճանապարհով գնալու դեպքում, Հրայր Թովմասյանը, որ ՍԴ նախագահ է ընտրվել ընդամենը 2 տարի առաջ, կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր: «Սա է, մեծ հաշվով, լուծման ճանապարհը, և, բնականաբար, այս լուծումը նաև ենթադրում է մեր միջազգային գործընկերների և առաջին հերթին Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցություն: Հենց այս համատեքստում է Արդարադատության նախարարը հարցեր ուղղել Վենետիկի հանձնաժողովին: Այս հնարավոր լուծումը իր ծավալով նույնական չէ մեր առաջարկած նախնական լուծման հետ, բայց այն, ըստ էության, լուծում է համար մեկ խնդիրը, այն է՝ թղթի վրա նկարագրված Սահմանադրական դատարանը դարձնել իրականություն», -ասել է Ռուբինյանը՝ ընդգծելով, որ իշխանությունը ցանկանում է համակարգային խնդիրը լուծել և ոչ թե անձերի դեմ է պայքարում։

ԼՀԿ պատգամավոր. «Բանը բանից անցել է»

Խորհրդարանական ընդդիմությունը առայժմ լավ չի պատկերացնում ՍԴ-ի ձևավորման նոր մեխանիզմը, սակայն դիրքորոշումը հստակ է՝ գործընթացը պետք է լինի օրինական։ «Ճիշտ կլինի՝ մենք ստանանք իրավական մեխանիզմները՝ ինչ ճանապարհով են տեսնում խնդրի լուծումը, որ կարողանանք վերջնական եզրակացություն տալ։ Այս պահին մենք մոտավոր, հնչող հայտարարություններից գիտենք՝ ինչ են ծրագրում, բայց իրավական կոնկրետ դրույթներ, որոնք նախատեսում են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, չկան», -Parliamentmonitoring.am-ին ասում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ դեռ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին քննարկումների ժամանակ իրենք հայտարարել էին, որ հարցը հնարավոր է լուծել խորհրդարանում, և կարիք չկա բյուջեից հսկայական գումարներ ծախսել ու հանրաքվե անցկացնել։

«Մեր դիրքորոշումը հստակ է մի հարցում՝ իրավական մեխանիզմներն այնպես պետք է լինեն, որ չհակասեն իրավունքի էությանը, իրավական պետության գաղափարին։ Եթե ուզում են փոխել Սահմանադրության 213-րդ հոդվածը, դա խնդիր է, որովհետև այդ հոդվածը արդեն կիրառված, կենսագործված հոդված է, դերը կատարած հոդվածը փոփոխելն անիմաստ է։ Հետևաբար, այլ հոդվածում են ուզում փոփոխություն կատարել, բայց պետք է հասկանանք, թե որ։ Եթե 73-րդ գլխի (դատական իշխանությանն է վերաբերում-հեղ.) հոդվածներում են փոփոխություն ուզում կատարել, դրա համար ևս անհրաժեշտ է հանրաքվե, հետևաբար, սա էլ չի կարող լուծվել Ազգային ժողովում։ Անհասկանալի է՝ ի՞նչ մեխանիզմ են հայտնաբերել, որ մինչ այս չէին հայտնաբերել», -ասաց Տարոն Սիմոնյանը։

Նախորդ քննարկումներում, ԼՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ, իշխանությունն ինքն է հայտարարել, որ այլ կերպ, քան հանրաքվեն, հարցի լուծում չկա։ Նա նորմալ է համարում, որ միջազգային փորձագիտական համայնքից իշխանությունը փորձագիտական կարծիք է ուզում ստանալ, սակայն նորմալ չէ, երբ դիմում է այն ժամանակ, երբ «բանը բանից անցել է»։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ինչ-որ փուլում, երբ իրենց դիրքորոշումը համընկնի իշխանության դիրքորոշման հետ, աջակցեն «Իմ քայլին»,-Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Տեսականորեն, իհարկե, ամեն ինչ հնարավոր է, պարզապես մեր պահանջն է, որ ինչ արվում է, պետք է արվի Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, չխախտվի իրավունքը: Եթե մի անգամ խախտեցինք իրավունքը, այլևս չենք կարող պայքարել խախտումների դեմ, այսինքն՝ կրկնելու ենք նախորդ իշխանությունների վարքագիծը՝ անընդհատ Սահմանադրությունը խախտենք, հետո փորձենք դա արդարացնել իրավական մախինացիաներով»։

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովը կմերժի

«Բարգավաճ Հայաստանում» վերահաստատում են նախկինում ունեցած դիրքորոշումը՝ ՍԴ-ի շուրջ գործընթացը հակաիրավական է։ «Արդեն իսկ սպառած իրավանորմում (նկատի ունի Սահմանադրության 213-րդ հոդվածում-հեղ.) փոփոխություն կատարելը տրամաբանությունից դուրս է։ Ես լիահույս եմ, որ Վենետիկի հանձնաժողովը հաստատակամ կգտնվի նախկինում արտահայտած իր դիրքորոշումների մեջ և կարծիք կտա առ այն, որ Սահմանադրության այդ հոդվածը չի կարող վերանայվել», - Parliamentmonitoring.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պետգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Ըստ պատգամավորի, ՍԴ-ի դատավորներն արդեն նշանակվել ու աշխատում են, և հետադարձ ուժ չի կարող տրվել այն օրենքին, որն ունի վատթարացնող նորմ, այսինքն՝ տվյալ դեպքում վատթարացնելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վիճակը։ «Ամենազավեշտալին սա չէ, այլ այն, որ համավարակի պայմաններում, երբ բնակչության առողջությունը վտանգված է, ամեն ինչ թողել, ընկել են Սահմանադրական դատարանի հետևից։ Մի՞թե այսօր երկրի հիմնական խնդիրը Սահմանադրական դատարանն է»,-նշեց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ Ազգային ժողովը Սահմանադրական դատարան լուծարելու լիազորություն չունի։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ «ի սկզբանե անօրինական ծագում ունեցող գործողությունները չեն կարող դառնալ օրինական», հետևաբար, մեր հարցը՝ հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն խնդրի լուծման որևէ փուլում աջակցի իշխանությանը, Գևորգ Պետրոսյանը համարեց անտեղի։ «Գոյություն ունեցող իրավական կարգավորումների պարագայում «Բարգավաճ Հայաստանը» այլ դիրքորոշում չի կարող ունենալ»,-ասաց նա: