ՍԴ-ի ուրվականը Ազգային ժողովում

մայիսի 28, 2020

Մայիսի 27-ին Ազգային ժողովում դարձյալ խոսում էին Հրայր Թովմասյանից, Սահմանադրական դատարանից և Սահմանադրության հանրաքվեից: Առիթը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փոփոխությունների փաթեթն էր: Փոփոխություններ են առաջարկվում «Հանրաքվեի մասին», «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքներում:

Փոփոխությունների նպատակը, Վահագն Հովակիմյանի խոսքով, հանրաքվեի չեղարկմանն առնչվող օրենսդրական կարգավորումների ամբողջացումն է: Գործող «Հանրաքվեի մասին» օրենքը չի կարգավորում նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը: Ներկայացված նախագծով սահմանվում է, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեի նշանակումից հետո, ապա հանրաքվեին վերաբերող բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են իրավունքի ուժով: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո 12 ժամվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեի գործընթացը կասեցնելու մասին հայտարարությամբ:

Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի:

ԱԺ-ին՝ նոր իրավասություն, ՍԴ-ին՝ եղածի սահմանափակում

 «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությամբ Ազգային ժողովին տրվում է ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն չեղարկելու իրավունք: Հանրաքվե անցկացնելու մասին իր իսկ ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու նախաձեռնություն կարող է ներկայացվել պատգամավորների առնվազն ¼-րդի կողմից, բայց այս դրույթը, Վահագն Հովակիմյանի խոսքով, մինչև երկրորդ ընթերցում կարող է փոխվել:

Որոշակի սահմանափակում է առաջարկվում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում: Մասնավորապես, Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցի քննության համար սահմանվում է 15-օրյա ժամկետ՝ առանց երկարաձգման հնարավորության՝ գործող առավելագույն եռամսյայի փոխարեն: Բացի սա, առաջարկվում է Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը գնահատել միայն Սահմանադրության անփոփոխելի հոդվածների համապատասխանության տեսանկյունից:

Ընդդիմությունը դեմ էր

Թեպետ օրենսդրական փաթեթի առաջին՝ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով սահմանվում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի կասեցված գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով, Վահագն Հովակիմյանն էլ իր ելույթում ասել էր, որ նման օրենսդրական փոփոխություններով հանդես գալու առիթը համավարակով պայմանավորված արտակարգ դրությունն է, այնուամենայնիվ, խորհրդարանական ընդդիմությունը ուզում էր էլի լսել՝ կապ ունի՞ նախագիծը ապրիլի 5-ի չկայացած հանրաքվեի հետ թե ոչ:

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ներկայացված փոփոխություններին դրական չարձագանքեցին: Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան»-ից Իվետա Տոնոյանը ՍԴ-ի շուրջ գործընթացը նմանեցրեց «Կոկա-կոլա»-ի հայտնի գովազդին՝ կրկին փորձիր, Միքայել Մելքումյանն ասաց. «Սահմանադրական դատարանի շուրջ դանակ-մկրատ սրելու ժամանակը չէ», Նաիրա Զոհրաբյանն էլ կարծում էր, թե իշխանությունը Սահմանադրությունը սարքել է պոլի շոր:

 

Նա մտահոգված էր հատկապես ԱԺ-ին տրվող նոր իրավասությամբ. «Բացառո՞ւմ եք, որ տեսականորեն կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ դուք խորհրդարանին օժտեք մի լիազորությամբ, ասենք՝ չեղարկել խորհրդարանական ընտրությունները, չեղարկել ՏԻՄ ընտրությունները, Հայաստանը հռչակել միապետություն ու, ինչ ուզեք՝ անեք։ Չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր, ձեր ներքաղաքական այսրոպեական խնդիրը լուծելու համար ուղղակի ձևախեղել Սահմանադրությունը»։ Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, և որևէ մեկը չի կարող օրենքի մակարդակով Ազգային ժողովին լիազորություններ տալ։ «Օրենքով նշվում է, որ արտակարգ և ռազմական դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում, իսկ ինչ է լինում հետո, գործող օրենքը չի ամրագրում։ Մենք փորձում ենք այս փոփոխություններով տալ կարգավորումներ»,-ասաց նա:

 

Մայիսի 8-ի միջադեպից հետո (Էդմոն Մարուքյան/Սասուն Միքայելյան) նիստերի դահլիճ վերադարձած ԼՀԿ-ն հարցի քննարկմանն ավելի պասիվ էր: Խմբակցությունից Կարեն Սիմոնյանն ուզում էր իմանալ՝ ի՞նչ է փոխվել, որ իշխանությունը չի ուզում հանրաքվե անցկացնել. «Եթե Արցախում կարող եք երկու փուլով ընտրություն անցկացնել, ընտրությունից հետո՝ խնջույք, ապա ինչո՞ւ եք խուսափում Հայաստանում հանրաքվե անցկացնելու գործընթացից»,-հարցրեց նա: Հովակիմյանը հիշեցրեց, որ Արցախում ընտրությունների առաջին փուլի ժամանակ կորոնավիրուսի որևէ դեպք չէր գրանցվել, իսկ երկրորդ փուլի օրերին ընդամենը երկու դեպք էր հաստատված։ Ըստ պատգամավորի՝ հայաստանյան իրականությունը այլ է. «Բնակավայր չի մնացել, որ կորոնավիրուսի դեպք չլինի։ Մեզ համար, որպես քաղաքական մեծամասնության, հանրության առողջությունը ամեն ինչից վեր է։ Չկա այնպիսի քաղաքական նպատակ, որի դեպքում մենք մեր հանրության առողջությունը կվտանգենք»։

 

«Իմ քայլը» պատրաստ է հանրավքեի՝ միշտ

Ընդդիմությունը վստահ էր, որ իշխանությունը խուսափում է հանրաքվեից՝ մտավախությամբ, որ կարող է հաղթել «ոչ»-ը, իշխանությունը պնդում էր՝ չեն շտապում հանրաքվե անցկացնել՝ մտահոգված բացառապես բնակչության առողջությամբ:

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց. «Կարանք ժամը մեկ հանրաքվե անենք, մենք վստահության որևէ խնդիր չունենք: …Երբ որ մենք հայտարարենք, որ հանրաքվե, այնուամենայնիվ, անում ենք, դուք գալու եք ասեք՝ «ո՞նց եք հանրաքվե անում, մենք ստեղ դիմակով ենք նստած, դուք հանրաքվեի եք գնում»:

Ռուբեն Ռուբինյանն ընդդիմադիրների ելույթներից եզրակացրել էր՝ դեմ են խնդրի լուծման ցանկացած ճանապարհի. «Չեք ուզում, որ Սահմանադրական դատարանի խնդիրը լուծվի», եկել ասում եք՝ «բա ինչի՞ չեք անում էդ հանրաքվեն»:

Սուրեն Գրիգորյանը հստակեցրեց՝ կկիրառվի այս գործիքը ապրիլի 5-ի հանրաքվեի պարագայում, թե ոչ, միևնույն է, մեխանիզմը պետք է գոյություն ունենա։ «Դուք դե՞մ եք, որ ԱԺ-ն կարողանա ինքն իր որոշումը չեղարկել»,-հարցրեց պատգամավորը:

Օրենսդրական փաթեթը Ազգային ժողովը կքվեարկի հունիսի 1-ին և, ամենայն հավանականությամբ, կընդունի: