Անդրանիկ Քոչարյանը Յուրի Խաչատուրովին սպառնում է «այլ մարմիններով»

հունիսի 1, 2020

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելող ԱԺ քննիչ հանձնաժողովի մայիսի 29-ի աշխատանքային հանդիպումը առցանց էր։ «Հարցաքննվողը»՝ Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի Դաշնությունում է։

Նախկին նախարարի հետ հանդիպումից հետո հատկապես Հանձնաժողովում կարևորում են ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին լսելու անհրաժեշտությունը: Հիշեցնենք՝ վերջինը ամիսներ առաջ մերժել էր Հանձնաժողովի հրավերը՝ ներկայանալ խորհրդարան և պատասխանել հանձնաժողովականների հարցերին։

«Ես կարող եմ ասել, որ Յուրի Խաչատուրովը ունի ևս 2 օր ժամանակ՝ Հանձնաժողով ներկայանալու և պատասխանելու Հանձնաժողովի անդամների հարցերին։ Ես հիմա շատ կարևոր հայտարարություն եմ անում, և դա անհրաժեշտ է հատկապես պարոն Նալբանդյանին 2 ժամից ավելի լսելուց հետո», -Հանձնաժողովի երկժամյա նիստից հետո լրագրողներին ասաց Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Էդվարդ Նալբանդյանին տեսակապով տրվել է 47 հարց, 2-ը ընթացքում փոխվել է, մի քանիսն էլ ավելացրել է հենց Էդվարդ Նալբանդյանը։

«Հանձնաժողովն ունի հարցեր, որոնց Յուրի Խաչատուրովը պետք է պատասխանի։ Դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ։ Նամակներ չենք ուղարկելու, որովհետեւ ուղարկել ենք և ստացել ենք պատասխան։ Մինչև ամսի 4-ն է ժամկետը, և մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով նշանակել նիստ և հարցեր ուղղել պարոն Խաչատուրովին»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։

Լրագրողի հարցին՝ եթե Խաչատուրովը չներկայանա, ի՞նչ կլինի, Քոչարյանը պատասխանեց. «Այլապես մեր եզրակացությունները կներկայացնենք առանց Խաչատուրովին լսելու, և այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որոնցով պետք է զբաղվեն արդեն այլ մարմիններ, քննիչ Հանձնաժողովն այլևս անելիք չի ունենա։ Համար մեկ զինվորական պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, որն այս գործընթացի մեջ ունեցել է ամենակարևոր դերակատարումներից մեկը, պետք է գա և պատասխանի այս հարցերին, իրեն ուղղված հարցեր են դրանք»։

Անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանի պատասխանների բովանդակությանը, Քոչարյանը պատասխանեց, որ դրանք եղել են խիստ դիվանագիտական։

«Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեր համար կարևորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»:

Յուրի Խաչատուրովը միակ պաշտոնյան է, որը մերժել է Անդրանիկ Քոչարյանի և մյուս հանձնաժողովականների հրավերը և չի ներկայացել խորհրդարան։ Քոչարյանը նույնիսկ այդ առիթով կատակում էր. «Մնում էր Թրամփին հրավիրեինք, նա էլ չէր մերժի»։

Ինչո՞ւ է Յուրի Խաչատուրովը համառորեն հրաժարվում ներկայանալ Քննիչ հանձնաժողով, Անդրանիկ Խաչատրյանը դժվարացավ պատասխանել. «Ի՞նչ է նշանակում մերժել ներկայանալ մի Հանձնաժողովի աշխատանքին, որին բոլոր պաշտոնյաները, իր ենթակայության տակ եղած զինվորականները, բոլորը մեծ պատրաստակամությամբ եկել են և օգնել են մեզ` իրողությունները ճիշտ հասկանալու համար: Եվ պարոն Նալբանդյանը Մոսկվայից, չկասկածեք, եթե ինքնաթիռ լիներ, օր առաջ պետք է գար, որովհետև սրա կարևորությունը բարոյական առումով շատ ավելին է, քան թե իրավական ցանկացած խնդիր», -հայտարարեց Քոչարյանը։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, փաստորեն, Հանձնաժողով գալու երրորդ հնարավորությունն է տրվում. առաջին անգամ Խաչատուրովը մերժել էր ներկայանալ, երբ նրան պաշտոնական հրավերով էին դիմել, երկրորդ անգամ Անդրանիկ Քոչարյանը նրան հրավիրել էր 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հինգժամյա հանդիպումից հետո, Սարգսյանի հետ հանդիպումից հետո Քոչարյանը հայտարարեց, որ նույնիսկ Սարգսյանն է զարմացել՝ ինչու չի ներկայանում Խաչատուրովը։ Սերժ Սարգսյանից հետո, նկատենք, Հանձնաժողով են եկել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ նախկին պաշտոնյաներ։

Ի՞նչ է հայտնի մինչև այս պահը

Ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքները, սահմանված ժամկետների համաձայն, կավարտվեն հունիսի 4-ին։ Եզրակացությունը պատրաստելու համար հանձնաժողովը կաշխատի նաև ամռանը և սեպտեմբերին կհրապարակի եզրակացությունը։ Ուսումնասիրվել են բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր, 100 ժամից ավելի ձայնագրություն է արվել, որը պետք է լսեն։ Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ կհրապարակվի այն, ինչը պետական գաղտնիք չէ և չի վնասի երկրի անվտանգային հարցերին։

Մինչ այս պահը հայտնի է, որ գործունեության շուրջ 1 տարվա ընթացքում Քննիչ հանձնաժողովը կարողացել է ստանալ 2016-ի իրադարձությունների ընդհանուր պատկերը։ Միանշանակ է տարածքային կորուստին վերաբերող հարցի պատասխանը՝ կորուստ Հայաստանն ունեցել է, սակայն դրա մեծության մասին պատասխանները հակասական են։ Հակասական են նաև պատասխանները՝ արդյո՞ք հետախուզությունը ապրիլյան պատերազմից առաջ և դրա օրերին աշխատել է պատշաճորեն ու թերություններ թույլ չի տվել։ Մասնավորապես, Անդրանիկ Քոչարյանը մինչ այժմ բազմիցս ասել է, որ գաղտնիքներ բացել չի կարող, բայց Հայաստանի հետախուզությունը թերացումներ ունեցել է։ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ հայկական հետախուզության պատասխանատու Արշակ Կարապետյանն էլ է ասում, որ գաղտնիքներ բացահայտել չի կարող, նա գերադասում է շատ չխոսել: Ի դեպ, Արշակ Կարապետյանը, որ ապրիլյան իրադարձություններից հետո ազատվել էր ՊՆ հակահետախուզության վարչության պետի պաշտոնից, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Փաշինյանն ինքն էլ նախկինում բազմիցս հայտարարել է, որ հետախուզությունը թերացումներ չի ունեցել։