Ընդդիմությունը կողմ էր «իմքայլական» պատգամավորի նախագծին, կառավարությունը՝ դեմ

հունիսի 5, 2020

Հունիսի 4-ին «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած նախագիծը՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին: Այստեղ ուշագրավ՝ օրենսդիրի գործունեության համար անսովոր մի քանի դրվագ կար . Նարեկ Զեյնալյանը նույն՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ է, խմբակցությունը առաջին ընթերցմամբ այս նախագծին կողմ էր քվեարկել, և վերջապես՝ նախանախգիծը մեկն էր օրակարգում եղած երկու նախագծերից, որոնք ընդունելու համար խորհրդարանը արտահերթ նիստ էր նախաձեռնել: Երկրորդ ընթերցմամբ քննարկելիս Նարեկ Զեյնալյանն ինքը գործընկերներին կոչ արեց դեմ քվեարկել, որպեսզի նախագիծը տեղափոխվի առաջարկությունների ներկայացման փուլ և դարձյալ քննարկվի՝ կառավարության հետ լրամշակելուց հետո:

Նպաստ` մեկուսացվածներին և ինքնամեկուսացածներին

Նարեկ Զեյնալյանի առաջարկությանը դեմ էր կառավարությունը: Պատգամավորն առաջարկում էր համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության նպաստ սահմանել այն վարձու աշխատողներին կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց, որոնք պարետի կարգադրությամբ մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել են ու հարկադրված են եղել չաշխատել: Նպաստը պետք է հաշվարկվեր երկշաբաթյա ժամանակահատվածի համար՝ 2019թ.նվազագույն աշխատավարձի չափով:

Պատգամավորը տեղեկացրեց, որ մինչև այժմ մեկուսացվել է 5000, ինքնամեկուսացվել՝ 15.000 մարդ: Չեն վճարվի նրանք, որոնց գործատուները վճարել են այդ ժամանակահատվածի համար, ինչպես նաև` այն անձինք, որոնք այդ ընթացքում հեռավար աշխատել են կամ խախտել են ինքնամեկուսացման կանոնները: Մոտավոր հաշվարկով՝ այս նախագիծը բյուջեից պահանջելու էր 400 մլն դրամ։

Կառավարությունը դեմ էր

Կառավարությունը, սակայն, դեմ էր Նարեկ Զեյնալյանի նախագծին: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը օրենսդիրներին հորդորում էր ձեռնպահ մնալ նախագիծն ընդունելուց, քանի որ շահառուների թվի տեսանկյունից  այն անկանխատեսելի է և այս դժվար ժամանակահատվածում  ֆինանսական լրացուցիչ բեռ է ավելացնելու պետության և գործատուների վրա: Նախագիծը, ըստ փոխնախարարի, չի ծառայելու նպատակին:

Հեղինակը, այնուամենայնիվ, առաջին ընթերցման ժամանակ գործընկերներին հորդորեց կողմ քվեարկել` նկատի առնելով դրա կարեւորությունը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե հաշվի առնելով կառավարության մտահոգությունները` նախագիծը առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կլրամշակվի: Առաջին ընթերցման ժամանակ նախագիծն ընդունվեց գրեթե միաձայն, դեմ էր քվեարկել միայն «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Աղազարյանը:

Արդեն երկրորդ ընթերցման ժամանակ Նարեկ Զեյնալյանն ինքը գործընկերներին խնդրեց դեմ քվեարկել: «Կառավարության հետ ընդհանուր կոնսեսուսի եկանք, որ կարողանանք հավելյալ հաշվարկներ, կանխատեսումներ կատարել: Դա ընդունելի առաջարկ է: Առաջարկում եմ դեմ քվեարկել, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝ մեկ շաբաթ, 10 օր դադար վերցնենք ու քննարկումը տեղափոխենք առաջարկությունների փուլ, հիմնավորումներն ավելի հստակեցնենք»,- ասաց պատգամավորը:

Ընդդիմությունը դեմ էր չընդունելուն

Այս նախագծի քննարկման ընթացքում ուշագրավ էր նաև այն, որ իշխող ուժը հորդորում էր չընդունել իր պատգամավորի հեղինակած նախագիծը, իսկ ընդդիմությունը պատրաստ էր կողմ քվեարկել: Վիճակնն աննախադեպ էր. խորհրդարանական ընդդիմությունը կռիվ էր տալիս մեծամասնության ներկայացուցչի նախագծի ընդունման համար, որպեսզի այն հետ չտանեն:

«Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները մեղադրում էին իշխանություններին, թե՝ մտքափոխ են եղել ու այլևս չեն ցանկանում կյանքի կոչել օժանդակող նախագիծը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հեղինակին ասաց, որ բերել է շատ լավ նախագիծ, որը կլուծի սոցիալական լարվածությունը. «Վերջապես այդ մարդիկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն, և պետությունը կատարում է իր պոզիտիվ պարտականությունը: Այս ամբիոնից կառավարության անդամներն ասել են, որ փողի խնդիր չունեն, և անհասկանալի է, թե մինչև այս պահը խորհրդարանական մեծամասնությունն ինչու կառավարության հետ չի եկել համաձայնության: Առաջին օրը չէ, որ պատգամավոր ենք, բոլորս էլ հասկանում ենք, որ սա ջրելու տարբերակ է, որովհետև այնպիսի բարձիթողի վճակ է, որ մենք չգիտենք, թե վաղն ինչ թվեր կունենանք»:

Միքայել Մելքումյանը նոնսենս որակեց իրավիճակը՝ հավելելով, որ իրականում կառավարությունը մտավախություն ունի, որ գումարը չի բավականացնելու , որ օգնի օրինագծով նախատեսված բոլոր կարիքավորներին: «Ի՞նչ հաշվարկներ են լինելու։ Կարելի էր գիշերը ժամը 12-ին, 1-ին նիստ նշանակել: Ես, օրինակ, սիրով կգայի, կմասնակցեի, բոլոր հաշվարկները անեինք, առավոտ շուտ էդ հաշվարկները պատրաստ լինեին: Եվ ԱԺ էս ամբողջ կազմը չբերեինք այստեղ` նստեցնեինք ու ասեինք՝ հետ ենք տանում դեպի մյուս ռեժիմ»,- ասաց պատգամավորը։

ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ իր համար հաճելի անակնկալ էր այդ նախագիծը, և օրինաչափ՝ գործադիրի արձագանքը։ «Ես կասկած չունեի, որ հենց այդպիսին էլ լինելու է կառավարության արձագանքը, որովհետև այստեղ խնդիրը հաշվարկները չեն ու թվերը չեն։ Ինչո՞ւ։ Որովհետև ամսի 25-ին առնվազն ընդդիմադիր խմբակցությունները իմացան, որ նման նախագիծ կա, այսօր ամսի 4-ն է: Առնվազն այդքան ժամանակ, վստահ եմ, նախագծի հեղինակները քննարկում էին, և բավարար էր բոլոր հաշվարկները անելու համար։ Եզակի ճիշտ կանխատեսում է արել Առողջապահության նախարարը, որ մայիսի վերջին լինելու է մոտ 10 հազար վարակակիր։ Այսպես էլ եղավ։ Էդ ո՞ր թվերն ու կանխատեսումներն են անհասկանալի, որ մինչև հիմա այդ հաշվարկները չեք կարողացել անել»,- հարցրեց Մանե Թանդիլյանը։

Իսկ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ասաց, թե իրենք նախորդ օրը, մինչև երեկո, իրենք մնացել են խմբակցությունում, առաջարկ են պատրաստել: «Դուք էլ եք մնացել ու աշխատել: Հնարավոր էր միասին ներկայացնել ու նախագիծն ընդունել: Բանավեճը սրա մասին է: Մենք վատ նախադեպեր ունենք, որ տանում են, խորը թաղում, և նախագիծը չի ընդունվում»,- հավելեց նա:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց Սմբատ Սաիյանին, հորդորեց արագացնել աշխատանքները և օրինագիծը ավարտուն տեսքի բերել. «Այո, պարո՛ն փոխնախարար, Դուք ունեք պատասխանատվության Ձեր բաժինը և պետք է արագացնեք: քննադատությունների գերակշիռ մասը՝ հանած քաղաքական դեմագոգիան ու պահի պոռթկումները, ճիշտ են։ Ձեզ կոչ եմ անում գիտակցել էն պատասխանատվությունը, որը դրված է մեզ վրա, մասնավորապես՝ Ձեր և ձեր նախարարության վրա»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Նախագիծը չընդունվեց. «Իմ քայլը» դեմ էր, ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն`կողմ։