Քանի՞ անգամ կարելի է նույն սխալը կրկնել․ Հայկ Գևորգյան

հունիսի 9, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ

-ՊԵԿ նախագահի պաշտոնից Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառն իսկապե՞ս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արարատյան մաքսատան պետին աշխատանքից ազատելու պահանջն էր, թե՞ այլ խնդիրներ կային:

- Կարծում եմ՝ պատճառներն ավելի խորն են, փուլերի փոփոխություն է: Իրավիճակը, որտեղ Դավիթ Անանյանն իրեն լավագույնս է դրսևորել, փոխվել է: Հիմա պետք է ուրիշն իրեն լավագույնս դրսևորի: Դավիթ Անանյանի փուլը, օրինակ, ստվերի զգալի կրճատումն է` 2017թ. համեմատ 2019թ. 46 տոկոսով կամ մոտ 500 մլրդ դրամով հարկային եկամուտների ավելացումը դրա վառ ապացույցն է: Հիմա ավելի ինստիտուցիոնալ, ավելի կոշտություն դրսևորելու շրջան է, և եթե ուսումնասիրեք, թե որտեղից է գալիս նոր նախագահը, ամեն ինչ պարզ կլինի:

- Նոր նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նախկինում եղել է ՊԵԿ-ի քննչական բլոկում, 2019թ. ղեկավարել է Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը: Եվ կարծիք կա, որ նա համակարգում «օպերի»` ոչ այնքան լավ համբավ ունի:

- Պարզ է, ովքեր անցնում են այդ կառույցի հետախուզության տակով, նրանք լավ չեն ընդունի:

- ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անցած շաբաթ կոշտ քննադատության ենթարկեց իշխանությանը՝ ասելով, թե չիրականացրին տված խոստումները, և կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի: Վարչապետի մամլո խոսնակը հակադարձեց, թե «պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային»: Չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանի քննադատությունը տեղին էր:

- Ես իրավիճակին նայում եմ որպես լրագրող, մտածում եմ՝ քանի՞ անգամ կարելի է նույն սխալը գործել: Սա երրորդն է, առաջինը 2015թ. հայտնի իրադարձություններն էին, երկրորդը` 2018թ. հոկտեմբերի 2-ը: Ես չգիտեմ՝ ովքեր են նրա խորհրդատուները և ինչ խորհուրդներ են տալիս, բայց կարեկցում եմ այդ ԲՀԿ-ին: Իսկ այս դեպքում նա շատ լավ իմացել է, որ քրեական գործեր կան, դրա համար էլ նման քայլեր է ձեռնարկում:

- Ձեր գործընկերները տարբեր ակնարկներ են անում. օրինակ, որքան կարող է լինել Գագիկ Ծառուկյանի շահը Հյուսիս-հարավ մայրուղուց: Նրան պատկանող՝ Արարատի ցեմենտի գործարանում անցած տարի ԱԺ-ն ուսումնասիրություններ էր սկսել, Դուք նախապես խախտումների մասին էիք ակնարկում, բայց հետո ոչինչ չհրապարակվեց: Եվ տպավորությունն այնպիսին է, որ Գագիկ Ծառուկյանն ունի օրինականության խնդիրներ, բայց իշխանությունը երբեմն նրա հետ կոմպրոմիսի է գնում:

- Կոմպրոմիսի խնդիր չկա: Մեր խնդիրը բոլորին կործանելը չէ: Նախկինում բիզնեսն աշխատել է մի իրավիճակում, որը հիմա փոխվել է: Տեսեք, թե ցեմենտի նույնածավալ արտադրության պայմաններում հեղափոխությունից հետո որքան են աճել վճարված հարկերը, ստվերը կրճատվել է: Մեզ դա գոհացնում է: Բայց անընդհատ հնին վերադառնալու ձգտումներ են լինում: 2018թ. ասել ենք՝ վերահաշվարկեք ձեր գործունեությունը, վճարեք չվճարած հարկերը, հարմարվեք նոր իրավիճակին, և որևէ մեկը ձեզ չի նեղացնի: Միևնույնն է, դիմադրություն կա`փորձում են վերադառնալ հնին:

- Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել այլ ուժերի՝ քննարկելու երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղղությունները։ Իշխանություններից շատ ուժեր են դժգոհ, մտավախություն չունե՞ք, որ ձեր դեմ լայն համախմբում կձևավորվի:

- Իհարկե, ոչ: Ջրերը պարզվում են: Մի քանի խմբավորում կա, իբր, իրենք հեղափոխական են և այդ ալիքի տակ սկսել են դիրքեր զբաղեցնել: Բայց մենք հո գիտենք, թե ովքեր են: Ասում են՝ երրորդ ճանապարհ կա, դուրս չգանք փողոց: Կամ՝ եթե ես չլինեի, հեղափոխութունը չէր լինի՝ ցուցարների համար ջուր էի բերում: Ասում են՝ կորոնավիրուսի համաճարակը պատերազմ է, և պատերազմի այս թեժ պահին ուզում են թիկունքից դանակով խփել: Պատասխանը լինելու է խիստ համարժեք, չկասկածեք: Հիշեք 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ինչ էինք մենք ասում և գրում, ինչպես էինք մեզ պահում` իշխանությոանը քննադատելը դրել էինք մի կողմ: Համաճարակի այս վերելքն անցնելու է, հետո ինչպե՞ս են նայելու մեր աչքերին, ջախջախվելու են: Այդ խոսողները թող հետ գնան 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամը, երբ կոալիցիայի մեջ էին, ու հիշեն ցուցանիշները: Աշխարհում որևէ երկիր այնպիսի անկում չունեցավ, ինչպիսին Հայաստանը:

- Բայց այդպես էլ դուք որևէ գործընկեր քաղաքական ուժ չունեք:

- Մեր գործընկերը ՀՀ քաղաքացին է: 2018թ. հոկտեմբերի 2-ին ո՞վ շահեց, ո՞վ տուժեց: Փորձեցին պալատական հեղաշրջում անել ու ստացան պատասխանը: Այդ ժամանակ մենք գուցե պետք էր ավելի հետևողական լինեինք, բայց դա մեր բնույթը չէ: Դա զուտ հեղաշրջման փորձ էր, մի քանի ամիս հաշվարկել էին, բայց մի քանի ժամվա մեջ տապալվեց:

- Հիշեցիք 2016թ. ապրիլյան պատերազմի շրջանը: Նույն այդ ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա գլխավորած ՀԱԿ-ը քննադատությունը մի կողմ դրեցին և իշխանությանն աջակցող հայտարարություն արեցին, ու դա այն օրերի իշխանությունը ողջունեց: Այսօր էլ, կորոնավիրուսի համաճարակի շրջանում, Լևոն Տեր-Պետրոսյանը ձեզ քննադատողներին դատապարտող և ձեզ սատարող երկու հայտարարություն է արել, բայց դուք անուշադրության մատնեցիք նրա այդ քայլը:

- Այդ հայտարարությունն անողը դրա դիմաց ինչ-որ բան ստանալու ակնկալիք չունի: Եթե քաղաքական ուժի միջով կարմիր թելի նման անցնում է պետականության զգացողությունը, նա այլ հայտարաություն անել չի կարող: Իսկ քննադատողները երկու տարի է՝ ասում են, թե ազատագրված տարածքներն ենք հանձնում, բայց որևէ կասկած կա՞, որ այսօր բանակը շատ ավելի ամուր է:

- Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հակառակն է պնդում, որ զենքի գնման գործարքներից գումարներ են գրպանվել, որ ճիշտ զենք չեք գնել, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանը դիրքերը առաջ է տվել:

- Դա անհաջող կլոունադա է, չեմ էլ ուզում նրա ասածներին անդրադառնալ: Ասում եք՝ համախմբումներ են լինում: Ո՞ ւր է «Վերնատունը»: Նման որքա՞ն փորձեր են արել: Դե, թող միավորվեն` տեսնենք: Մեր իշխանության ամենամեծ խնդիրը լուրջ, ծանրակշիռ, հեռանկարային ընդդիմության, այլընտրանքի բացարձակ բացակայությունն է:

- Նախկին իշխանությունը լուրջ ընդդիմություն և այլընտրանք չէ՞:

- Միանշանակ` ոչ: Ձեր կարծիքով՝ ով մեզ դեմ է, Սերժ Սարգսյանի կամ Գագիկ Ծառուկյանի կողմնակի՞ցն է: Նրանք կարճաժամկետ առումով մեզ լավություն են անում. թույլ չեն տալիս, որ լուրջ այլընտրանք ձևավորվի, բայց երկրի հեռանկարի առումով դա շատ վատ է: Կարելի՞ է այսպես փչացնել ընդդիմադիր դաշտն ու սարքել ճղճիմ օրակարգերով առաջնորդվող խմբավորումների սեփականություն:

- Ձեր իշխանության բացթողումը չէ՞ր, որ Հայաստանից հեռացան և հիմա չեն ցանկանում արդարադատության առջև կանգնել բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել:

- Սահմանը հատելը անձի ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքն է, և եթե կարողանաս սահմանափակել այդ իրավունքը, պիտի ներկայացնես կոնկրետ իրավական ձևակերպումներ, որոնք չեն եղել: Ինչո՞ւ չեն եղել, և ո՞վ էր զբաղվում դրանով՝ ԱԱԾ նախկին տնօրենԱրթուր Վանեցյանը: Այդ ձևակերպումները միտումնավոր չեն արվել: Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո քանի՞ քրեական գործ հարուցվեց:

- Արթուր Վանեցյանի հրաժարականից ամիսներ հետո նույն ԱԱԾ-ի աչքի առաջ անհայտացավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին, որի նկատմամբ նույնպես քրեական գործ և կալանքի որոշում կա:

- Ես ենթադրում եմ, որ նա, այնուամենայնիվ, Հայաստանում է: Ես չեմ ասում, որ մենք իդեալական ենք աշխատում:: Իրավապահ համակարգը 30 տարի մի սկզբունքով է աշխատել, հիմա` մեկ այլ: Հեշտ չէ արագ փոխվելը

-Ասում են, թե նա Հայաստանում ռուսական ռազմաբազայում է թաքնվում:

- Չգիտեմ, չեմ կարող ասել: