Արտակարգ դրություն՝ մինչև վարակի տարածման գործակիցը կիջնի 1-ից

հունիսի 12, 2020

Հունիսի 12-ին կառավարությունը որոշում ընդունեց հանրապետության տարածքում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին: Որոշումը քննարկելու համար 2 ժամ անց, իրավունքի ուժով, հրավիրվեց Ազգային ժողովի հատուկ նիստ: Մարտի 16-ին հայտարարված արտակարագ դրությունը երկարաձգվեց 3-րդ անգամ: Հայաստանը 4-րդ ամիսը կանցկացնի կիսասահմանափակ ռեժիմում:

Որոշումը խորհրդարանին ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ասաց՝ արտակարգ դրությունը երկարաձգվում է, քանի որ կորոնավիրուսը շարունակում է տարածվել: «Այսօրվա դրությամբ մենք ունենք 15.281 հաստատված դեպք, բուժվել է 5.639 քաղաքացի: Կորոնավիրուսի պատճառով մահացել է 258 մարդ, ևս 86 մարդ մահացել է այլ պատճառով, բայց նրանք վարակված են եղել: Այս պահին ունենք ծանր վիճակում գտնվող 425 հիվանդ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը 100-ն է: Բուժհաստատությունները գտնվում են գերբեռնված վիճակում: 1857 սովորական մահճակալներից երեկ երեկոյան դրությամբ զբաղված էր 1551-ը: 239 վերակենդանացման մահճակալներից երեկվա դրությամբ ծանրաբեռնված էր 204-ը»,-հայտնեց վարչապետը:

Նրա գնահատմամբ՝ իրավիճակը ճգնաժամային է, և այն կարելի է հաղթահարել միայն հանրային վարքագծի փոփոխությամբ: Տարբեր կանխատեսումներով համավարակը կարող է ձգվել մինչև 5 տարի, և եթե հանրայնորեն սահմանված կանոնները չպահպանվեն, համավարակի հաղթահարումը կդառնա անհնար: Չի հաջողվել քաղաքացուն համոզել պահպանել սահմանված կանոնները. սա Նիկոլ Փաշինյանը ձախողում համարեց: Նա հավելեց, որ միջազգային հանրությունից ստացվող ազդակները վկայում են, որ համաճարակը կհաղթահարվի, եթե համատարած կատարվեն պարետատան որոշումներն ու ցուցումները։

Վարչապետը համոզված է, որ առողջապահական համակարգը ամբողջությամբ լուծել է իր առջև դրված խնդիրը, բայց կան մարդիկ, որոնք պնդում են, թե կորոնավիրուսը կեղծ է, բլեֆ է։ «Մեր պրոբլեմն առողջապահական համակարգից դուրս է, մեր պրոբլեմը, կներեք, մեր բիսեդկաներում է»,- ասաց նա:

Վարչապետը հանձնարարել է ձևավորել ապատեղեկատվության տարածման սկզբնաղբյուրներով զբաղվող աշխատանքային խումբ. «Արդյո՞ք կարող է այստեղ օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն, արդյո՞ք կարող է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր գոյություն ունեն, և արդյո՞ք կարող են լինել քաղաքական շրջանակներ կամ ոչ քաղաքական, կրիմինալ շրջանակներ, որոնք, իրենց նեղ շահերից ելնելով, կարող են փողեր ծախսել այդօրինակ ապատեղեկատվություն տարածելու համար»:

Հավաքների ազատությո՞ւնը, թե՞ քաղաքացու առողջությունը

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկիրն արտակարգ դրության ռեժիմից դուրս կգալ, երբ  COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութ կամ դեղամիջոց ստեղծվի, կամ երբ կանոնների պահպանման արդյունքում վարակման ամենօրյա դեպքերի թիվը նվազի մինչև օրական 100-150 մարդ, իսկ տարածման գործակիցը 1-ից ցածր լինի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց` չե՞ք կարծում, որ հավաքների ազատությունը պետք է թույլ տալ՝ դիմակներով և պահպանելով սոցիալական հեռավորությունը: Վարչապետը պատասխանեց. «Եթե սոցիալական հեռավորությունը չպահպանվեց, և բերման ենթարկվեցին, արդյունքում ստացվելու է, որ հավաքների ազատությունը խախտվեց, որովհետեւ կարող է բանավեճ ծավալվել, որ մարդու հավաքներ անելու ազատությունն ավելի գերակա է, քան մյուս իրավունքը»:

Պատասխանելով նույն խմբակցությունից Մանե Թանդիլյանի հարցին`վարչապետն ասաց, որ COVID-19-ով հիվանդներին բուժող բժիշկները ստանում են բավականին բարձր աշխատավարձ, և առաջիկայում լուծում կստանա նաև պոլիկլինիկական համակարգում վարձատրությունը բարձրացնելու հարցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արթուր Գևորգյանին էլ հետաքրքրում էր, թե թեստավորվածների թիվը ներառո՞ւմ է նույն մարդու կրկնակի, եռակի թեստավորումները: «Կա նման խնդիր, կփորձեմ այդ վերլուծությունն անել: Ես, օրինակ, թեստավորվել եմ հինգ անգամ: Գուցե տվյալներն այս պահին առանձնացված չլինեն, բայց կփորձեմ: Ճիշտն ասած, մտքովս չէր անցել»,- ասաց վարչապետը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը վարչապետից անուններ պահանջեց, թե իշխանության շարքերից ով որ հարցում է թերացել վիրուսի տարածման ընթացքում: «Անպայման պիտի գնահատական տալ, պառլամենտն էլ պիտի իմանա դրա մասին, տեսնենք` ով ինչ չի արել: Կուզենայի Ձեր ամփոփիչ ելույթում ասեիք, թե վերջին կադրային փոփոխությունները համաճարակի հետ կապ ունեն, թե ոչ և ինչքանով կապ ունեն: Քանի որ հենց այնպես ազատելով չէ, պետք է նաև պատասխանատվության ինստիտուտ լինի»,- ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ համաճարակի օրերին ոստիկանության գործելաոճին: «Մենք տեսնում ենք բռնի ուժ, մենք տեսնում ենք մարդու արժանապատվությունը նվաստացող վերաբերմունք, որն արգելված է Եվրոպական կոնվենցիայով: Դա շատ վատ հետևանքներ է ունենում նախ ոստիկանության վրա և երկրորդը` որպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետություն: Հիմա բոլոր երկրները Covid-ի ժամանակահատվածում` այս պանդեմիայի, մոնիտորինգի տակ են՝ պարզելու, թե մարդու իրավունքները որքանով են սահմանափակվում»,- հայտարարեց նա:

Նախկինները պայքարում էին ներկաների դեմ

Մինչ խորհրդարանը քննարկում էր արտակարգ դրությունը երկարացնելու հարցը, Ազգային ժողովի դիմաց մի խումբ մարդիկ բողոքում էին հավաքներ անցկացնելու իրավունքի սահմանափակման դեմ: Ու քանի որ արտակարգ դրության պայմաններում արգելվում է նման ակցիաների իրականացումը, ոստիկանները նրանցից մի քանիսին` այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ու «Իրավունքի ուղի» կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանին բերման ենթարկեցին:

Նրանց սատարելու էին եկել ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նախկին պատգամավորները`Սամվել Նիկոյանը, Էդուարդ Շարմազանովը,Մարգարիտա Եսայանը, Արծվիկ Մինասյանը և ուրիշներ: Այնտեղ էր նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ՄԻ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: