«Իմ քայլը» Գագիկ Ծառուկյանին զրկեց անձեռնմխելիությունից
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությանը։ Կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, քվեարկությանը մասնակցել էին միայն «Իմ քայլը» խմբակցությունը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Իմ քայլի» 88 պատգամավորներից նիստից բացակայում էին միայն 2-ը՝ Սասուն Միքայելյանն ու Թագուհի Թովմասյանը։
Ավելի ուշ ձայների նույն համամասնությամբ խորհրդարանը համաձայնություն տվեց գլխավոր դատախազի երկրորդ՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդությանը։
7-րդ գումարման Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանն անձեռնմխելիությունից զրկված առաջին պատգամավորն է, ինչպես նաև առաջին կուսակցապետն է, որը կանգնում է արդարադատության առաջ՝ կազմակերպված ընտրակեղծիք կատարելու համար:
Կեղծել են 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու պատճառը 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպված ընտրակաշառք բաժանելն էր: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնելով գործի մանրամասները՝ տեղեկացրեց, որ ընտրությունների ժամանակ Ծառուկյանի ցուցումով Գեղարքունիքի մարզում կազմակերպված խմբի միջոցով 171 մլ 940 հազար դրամ ընտրակաշառք է բաժանվել ԲՀԿ-ի թեկնածուի օգտին: Նա ստացել է 17․194 ձայն՝ յուրաքանչյուր ընտրողի տալով 10․000-ական դրամ։
Համաձայն գլխավոր դատախազի ներկայացման՝ կազմակերպված խմբի անդամներին գումարը տրել են ԲՀԿ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ու Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանը։ Վերջինս հիմա ձերբակալված է այլ քրեական գործի շրջանակում։
Ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ապացույցներն ի հայտ են եկել քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի նկատմամբ դեռևս փետրվարին հարուցված քրեական գործի շրջանակում։ Այս գործի համաձայն՝ «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը Վահագն Վերմիշյանին մոտ 5000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել՝ «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչում ստանալու համար։ Հենց Պողոսյանի աշխատասենյակի խուզարկության ժամանակ, հետագայում նաև ցուցմունքներից հայտնի է դարձել, որ 2017թ․ Գագիկ Ծառուկյանը նրան առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ պետք է Գեղարքունիքի մարզում ապահովի 9 հազար ձայն: Գագիկ Ծառուկյանի համաձայնությամբ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին և Աբրահամ Մանուկյանին և նրանցից, որպես կանխավճար, ստորագրությամբ ստացել է 10 հազար թղթադրամներից բաղկացած գումար։
Հայտնաբերվել են նաև ԲՀԿ-ի թեկնածուներին վերագրվող ստորագրված գրություններ, որոնցով հեղինակները պարտավորվում են որոշակի քանակությամբ ձայներ ապահովել, հակառակ պարագայում՝ հրաժարվել մանդատից։
«Գագիկ Ծառուկյանին վերագրվում է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված կազմակերպված հանցագործության կատարում, որի համար արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում»,- հայտարարեց գլխավոր դատախազը:
ԲՀԿ ղեկավարին ազատությունից զրկելու անհրաժեշտությունն էլ գլխավոր դատախազը հիմնավորեց գործի քննությանը խոչընդոտելու հավանականությամբ. «Ազատության մեջ մնալով` նա կարող է օգտագործել անձնական կապերը, ֆինանսական ռեսուրսները և նշված անձանց նկատմամբ անօրինական ներգործություն ունենալու ճանապարհով խոչընդոտել գործի քննությանը։ Նաև բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու միջոցով»։
Հորը կալանավորեք, տղան թող մնա տանը
Գագիկ Ծառուկյանը չէր ընդունում այս և այլ քրեական գործերով իրեն կամ իր ընկերությունների ղեկավարներին առաջադրված մեղադրանքները: Նա համարում էր, որ իշխանությունն իր նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսել, քանի որ ինքը քննադատում է նրանց: «Այս ամենը սկսվել է հունիսի 5-ին, երբ մենք հրապարակային կազմակերպեցինք ԲՀԿ քաղխորհրդի նիստ և նայելով տնտեսական, քաղաքական, սոցիալական, արտադրական, գյուղատնտեսական, առողջապահական իրավիճակին՝ լիարժեք ներկայացրինք այն, ինչը կա»,- ԱԺ-ում գլխավոր դատախազի մեղադրական ելույթից հետո հայտարարեց ԲՀԿ ղեկավարը:
Նա հիշեցրեց 2018թ. հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրած հուշագրի մասին, ասաց՝ իշխանության կողքին է եղել ժողովրդի կյանքում փոփոխություն անելու համար։ Իսկ հիմա, նրա խոսքով, «համաճարակը տապալված ա, տրաքած վիճակ ա, և երեք ամիս հետո սով ա լինելու»:
Անդրադարձավ նաև ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքներին․ «Ծառուկյանը` ընտրակաշա՞ռք: Թուղթ են գտել: Տո, Ծառուկյանը գումար տվե՞լ է, կա՞ էդպիսի ապացույց»։
ԲՀԿ ղեկավարն անբարոյականություն համարեց, որ քրեական գործ է հարուցվել նաև իր որդու նկատմամբ: «Ինձ կանչում են, հետևիցս տղուս են կանչում։ Ծառուկյանն էսօր գալիս է, գոնե հարգանք ունեցեք, քրիստոնյա եղեք, մարդ եք, տղան թող մնա տունը, հերը ստեղ ա։ Հորը կալանավորեք, գոնե տղու վրա բան մի սարքեք, մարդ էղեք»,- ասաց Ծառուկյանը`վերահաստատելով, որ մինչև վերջ գնալու է։
Ելույթից հետո դուրս գալով նիստերի դահլիճից՝ԲՀԿ ղեկավարը լրագրողներին ասաց, որ գնում է ԱԱԾ՝ հարցաքննության, իսկ Ազգային ժողովի շենքից դուրս՝ նրան արդեն սպասում էին ԱԱԾ-ի ներկայացուցիչները:
Քրեական գործ՝ 2017 թ. Երևանի ավագանու ընտրություններում խախտումների վերաբերյալ
ԲՀԿ ղեկավարին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու հարցի քննարկումը բավականին բուռն էր: Գլխավոր դատախազին հարցեր ուղղեցին և ելույթներ ունեցան միայն ընդդիմադի խմբակցությունների անդամներ: Եվ գրեթե բոլոր ելույթներում շեշտում էին, թե Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդման դրսևորում է:
Նորա Առուստամյանը` ձերբակալված Սեդրակ Առուստամյանի դուստրն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը եղել է իր մանկության հերոսը: Հետո հարցրեց`իր հորը հարցաքննե՞լ են, առերեսում կատարվե՞լ է հոր և գումար վերցնողի միջև: Արթուր Դավթյանը պատասխանեց`դեռ ոչ, բայց գործի քննության ընթացքում կանեն այդ գործողությունները:
ԼՀ-ից Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց 2 տարի առաջ ընդդիմադիր գործիչներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, որը Ազգային ժողով էր բերել դարձյալ Արթուր Դավթյանը, բայց հեղափոխության արդյունքում անմիջապես հետ էր վերցրել. «Որքանո՞վ պետք է հանրությունը վստահ լինի, որ այսօրվա միջնորդությունը կրկին պայմանավորված չէ քաղաքական պատվերով, և կա՞ որևէ երաշխիք, որ վաղը կրկին քաղաքական իրողությունների փոփոխությունների հետեւանքով Դուք հետ չեք վերցնի այս միջնորդությունը»: «Ես նշված երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդություն չեմ ներկայացրել: Այն պատգամավորի վերաբերյալ, որ ես ժամանակին ներկայացրել եմ, Ձեզ ուղիղ պատասխանում եմ. ակնհայտ քաղաքական հանձնարարություն չէր, դրան շատ մանրամասն անդրադարձել եմ»,- պատասխանեց Արթուր Դավթյանը։
Քննարկման ժամանակ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ 2017 թ. Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ապօրինի եղանակով շուրջ 100-120 հազար քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել Երևան և հաշվառվել տարբեր հասցեներում` ԲՀԿ թեկնածուի օգտին քվեարկելու համար: Թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն էր: ԱԱԾ-ն նաև պարզել է, որ նա համախոհների հետ խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է փաստը, որ ԲՀԿ-ն նախկին տարիներին անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…»:
ԱԺ ամբիոնից դիմելով Արթուր Դավթյանին՝ Նաիրա Զոհրաբյանը ասաց. «Չի ստացվելու նաև իմ վրա քրեական գործ կարելու ջանքերը: Դուք վատ դատախազ եք, վատ իրավաբան եք, որովհետև բարոյականություն չունեցող մարդ եք: Ես հայտարարություն եմ տալու հանցագործության մասին: Սա ապացուցում է, որ առնվազն 2 տարի Դուք լսել եք իմ հեռախոսները: Այս ամենը, ինչ կատարվում է այստեղ, ուղարկելու եմ եվրոպական բոլոր կառույցներին: Իրենք երեկվանից դիմում են մեզ: Դուք ուզում եք իմ վրա գործ սարքել»:
Գլխավոր դատախազի միջնորդությունների քվեարկությունների ընթացքում ԲՀԿ-ականներն արդեն դահլիճում չէին: Գագիկ Ծառուկյանի հետևից նրանք գնացել էին ԱԱԾ և սպասում էին նրա դուրս գալուն: Մոտ 8 ժամ տևած հարցաքննությունից հետո Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից ու հայտարարեց. «Շինծու, սարքած գործ ա, դատարանում կքննվի՝ կտեսնեք»: