ԲՀԿ-ն ԼՀԿ-ի կարիքն ունի
Հունիսի 18-ին ավարտվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանը: Նստաշրջանը փակվեց առանց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության: Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու համաձայնություն տալուց հետո հունիսի 17-ին խմբակցությունը հայտարարել էր ԱԺ նիստերը բոյկոտելու մասին և լքել էր նիստերի դահլիճը։ Մինչ դա՝ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հանդես էր եկել հայտարարությամբ ու ասել, թե ցավում է, որ քաղաքական մեծամասնությունը «փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին»։
«Մեկ բան հիշեք՝ Հայաստանը բռնապետական երկիր դառնալու ռեսուրս չունի։ Գլխավոր դատախազի և ձեր մասնակցությամբ Ազգային ժողովում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական հաշվեհարդար ձեր կարծիքին անհամաձայնություն հայտնած քաղաքական ուժի և դրա ղեկավարի հանդեպ»,-դիմելով խորհրդարանական մեծամասնությանը հայտարարել էր Արման Աբովյանը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը համակ ուշադրությամբ հետևում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացներին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները դահլիճից դուրս ակտիվորեն շարունակել իրենց գործունեությունը խորհրդարանում, մասնավորապես, պատրաստվում են հանդես գալ կորոնավիրուսի կանխարգելման հանգամքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ և դիմել Սահմանադրական դատարան։
«Կորոնավիրուսի դեմ պայքարում տարածաշրջանում ամենավատ ցուցանիշն ենք արձանագրում, ունենք 100-ավոր մահեր, քաղաքացիները դիմել են բուժհաստատություններ, չեն ընդունել, գրանցվել են մահեր։ Բազում հարցեր կան, և մեր խմբակցությունը նախաձեռնում է ստորագրահավաք Քննիչ հանձնաժողով ստեղծելու համար», -լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը։
Սահմանադրական դատարանում էլ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպումն արգելելու մասին պարետի որոշման իրավաչափությունը։
«Այս աշխատանքները ընթացքի մեջ են։ Մենք կոչ ենք անում այս գործում մեզ միանալ «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերներին, որպեսզի ունենանք բավարար չափով ստորագրություններ»,-հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
ԼՀԿ-ն դեմ չէ, բայց համաձայն էլ չէ
Առանց «Լուսավոր Հայաստանի»՝ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող կյանքի կոչել այս երկու նախաձեռնությունները: 27 ստորագրություն հարկավոր է Սահմանադրական դատարան դիմելու, 33 ստորագրություն՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար, մինչդեռ «Բարգավաճ Հայաստանն» այսօր, փաստացի, ունի 25 պատգամավոր. 26-րդը անձեռնմխելիությունից զրկված Գագիկ Ծառուկյանն է:
«Լուսավոր Հայաստանը» ԲՀԿ-ին կաջակցի պայմանով. քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը կմիանան պայմանով, եթե դրա նախագահը լինի ԼՀԿ-ից, քանի որ առաջինը իրենք են խոսել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ «Մենք քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարին կաջակցենք պայմանով, որ հանձնաժողովը նախագահի «Գաղափարը մերն է, և պետք է այս առումով առաջնահերթություն տրվի գաղափարի իրականացման գործում», -լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նաև հիշեցրեց, որ անկախ իրենց աջակցությունից՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը հնարավոր կլինի քննարկել միայն սեպտեմբերին՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանում:
Հավաքների ազատության հարցով ՍԴ դիմելու մասին էլ Մարուքյանն ասաց, որ ինքը արդեն հորդորել է վարչապետին վերանայել պարետատան որոշումը և հնարավորություն տալ մարդկանց դիմակներով, ֆիզիկական հեռավորությունը պահպանելով անցկացնել իրենց հավաքը:
«Դա ֆունդամենտալ իրավունք է, և անհրաժեշտ է, որ իրացվի: Եթե դու բողոքը ճնշում ես և պահում ես մարդկանց մեջ, դա դառնում է եռացող կաթսա: Մեկի տան գազն են անջատել, ուզում է բողոքի, թող բողոքի: Կառավարության առջև ամեն օր բողոքի ակցիաներ կան: Մենք մինչև հիմա վարչապետի որևէ պատասխան չունենք: Ես կարծում եմ, որ բոլոր միջոցները սպառելու դեպքում պետք է դիմել ՍԴ: Մեր դիրքորոշումը հետևյալն է. ՍԴ դիմելուց առաջ ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի որևէ միջոցառում անվավեր ճանաչելու նախաձեռնություն: Նման նախաձեռնություն ԱԺ-ում չի եղել: Հիմա կարող ենք ստորագրություններով նիստ հրավիրել և այդ հարցը դնել: Եթե ԲՀԿ-ն ցանկանա, մենք կարող ենք դա անել»,-ասաց Մարուքյանը:
«Իմ քայլը» մտահոգված չէ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ եթե ընդդիմությունը ստեղծի քննիչ հանձնաժողով, իրենք էլ հանձնաժողովի միջոցով պարզելու հարցեր կունենան, մասնավորապես, թե ինչպե՞ս են տարածվում կեղծ լուրեր կորոնավիրուսի լինել-չլինելու, դիմակ կրել-չկրելու կարևորության մասին։
«Կկարողանանք քննել այն լուրերը, թե ԲՀԿ-ամերձ խմբեր տարածում են, իբր կորոնավիրուսը գոյություն չունի, դիմակ կրել պետք չի, պատգամավորներ կան, որոնք նույնիսկ դիմակ չեն կրում: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, դրան նույնպես լավ եմ վերաբերվում: Պետք է կոորդինատների ճշտում տեղի ունենա: Այդ Սահմանադրական դատարանի հետ կապված բոլոր խնդիրների պարագայում ձեր նշած գործընկերները խոսել են այն մասին, որ իրենք մեծ հաշվով համաձայն են, որ Սահմանադրական դատարանի հետ կապված խնդիր գոյություն ունի, ասել են բազմիցս, որ իրենք դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը, բայց հիմա որոշել են դիմել իրենց կողմից դեմ քվեարկված Հրայր Թովմասյանին, որպեսզի նա լուծում տա: Կարծում եմ, որ այս կոորդինատների ճշտման փուլը ավարտին կհասցվի, ուղղակի վստահ չեմ, որ Սահմանադրական դատարանի հետ կապված հարցը մենք մինչ այդ արդեն լուծած չենք լինի, և այդ կազմը քննի: Դրա հետ կապված ես խիստ կասկածներ ունեմ», -ասաց Ալեն Սիմոնյանը:
Ի դեպ, ընդդիմադիր խմբակցությունները կարող են հանդես գալ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, բայց այդ հանձնաժողովի անդամների թիվը պետք է հաստատվի Ազգային ժողովի քվեարկությամբ, որի մեծամասնությունը իշխանությունն է: Քննիչ հանձնաժողով ստեղծելու ԼՀԿ-ի մեկ նախաձեռնություն նստաշրջանի սկզբում տապալվեց հենց այս պատճառով: