Էլի մեկ քայլ՝ ՍԴ-ի խնդրի լուծման ճանապարհին

հունիսի 20, 2020

Հունիսի 19-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: Նման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ պատգամավորների առնվազն 1/3-ը, իսկ որպեսզի նախագիծն ընդունվի, անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի կողմ քվեարկությունը:

«Իմ քայլը» պատգամավորների ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի նախագծի բովանդակային այլընտրանքն է:

Հանրաքվեով որոշվելու էր՝ կողմ, թե դեմ է ժողովուրդը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարելուն: Շրջանառության մեջ դրված նախագծով փոփոխություններ են առաջարկվում Սահմանադրության 213-րդ՝ Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը սահմանող հոդվածում: Նախագծի ընդունվելու դեպքում կդադարի պաշտոնավարել ՍԴ այն անդամը կամ դատավորը, որը պաշտոնավարել է ոչ պակաս, քան 12 տարի:

Այսօր գործող ՍԴ-ի 9 դատավորներից 12 տարի պաշտոնավարածները 3-ն են՝ Ֆելիքս Թոխյան, Ալվինա Գուլումյան, Հրանտ Նազարյան:

Առաջացած թափուր տեղերի համար առաջադրումներ կկատարեն հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 1 ամսյա ժամկետում:

Նրանք, ովքեր պաշտոնավարել են 12 տարուց պակաս, կշարունակեն պաշտոնավարել մինչև 12 տարի լրանալը: Կդադարի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը: ՍԴ նոր նախագահը կընտրվի փոփոխությունների այս նախագծի ընդունումից հետո ձևավորված ՍԴ-ի կողմից:

Մինչև շրջանառության մեջ դրված այս նախագծի օրակարգ ընդգրկումն ու քննարկումը, սակայն, ենթադրվում է, որ խորհրդարանը պետք է չեղարկի ապրիլի 5-ի հանրաքվեն ՀՀ նախագահի կողմից նշանակելու համար հիմք հանդիսացող ԱԺ որոշումը՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ: ԱԺ-ին նման լիազորություն տրվել է ԱԺ կանոնակարգ օրենքում մայիսին կատարված փոփոխությամբ, որը ներկայացրել էր «Իմ քայլը» պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Հանրաքվեի անցկացման մասին որոշումը չեղարկելու մասին նախագխով կարող են հանդես գալ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: