ԱԺ-ն փոխում է Սահմանադրությունը, որ փոխի ՍԴ կազմը

հունիսի 22, 2020

Հունիսի 22-ին Ազգային ժողովը հրավիրեց երկու արտահերթ նստաշրջան, երկուսն էլ անցկացրեց առանց ընդդիմության: «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ անիմաստ են համարում մասնակցել օրակարգում ընդգրկված հարցի քննարկմանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի 89 «կողմ» քվեարկությամբ Ազգային ժողովը ընդունեց Սահմանդրության մեջ փոփոխություններ առաջարկող նախագիծը, որը վերաբերում էր Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում՝ նախադեպ

Հունիսի 22-ին առաջին անգամ Ազգային ժողովը հանդես եկավ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ:

«Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորների ներկայացրած նախագծով փոփոխություններ են առաջարկվում ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածում, որը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարմանը: Մասնավորապես, ՍԴ դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է:

ՍԴ այն անդամը, որը պաշտոնավարել է 12 տարուց պակաս, շարունակում է պաշտոնավարել մինչև 12 տարին լրանալը:

Սահմանվում է, որ ՍԴ դատավորների թափուր պաշտոնների համար առաջադրումները կատարում են Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը՝ հաջորդաբար, մեկամսյա ժամկետում:

Դադարում է ՍԴ նախագահի պաշտոնավարումը: Սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը ընտրվում է փոփոխությունների նախագծի ընդունումից հետո՝ ՍԴ-ի համալրված կազմի կողմից:

Հակիրճ՝ «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած նախագծով դադարեցվում է ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ անդամ:

Սահմանադրության մեջ փոփոխություն առաջարկող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո մեծամասնությունը քվեարկությամբ որոշեց Սահմանադրական դատարանի եզրակացությունն ստանալու համար այն ՍԴ չուղարկել՝ հիմնավորմամբ, որ Սահմանադրական դատարանը քննարկվող խնդրի կողմ է և զրկված է օբյեկտվ որոշում կայացնելու հնարավորությունից։

Երկրորդ ընթերցմամբ ևս, առանց ՍԴ եզրակացության, նախագիծն ընդունվեց 89 «կողմ» ձայնով:

«Սահմանադրության մեջ կատարված այս փոփոխությունը հանուն Հայաստանի Հանրապետության է և հանուն հանրային վստահությունը վայելող Սահմանադրական դատարան ունենալու», -նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

«Ի՞նչ են ուզում ՀՀ քաղաքացիները, անկախ, չկոռումպացված դատական համակարգ։ Եկեք արձանագրենք՝ ովքեր են դիմադրում այդ գործընթացին. նախկին կոռումպացված համակարգի շահառուները, մենք ի՞նչ պետք է անենք, կարծում եմ՝ պատասխանը միանշանակ է՝ մենք ի կատար պետք է ածենք ժողովրդի ցանկությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և վերջ», -հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Արտահերթ՝ արտահերթից հետո

Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունումից հետո պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվեց ևս մեկ արտահերթ նստշրջան՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու համար: ԱԺ նախագահի լիազորությունների բաժնում ավելացվում է նոր դրույթ՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված դեպքերում հրապարակում է ԱԺ-ի կողմից ընդունած Սահմանադրության փոփոխությունները։

Առաջարկվում է նաև ԱԺ կանոնակարգով հնարավորություն տալ ԱԺ նախագահին 7-օրյա ժամկետում հրապարակել ԱԺ-ի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ «Հայաստանի պատմության մեջ չի եղել պրակտիկա, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ընդունվելուց հետո ստորագրվի։ Սահմանադրական փոփոխությունների ստորագրման ինստիտուտ չի եղել։ Չի կարող նման բան լինել, որ ԱԺ-ն ընդունի Սահմանադրության փոփոխություն, որը ստորագրվի, նոր ուժի մեջ մտնի», -ներկայացրեց նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը։

Այս փոփոխությունը սոցիալական ցանցերում ներկայացվեց որպես ՀՀ նախագահին ընդունված օրենքը ստորագրելու լիազորությունից զրկելու քայլ: ԱԺ նախագահի արձագանքը չուշացավ. «Ես ուղղակի ի լուր աշխարհի ուզում եմ ասել, որ այս նախաձեռնության այդ հատվածը ինտենսիվորեն քննարկվել է նախագահի և նրա աշխատակազմի հետ։ Ավելին, հենց այնտեղից են մեզ գործընկերաբար նկատել ու առաջարկել շտկել բացը, հստակ կարգավորում մտցնել, ինչը անում ենք։ Խնդրում եմ չտրվել ապատեղեկատվության»,-հայտարարեց ԱԺ նախագահը:

Այս փոփոխությունների նախագիծը ևս ընդունվեց 89 ձայնով, երկրորդ ընթերցմամբ: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվել էր հունիսի 3-ին, դարձյալ միայն «Իմ քայլի» «կողմ» քվեարկությամբ:

«Հպարտ եմ մեր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» խմբակցությամբ», ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից հետո իր ֆեյսբուքյան էջում գրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բարգավաճ Հայաստանը» աջակցություն է փնտրում, կամ «Լուսավոր Հայաստնը»՝ ճնշման տակ

Ազգային ժողովի երկու արտահերթ նստշրջաններից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբացությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ խորհրդարանի ընդունած որոշման սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու համար։ «Դիմում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին ՝ միանալ այս նախաձեռնությանը ՝ մեր երկրում իրավական անվտանգությունը պաշտպանելու և սահմանադրական կարգի տապալումը կանխելու համար», -հայտարարում էր ԲՀԿ-ն՝ ընդգծելով, որ խորհրդարանի գործողությունները հակասահմանադրական են։ «Բարգավաճ Հայաստան»-ին ՍԴ դիմելու համար պակասում է ընդամենը 2 պատգամավորի ստորագրություն. անհրաժեշտ է 27ստորագրություն, իսկ ԲՀԿ-ի 26 հոգանոց խմբակցությունում, Գագիկ Ծառուկյանի՝ անձեռնմխելիությունից զրկվելուց հետո, մնացել է 25 պատգամավոր:

ԱԺ «Լուսավոր Հայաստանը» ևս հանդես եկավ հայտարարությամբ. «Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում։ Մինչդեռ 168-֊րդ հոդվածի նշված կետերով սահմանված դեպքերը չեն ներառում Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու պատգամավորների իրավունքը։

Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրությունը՝ Հրայր Թովմասյանի համահեղինակած 2015թ. խմբագրությամբ, իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան այս հարցով։

Մինչդեռ այս պայմաններում Հանրապետության Նախագահը դեռևս ունի իր իրավասությունները սահմանափակող ԱԺ կողմից այսօր ընդունած օրենքի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն։Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու կապակցությամբ»։

«Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնությունը ողջունեցին և «Լուսավոր Հայաստանին» ԲՀԿ-ի նախաձեռնությանը միանալու կոչ արեցին արտախորհրդարանական ուժերը: