Փոփոխությունները մտան ուժի մեջ․ ԱԺ-ն 3 նոր ՍԴ դատավոր կընտրի

հունիսի 27, 2020

Հունիսի 26-ին ուժի մեջ են մտել Ազգային ժողովի հեղինակած Սահմանադրության փոփոխությունները: Դրանցով դադարեցվում ՍԴ դատավորներից 3-ի՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը:

Սահմանադրության փոփոխված` 213 հոդվածը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է»:

Հրանտ Նազարյանը որպես ՍԴ դատավար պաշտոնավարել է 24, Ֆելիքս Թոխյանը` 22, իսկ Ալվինա Գյուլումյանը՝ ավելի քան 12 տարի, բայց ընդհատումով:

Նույն փոփոխություններով դադարեցվել են Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնում. նա այսօր ՍԴ շարքային դատավոր է: ԱԺ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ՍԴ նախագահի լիազորությունները դրվում են ՍԴ տարիքով ավագ դատավորի` Աշոտ Խաչատրյանի վրա: ՍԴ-ն այս պահին ունի 6 դատավոր:

Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել էին «Իմ քայլը» խմբակցության 54 պատգամավորները: Նախագիծը խորհրդարանին ներկայացրեց պատգամավոր Վահագն Հովակիմյանը: «Ինձ համար մեծ պատիվ էր, որ գործընկերներս ինձ վստահեցին նախագծի հիմնական զեկուցողի պարտականությունը»,- Parliamentmonitoring.am-ին ասել էր պատգամավորը:

Գյուլումյանը կբողոքարկի, Գրիգորյանը կմասնակցի նիստերին

Մինչ ԱԺ-ն կտարածեր ՍԴ-ին վերաբերող հաղորդագրությունը, ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտարարեց, թե Հրայր Թովմասյանը և դատավոր Արևիկ Պետրոսյանը հունիսի 25-ից արձակուրդում են, նրանք արձակուրդ են ձևակերպել մինչև իրենց պաշտոնավարման վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, իսկ ՍԴ նախագահի լիազորությունները դրվել են տարիքով ավագ Ալվինա Գյուլումյանի վրա:

Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե հենց տեսնի անհատապես իր պաշտանավարման դադարեցման իրավական ակտը, կբողոքարկի դա:

Սահմանադրական փոփոխությունների` ուժի մեջ մտնելու օրը ՍԴ էր եկել շուրջ մեկ տարի առաջ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, ով ընտրվելուց անմիջապես հետո ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե գնում է ստանձնելու ՍԴ նախագահի լիազորությունները: Նա, սակայն, երբևէ չի մասնակցել ՍԴ նիստերին` մեկնաբանելով, թե այդ մարմինը լեգիտիմ չէ, բայց քանի որ «ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված քայլեր են արվել, այսուհետ մասնակցելու է նիստերին»: Նա ասաց, որ անցած մեկ տարվա ընթացքում մշակել է ընթացակարգային փաստաթղթերի նախագծեր, որոնք ժամանակի ընթացքում մյուս դատավորների հետ քննարկելով` պետք է ընդունվեն:

Պատրաստվում են ՍԴ նոր դատավորների ընտրությանը

Սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելուց րոպեներ անց`ուղիղ կեսգիշերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «…Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ: ….Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը եւ առաջնորդվել ըստ այդմ»:

Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավորներ կարող են առաջադրել ՀՀ նախագահը, Կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը: Այս երեք ինստիտուտներերը պետք է երկու ամսվա ընթացքում առաջադրեն մեկական թեկնածու: Ազգային ժողովը պետք է լիագումար նիստի ընթացքում կազմակերպի թեկնածուների ընտրության քննարկումը և ընտրությունը: ՍԴ դատավորներն ընտրվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 12 տարի ժամկետով:

Մինչ դա, Հրայր Թովմասյանի և Արևիկ Պետրոսյանի արձակուրդից վերադառնալուց հետո, ՍԴ-ն կարող է գումարել նիստեր՝ քվորում ապահովելով 6 դատավորով:

Ընտրությունը չի ուշանա

Սահմանադրության փոփոխությունների ընդունման օրը`հունիսի 22-ի, փոփոխություններ կատարվեցին նաև Աժ կանոնակարգ, Դատական և Սահմանադրական դատարանի մասին օրենքներում: Այդ փոփոխություններից մեկով սահմանվում է, որ ՍԴ դատավորի ընտրություն կարելի է կազմակերպել նաև ԱԺ արտահերթ նիստում:

Բացի սա, ԱԺ նախագահին իրավունք տրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հրապարակել 7 օրյա ժամկետում: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դա արեց հունիսի 25-ին: Սահմանադրությունը չի նախատեսում Սահմանադրության փոփոխությունների նախագծի ստորագրումը որևէ սահմանադրական մարմնի`ՀՀ նախագահի կամ ԱԺ նախագահի կողմից: ԱԺ կողմից ընդունվելուց հետո այն հրապարակվում և ուժի մեջ է մտնում առանց ստորագրվելու:

Օրենսդրական այդ փոփոխությունները նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր ստանալուն պես` հունիսի 24-ի գիշերը`արժանանալով ընդդիմության բուռն քննադատությանը:

Մաթեմատիկական հաշվարկ` ըստ ԲՀԿ-ականների

Խորհրդարանական ընդդիմությունը` «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները պահանջում էին Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ուղարկել ՍԴ` դրա սահմանադրականությունը որոշելու համար: Իշխանությունը դեմ էր` պնդելով, որ Սահմանադրությունը դա չի պահանջում: Այնուամենայնիվ, ԲՀԿ-ն դիմեց ՍԴ:

Բարձր դատարան դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/5-ի կամ 27 պատգամավորի ստորագրությունը: ԲՀԿ-ն ունի 25 պատգամավոր, նրանց միացավ ԲՀ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Լուսավոր Հայաստանը» հրաժարվեց ընդամենը 1 ստորագրությամբ նախաձեռնությանը միանալու առաջարկից` ասելով, թե կմիանա, երբ ՍԴ-ն քննի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, որի քննության օր է նշանակված է հուլիսի 7-ը:

Հունիսի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, թե ՍԴ դիմելու գործընթացին չխանգարելու համար հետ են վերցնում իրենց դիմումը: ԼՀԿ-ն հայտարարեց՝ միևնույնն է, հարցը քննվելու է, քանի որ ՍԴ վարույթում է նույնաբովանդակ և գրեթե միաժամանակ ներկայացված մեկ այլ դիմում`արդեն Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից:

Ի վերջո ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հունիսի 25-ին դիմումը ներկայացրեց ՍԴ` ասելով, թե ԱԺ 1/5-ը կամ 20 տոկոսը հավասար է 26,4 պատգամավորի:

Իշխանությունն ընդդիմանում է, թե 26 կամ 26,4 պատգամավորը 27 պատգամավոր չէ և կազմում է ԱԺ 19,7 տոկոսը, որը միանշանակ փոքր է 20 տոկոսից կամ 1/5-ից: Վահագն Հովակիմյանը հիշեցնում է, թե որոշ օրենսդրական նախագծներ ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի ձայնը, ինչը նույն հաշվարկով կկազմի 79,2 պատգամավոր, բայց միևնույնն է, ընդունելու համար անհրաժեշտ է 80 ձայն: «Բա քվեարկությունների ժամանակ ԲՀԿ-ն ինչո՞ւ չի հայտարարում, որ 79 պատգամավորն էլ կազմում է ԱԺ-ի 3/5-ը, և այդքան ձայնով էլ կարող են այդ օրենքներն ընդունվել»,- հակադարձում է նա:

Սահմանադրական դատարանը 15 օրվա ընթացքում կորոշի՝ ընդունե՞լ ԲՀԿ-ի դիմումը վարույթ, թե՞ ոչ: