Կունենանք բալանսավորված ՍԴ՝ ձևավորված տարբեր իշխանությունների օրոք

հունիսի 29, 2020

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։

-Սահմանադրության փոփոխություններն արդեն օրենքի ուժ ունեն, և, փաստորեն, ՍԴ ճգնաժամի լուծման գործընթացը, որի մասին իշխանությունը խոսում է, մտել է գործողությունների փուլ: Բայց ՍԴ երեք դատավորները, որոնց պաշտոնավարումը օրենքով դադարում է, հայտարարել են, որ պայքարելու են իրենց իրավունքների համար, իսկ Ալվինա Գյուլումյանը վիճարկում է փոփոխությունների՝ իրեն վերաբերելու հարցն ընդհանրապես: Սպասելի՞ էր այս իրավիճակը:

-Մենք ունենք երկրի Մայր օրենքում կատարված փոփոխություն, որը, ինչպես նախագծում նշված էր, հրապարակմանը հաջորդող երկրորդ օրը մտել է ուժի մեջ։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունը դադարեցվել է, իսկ ՍԴ նախագահը պաշտոնավարելու է որպես ՍԴ դատավոր։ Այո, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտարարել է, որ այդ փոփոխությունները իրեն չեն վերաբերում, թեպետ նախագծում հստակ էր, որ դադարեցվում են ՍԴ այն անդամի լիազորությունները, որի պաշտոնավարման ընդհանուր տևողությունը գերազանցել է 12 տարին։ Տիկին Գյուլումյանի կարծիքով՝ խնդիրը ժամկետն է, քանի որ ինքը պաշտոնավարել է ընդմիջումով, և ըստ նրա՝ իր պաշտոնավարումը չպիտի դադարի:

-Տպավորություն չունե՞ք, որ ՍԴ անդամները չեն ցանկանում զիջել, և ինչպես Հրայր Թովմասյանն էր ասել՝ պահում են իրենց հանձնված սահմանը։

-Ես չեմ ցանկանում մեկնաբանել ՍԴ դատավորների գործողությունները, բայց հստակ կարող ենք ֆիքսել, որ երկրի Մայր օրենքը կիրարկման մեջ է մտել, չի կարող որևէ կերպ մեկնաբանվել կամ չի կարող տարընթերցումների հիմք տալ։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 167-րդ հոդվածը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը իրականացնում է իր գործունեությունը հենց Սահմանադրության միջոցով, Սահմանադրության գերակայությամբ և ենթարկվում է միայն Սահմանադրությանը։ Այսօր ստացվում է, որ ՍԴ-ն, որպես պետական մարմին, չի ենթարկվում Սահմանադրությանը։ Հերթական աճպարարությամբ Հրայր Թովմասյանը իր պարտականությունները դրել է մեկ այլ անդամի վրա, որի լիազորությունները դադարեցված են։ Մինչդեռ մենք ունենք ուժի մեջ մտած սահմանադրական նորմ. եթե ՍԴ նախագահի ու փոխնախագահի պաշտոնները թափուր են, նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է տարիքով ավագ դատավորը։ Սահմանադրության վերջին փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը ՀՀ նախագահին, կառավարությանը և Դատավորների ընդհանուր ժողովին տեղեկացնում է, որ կան թափուր տեղեր, և դրանք պետք է լրացնել։ Սահմանադրության փոփոխված 213-րդ հոդվածում նշված է հստակ ժամկետ՝ երկու ամսվա ընթացքում Ազգային ժողովը համալրում է թափուր տեղերը։ Այդ ընթացքում ՍԴ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը. Մեր ընդդիմախոսների հայտարարությունները, թե Դատարանում ճգնաժամ է, նիստեր չեն կարող անցկացվել, հիմնավոր չէ, որովհետև մենք այսօր ունենք 6 դատավոր, քվորումը կա։

-Դուք աչքի տակ ունե՞ք թեկնածուներ ՍԴ դատավորի թափուր մնացած տեղերի համար:

-Մենք չէ, որ պետք է ունենանք թեկնածուներ, այլ ՀՀ նախագահը, կառավարությունը և Դատավորների ընդհանուր ժողովը։ Կառավարության հետ թեկնածուի շուրջ քննարկումներ չկան: ՍԴ դատավորը Ազգային ժողովում ընտրվում է փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 3/5-րդ ձայնով, այսինքն, անհրաժեշտ է 80 ձայն։ Սովորաբար, թեկնածուները, որոնց ընտրում է Ազգային ժողովը, հանդիպում են խմբակցություններին, և կարևոր է, որ այդ թեկնածուները ընտրվեն ոչ թե պահանջվող նվազագույն 80, այլ ավելի բարձր ձայներով: Մենք պետք է հասնենք նրան, որ ՍԴ-ն դառնա ապաքաղաքական մարմին։ Դա բխում է իմ և մեր քաղաքական ուժի համոզմունքներից: Մեզ պետք չեն կամակատարներ Սահմանադրական դատարանում, և ՍԴ նոր կազմում կարող է հակակշռում լինել: ՍԴ չորս դատավոր նշանակվել են 2010-18 թվականներին, այդ 4-ից մեկին ընտրել է 6-րդ, մեկին էլ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը: Առաջիկայում 7-րդ գումարման խորհրդարանը կընտրի ևս 3-ին։ Այսինքն, կունենանք ՍԴ կազմ՝ ձևավորված տարբեր իշխանությունների ժամանակ՝ 2010-2020 թվականներին։ Եթե այդ կազմում լինեն տարբեր քաղաքական ուժերի համակրող անդամներ, թեպետ նրանք քաղաքականապես չեզոք պետք է լինեն, մեկը մյուսին կբալանսավորեն։ Մենք պետք է Սահմանադրության պահպանումն ապահովող անկախ մարմին:

-ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի անունը, այնուամենայնիվ, կապվում է իշխող ուժի հետ, որքան էլ հայտարարում եք, թե նա չեզոք է։

-Չեզոքությունը ցուցաբերվում է պաշտոնը ստանձնելուց հետո կատարած գործողություններով և կայացրած որոշումներով։ Որքան էլ հայտարարեն, որ Վահե Գրիգորյանը մեր քաղաքական թիմում ունի ընկերներ, մտերիմներ, այնուամենայնիվ, նա կուսակցության անդամ չէ: Հուսով եմ, որ այն գործերը, որոնք կքննվեն ՍԴ-ում, ցույց կտան նրա անաչառությունը։ Այս շրջանում Վահե Գրիգորյանը գոնե զերծ մնաց քաղաքական հայտարարություններ անելուց, ինչը հնարավոր չէ ասել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ։ Հուսով եմ, որ ՍԴ դատավորի կարգավիճակում պարոն Թովմասյանը ավելի զուսպ կլինի։

-ՍԴ 4 դատավորների հայտարարության համաձայն՝ որպեսզի ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվեն, փոփոխություններ պետք է կատարվեին նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում: Այս բացթողումը Իմ քայլի չիմացությա՞ն հետևանք էր, անփութությո՞ւն էր, թե՞ այլ բացատրություն կա:

-Բնականաբար, չիմացության հետևանք չի կարող լինել։ Սահմանադրության փոփոխված նորմը գործում է անմիջականորեն, այսինքն՝ առանց որևէ օրենքում կատարվող փոփոխության պարտադիրության։ Սահմանդրության փոփոխություններից հետո պետք է համապատասխանեցվի օրենսդրությունը։ Այդպես եղել է նաև 2015-ի փոփոխություններից հետո, ու դրա համար հատուկ հանձնաժողով ստեղծվեց: Զարմանալի էր, որ մի քանի իրավաբաններ՝ նախկինում զբաղեցրած արդարադատության նախարարի, մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնները, իմանալով այս պրակտիկայի մասին, շահարկումներ սկսեցին: Դա ես մանիպուլյացիա եմ համարում։

-Այս ընթացքում իշխանությանը շատ քննադատեցին՝ իբր Սահմանադրական կարգը տապալելու համար:

-Սահմանադրական կարգի տապալելու մասին խոսք լինել չի կարող, որովհետև Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածը տալիս են սահմանադրական կարգը տապալելու սահմանումը։ Որոշ մասնագետներ նշում են, որ այստեղ կարող է խնդիր ծագել ընթացակարգային առումով։ Այո, այստեղ խնդիր կար, որովհետև առկա է օրենսդրական բաց, որից մենք օգտվել ենք և դա չենք թաքցրել: Խոսքը առաջին ընթերցումից հետո, մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկելը, նախագիծը ՍԴ ուղարկելու մասին է: Օրենքը չի պատասխանում հարցին՝ եթե ԱԺ-ն չի քվեարկում կամ դեմ է քվեարկում, ի՞նչ է լինում հետո։ Մենք օգտվել ենք այդ բացից։ Սահմանադրական կարգի տապալման մասին հայտարարությունները սուբյեկտիվ, օդի մեջ արված հայտարարություններ են:

-Այսինքն, եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ուղարկեիք ՍԴ, իսկապես, շահերի բախո՞ւմ կառաջանար։

-Միանշանակ։ Շահերի բախման դեպքում մարդը պետք է հանդես գա ինքնաբացարկով, սա ընդունված նորմ է։ Այս հարցը կոնկրետ հասցեատեր ունի և վերաբերում է ՍԴ կոնկրետ չորս անդամների: Նրանք չէին կարող օբյեկտիվ լինել։