Սահմանադրական անորոշություն՝ ՀՀ նախագահից

հուլիսի 1, 2020

Իրավիճակը Սահմանադրական դատարանի շուրջ չի որոշակիանում: Անորոշության իր չափաբաժինը այս գործընթացում ավելացրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հունիսի 30-ին նախագահականից տարածված հաղորդագրությամբ հայտնելով, որ չի ստորագրելու Սահմանադրական դատարանի մասին օրենքում ԱԺ-ի ընդունած վերջին փոփոխությունների նախագիծը: Նախագահի այս մտադրության մասին, ըստ հաղորդագրության, տեղեկացվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հունիսի 30-ին խորհրդարանական մեծամասնությունը պատգամավորների ¼-ի նախաձեռնությամբ հրավիրել էր ԱԺ արտահերթ նստաշրջան՝ ՍԴ-ի պաշտոնազուրկ դատավորներին առնչվող օրինագծերի փաթեթը քննարկելու և հրատապ կարգով ընդունելու համար։ Փաթեթն ընդունվեց 80 կողմ և 1 դեմ ձայնով: Միակ դեմը խմբակցություններում չընդգրկված Արման Բաբաջանյանն էր:

Սահմանադրական օրենքի քննարկում՝ առանց ընդդիմության

«Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկմանև սոցիալականերաշխիքների մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագծերի խորհրդարանական քննարկումն անցավ առանց ընդդիմության. «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նիստերի դահլիճ չմտան:

Նախագծի հեղինակները «Իմ քայլից» Վահագն Հովակիմյանն ու Սուրեն Գրիգորյանն էին։ Ներկայացված փոփոխություններով խորհրդարանական մեծամասնությունը փորձում է լուծել Սահմանադրական դատարանում 12 տարի պաշտոնավարած Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի ու Հրանտ Նազարյանի կենսաթոշակի, դրանից հետո առաջացող թափուր տեղերի հարցը: Սահմանադրության 213 հոդվածի վերջին փոփոխություններով սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի նոր նախագահը պետք է ընտրվի թափուր տեղերը համալրելուց հետո։ Առաջարկվող փոփոխություններում նշվում է, որ թափուր տեղերը համալրելուց հետո 10-օրյա ժամկետում Սահմանադրական դատարանը պետք է իր կազմից նոր նախագահ ընտրի։

Նախագծի հեղինակ Սուրեն Գրիգորյանը ասաց՝ առաջարկում են փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրող մարմինների հերթականությունը: Այսպես՝ առաջինը թեկնածու կառաջադրի կառավարությունը, երկրորդը` ՀՀ նախագահը, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ դատավորների երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվելու են միաժամանակ`համապատասխանաբար, կառավարության, Հանրապետության նախագահի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից` երկամսյա ժամկետում։ Հիշեցնենք՝ Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ են մտել հունիսի 26-ից։ Ըստ այդ փոփոխությունների, Հրայրը Թովմասյանը պետք է հեռանա ՍԴ նախագահի պաշտոնից, իսկ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, ովքեր 12 և ավելի տարի պաշտոնավարում են, այլևս չեն համարվում ՍԴ անդամներ։

Պատգամավորները փոփոխություններ էին առաջարկել նաև Սահմանադրության փոփոխությունների արդյունքում լիազորությունների ժամկետն ավարտած և պաշտոնավարումը դադարեցված ՍԴ դատավորների կենսաթոշակին վերաբերող հոդվածում։ «Այս կարգավորման հիմնական նպատակը ՍԴ այն դատավորների կենսաթոշակի իրավունքի ապահովումն է, ում լիազորությունները դադարել են Սահմանադրության փոփոխությունների արդյունքում», -ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Իմ քայլից» Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա վերջին նախաձեռնությունն է, որով կարող են լուծված համարել Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը։ Սուրեն Գրիգորյանն ասաց, թե այս նախագծով ՍԴ ճգնաժամը կլուծվի, բայց բացառված չէ, որ սահմանարդական փոփոխությունների համատեքստում ՍԴ-ին կրկին անդրադարձ կատարվի։

Ներկայացված փոփոխություններին դեմ էր միայն ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա տարակուսած էր՝ ինչո՞ւ են Հայաստանի սահմանադրական արդարադատությունը պաշտպանելու փոխարեն օրվա իշխանության հրահանգները օրինականացրած ՍԴ անդամների համար բարձր թոշակ սահմանում։

«Խորհրդարանական մեծամասնության հետ մենք ունենք միասնական դիրքորոշում այս գնահատականների հետ կապված, հետևաբար, անհասկանալի է՝ ինչու են սահմանվում բարձր թոշակներ։ Իմ մեկ դեմ ձայնը բացառապես վերաբերում է դրան։ Շարունակում եմ առաջին ճակատում մնալ ՍԴ ճգնաժամը հաղթահարելու բոլոր հարցերում», -հայտարարեց Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան եթերում:

Անակնկալ՝ ՀՀ նախագահից

Հունիսի 30-ին` ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի ընդունումից հետո, ՀՀ նախագահի աշխատակազմը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի, ՀՀ նախագահը հրաժարվել է ստորագրել ՍԴ դատավորներին առնչվող նախագիծը։ Ավելին, ըստ հաղորդագրության, ՀՀ նախագահը այդ մասին տեղյակ է պահել ՀՀ ԱԺ նախագահին։

Օրենքի հետագա ճակատագիրը նախանշվում է Սահմանադրությամբ: Սահմանադրության 129-րդ հոդվածը նախատեսում է հետևյալը.

  1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:
  2. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:
  3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: 

Սպասվում է, որ առաջիկա օրերին ՍԴ պաշտոնաթող դատավորներին առնչվող օրենքը կստորագրի ԱԺ նախագահը, թեպետ սահմանադրագետները հիմա էլ քննարկում են՝ կարո՞ղ է ԱԺ նախագահը ստորագրել օրենքը՝ չսպասելով մինչև Սահմանադրությամբ սահմանված 21-օրյա ժամկետի ավարտը: