Համայնքների անկախությունը ՝ բարձրացող գույքահարկի հավելյալ էֆեկտ

հուլիսի 3, 2020

Հայաստանում անշարժ գույքի գույքահարկը նախ կնվազի, ապա կավելանա: Հարկային օրենսգրքում կատարված համապատասխան փոփոխությունն Ազգային ժողովն ընդունել էր հունիսի 25-ին, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր հունիսի 30-ին, բայց այն համարել էր ժամանակավրեպ։ «Ըստ տարբեր գնահատականների՝ համավարակով պայմանավորված տնտեսական անկման և եկամուտների նվազման պայմաններում այս օրենքի կիրառման դեպքում հնարավոր է քաղաքացիների հարկային բեռի ավելացում: Առանձնապես կարող են տուժել թոշակառուները, բազմազավակ ընտանիքները, միայնակ ծնողները, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ գույք ստացած, բայց ներկայումս եկամուտներ չունեցող անձինք, հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերած սեփականատերերը և այլք,- նշվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Դրանից տեղեկանում ենք նաև, որ Արմեն Սարգսյանը հետևելու է օրենքի կիրառման էվոլյուցիային և հանրության վրա դրա ազդեցությանը»։

Կբարձրանա աստիճանաբար, երբեմն`կտրուկ

Գույքահարկի փոփոխությունները թեև ուժի մեջ կմտնեն 2021թ. հունվարի 1-ին, կկիրառվեն աստիճանաբար՝ առաջին տարում սեփականատերերը կվճարեն գույքահարկի սահմանված չափի 25 տոկոսը, 2022-ին՝ 30 տոկոսը, 2023-ին՝ 35 տոկոսը, 2024-ին՝ 50, 2025-ին՝ 75 տոկոսը, և 100 տոկոսով կվճարեն միայն 2026թվականից։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ներկայացմամբ առաջին տարում բազմաթիվ շինությունների համար գույքահարկը կիջնի, այնուհետև կբարձրանա։ Իսկ այսօրվա գներին կգերազանցի 2023 թվականից։ Ըստ Սուրեն Թովմասյանի՝ Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքը չի փոխվել 2003-ից, թեև այս ընթացքում շուկայական գինը մի քանի անգամ բարձրացել է։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ օրինակներ է ներկայացնում, թե որքան ցածր են գործող կադաստրային արժեքը և գույքահարկը. «Արգիշտի փողոցի նորակառույց շենքի բնակարանի 6700 դրամ գույքահարկը 2026թ.կդառնա 14 հազար դրամ։ Նալբանդյան փողոցում 75 քմ տարածք ունեցող բնակարանի 25.000 դրամ գույքահարկը կդառնա 71 հազար դրամ»։

Սուրեն Թովմասյանը հավելում է. «Երևանի կենտրոնում՝ առաջին գծում 1 քմ հողի կադաստրային արժեքը 2003-ից 2585 դրամ է, 2026թ. կդառնա 330 հազար դրամ»։

Նոր փոփոխությունների համաձայն՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների և առանձնատների համար հարկման առանձին դրույքաչափեր են սահմանվել` յուրաքանչյուրի համար 7 շեմ: Բնակարանների համար ներքին շեմը մինչև 10 միլիոն դրամն է՝ 0.05 տոկոս գույքահարկով, վերին շեմը 100 միլիոն դրամից ավելի արժեքն է, որի համար էլ սահմանվել է 326 000 դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսը:

Առանձնատների համար ներքին շեմը մինչև 7 միլիոն դրամն է 0.05 տոկոս դրույքաչափով, վերին շեմը 120 միլիոն դրամից ավելի արժեքն է 423 500 դրամ` գումարած հարկման բազայի 120 միլիոն դրամը գերազանցող մասի մեկ տոկոսով:

Բաբկեն Թունյանի հաշվարկներով՝ Հայաստանի 432 000 բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու է մինչեւ 30 մլն դրամ կադաստրային արժեք և վճարելու է տարեկան մինչեւ 30 հազար դրամ գույքահարկ։ Շուրջ 200 հազար բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը։ Կա ընդամենը 9 հազար 500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների մոտ 2.5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64 հազար դրամից բարձր է լինելու:

Եվ եթե կլինեն անվապահով ընտանիքներ, որոնց համար դժվար կլինի վճարել բարձրացող վճարը, համայնքի ավագանին կարող է հավաքած եկամուտների մինչև 10 տոկոսի չափով բյուջե առանձնացնել և չեղարկել նրանց գույքահարկը: Ինչպես նաև`հետաձգել կամ զեղչ կիրառել:

Թիրախում դղյակներն են

Կարծիք կա, որ գույքահարկի բարձրացմամբ իշխանությունները հիմնականում թիրախավորում են շքեղ առանձնատներ, բնակարաններ ու մեծ հողակտորներ ունեցող հարուստներին։ Ուշադրության կենտրոնում են հատկապես Մոնումենտի շքեղ դղյակները, որոնց տերերն են ՀՀ նախկին վարչապետերը, նախարարները, պատգամավորներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները։

Կառավարությունը գտնում է, որ այս առանձնատների համար սեփականատերերը մի քանի անգամ ցածր գույքահարկ են վճարում։ Օրինակ, Մոնումենտում ԱԺ նախկին նախագահ և վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող` ԱԺ շենքի նմանությամբ կառուցված առանձնատան կադաստրային արժեքը 310 մլն դրամ, գույքահարկը՝ 2,8 մլն դրամ։ Սուրեն Թովմասյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում հաստատեց մամուլի այն հրապարակումները, թե դրա կադաստրային արժեքը կդառնա մոտ 2 մլրդ դրամ, գույքահարկը՝ 38 մլն դրամ։

Նա նաև մի օրինակ բերեց. Կենտրոն-Նորք Մարաշ համայնքում Արմենակյան փողոցում առկա է հող, որի կադաստրային արժեքը 90 մլն դրամ է, շինությանը՝ 10 մլն դրամ, և երկուսի գույքահարկը միասին կազմում է 913 հազար դրամ։ Նոր գներով այդ գույքի գույքահարկը կկազմի 36 մլն դրամ։

Գինը՝ 30 մլրդ դրամ

Կառավարությունից և ԱԺ-ից գույքահարկի բարձրացումը նախ բացատրում են անշարժ գույքի գործող կադաստրային արժեքի և շուկայական արժեքի միջև եղած մեծ տարբերությամբ։ Եվ անցած տարի աշնանը կատարված օրենսդրական փոփոխություններով արդեն իսկ ներդրվել են կադաստրային արժեքի վերագնահատման մեխանիզմներ։

Անցած տարի կառավարությունը համահարթեցրեց եկամտահարկի դրույքաչափը՝ 28 և 36 տոկոսները դարձնելով 23։ Այս փոփոխության արդյունքում բյուջեն կորցնում է մոտ 30 մլրդ դրամ։ Եվ անցած տարի արդեն եկամտահարկի նվազեցումը փոխկապակցվել էր գույքահարկի բարձրացման հետ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ համայնքների բյուջեն, որը գոյանում է գույքահարկից, կազմում է 10 մլրդ դրամ, գույքահարկի բարձրացումից հետո կկազմի 40 մլրդ դրամ։ Այսինքն, եկամտահարկի նվազումից կորցրած 30 մլրդ դրամը կվերադարձվի գույքահարկի բարձրացումից։

Համայնքները կանկախանան

Կառավարությունը նաև հավելում է, որ երբ գույքահարկը բարձրանա, ու համայնքների բյուջեն ավելանա, համայնքները կկարողանան ավելի շատ բարեկարգման և այլ աշխատանքներ իրականացնել՝ փողոցները, շենքերն ու բակային տարածքները վերականգնելու համար։

Իհարկե, գույքահարկից գանձվող գումարը կարող է ամբողջությամբ չբավարարել համայնքային ծախսերին, բայց ավելի շատ աշխատանք կատարելու հնարավորություն կտա։ Կառավարությունը կշարունակի դոտացիաներ տրամադրել։

Գույքահարկի բարձրացման միջոցով համայնքային բյուջեն ավելացնելն ունի նաև որոշակի քաղաքական նշանակություն՝ նվազեցնել համայնքների կախվածությունը կենտրոնական իշխանությունից ու բյուջեից: Մասնագետների ներկայացմամբ՝ դա համայնքի ղեկավարներին թույլ կտա հարկ եղած դեպքում ընդդիմանալ երկրի ղեկավարներին, չլինել նրանց կամակատարն ու գործել ինքնուրույն։