Պետությունն ասում է՝ փող ունես, բիզնես արա, և ոչ թե հինգհարկանի շքեղ առանձնատուն կառուցի․Գ․Պապոյան

հուլիսի 6, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ։

- 2014թ. երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումն էր ներդնում, որոշ քաղաքական ուժեր, նախաձեռնություններ պայքարում էին դրա դեմ ու մեծ դժգոհության ալիք բարձրացրեցին: Նաև դա դարձավ նրա հրաժարականի պատճառը: Նույն ուժերը հիմա քննադատում են ձեր իշխանության ներդրած` անշարժ գույքի կադաստրային արժեքի ու գույքահարկի բարձրացման փոփոխությունները, որը նորից վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու: Մտավախություն չունե՞ք, որ դժգոհության ալիքը կարող է նույնչափ մեծ լինել:

- Մեծ դժգոհություն չկա, կա դժգոհության մասին աղմուկ, որ ստեղծվել է առանձին լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի միջոցով: Դրա նպատակն է վարկաբեկել իշխանությանը և չթողնել, որ երկրում բարեփոխումներ լինեն:

- Բայց շատ են քաղաքացիները, որոնք դժգոհում են, որ կբարձրանա իրենց բնակարանների գույքահարկը:

- Որովհետև այդ նույն անհատներն ու լրատվամիջոցները սոցիալական ցանցերում քաղաքացիներին սխալ տեղեկություններ են տրամադրում: Ինձ զանգում, հարցնում են՝ ճի՞շտ է, որ իմ գույքահարկը 10 անգամ, 100 անգամ բարձրանում է: Ճշտում եմ տվյալները, պարզվում է 1000 դրամը դառնում է 3000 դրամ, կամ ոչ մի բան չի վճարել և 6 տարի հետո վճարելու է 1000 դրամ:

- Եվ դա հանգստանցնո՞ւմ է նրանց:

- Այո: Նրանք, պատահում է, զուգահեռաբար նաև տեղեկանում են, որ մի քանի միլիոն դոլարանոց տներ ունեցող որոշ մարդիկ, որոնք մինչև այժմ վճարում էին 500.000 կամ 1մլն դրամ, այսուհետ կվճարեն 5-10 մլն դրամ: Այդ մարդկանց վճարած գումարներով քաղաքացիները ստանալու են հանրային ծառայություն`վերելակներն ու ճանապարհներն են վերանորոգվելու, այգիներ են բարեկարգվելու, հանրային տրանսպորտն է բարելավվելու:

- Այդ դեպքում չե՞ք կարծում, որ իշխանությունն այդ փոփոխությունը բավարար հանրային քննարկման չի ներկայացրել ու հանրությանը լավ չի տեղեկացրել դրա նշանակության մասին:

- Այս գործընթացը մեկ տարի առաջ է սկսվել, ինքս ԱԺ ամբիոնից ու մամուլով խոսել եմ, և երկու ամիս է, քննարկվում էր, որ գույքահարկի ռեֆորմը լինելու է: Այլ խնդիր է, որ որոշ լրատվամիջոցներ մարդկանց ոչ թե ճշմարտությունն են ներկայացնում, այլ այն, ինչն իրենց է ձեռնտու:

- Կարծիք կա, որ գույքահարկի բարձրացման նպատակներից մեկը գերթանկարժեք գույքից, առանձնատներից բարձր գույքահարկ գանձելն է:

- Նպատակներից մեկը ոչ թե դրանցից բարձր գույքահարկ գանձելն է, այլև արդարացի հարկելը: Եթե դու ունես 3 մլն դոլարանոց տուն, պետք է այդ արժեքին համապատասխան հարկ վճարես: Փոխարենը, նման սեփականություն ունեցող մարդու աշխատողները պետք է քիչ հարկվեն: Հարստությունը`շքեղ առանձնատունը, Հյուսիսային պողոտայում երկու հարկանի բնակարանը, բենթլիներն ու թանկարժեք ջիփերը պետք է հարկվեն իրենց արժեքին համապատասխան:

- Իսկ օրենքը ընդունելուց առաջ հաշվարկվե՞լ է, թե այդ շքեղ առանձնատների համար որքան գույքահարկ է վճարվելու:

- Կրկնում եմ`բարեփոխման նպատակը դա չէ, նպատակը ունեցած գույքին համարժեք գույքահարկ վճարելն է:

- Դուք, հավանաբար, կհիշեք, որ 2016թ. Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձեց անշարժ գույքի վերագնահատման և գույքահարկի բարձրացման նախագիծ ներկայացնել, բայց չարեց: Ձեր կարծիքով` ինչո՞ւ։

- Չեմ կարծում, որ նախորդ իշխանություններն իրենց նչո՞ւ:դեմ որոշումներ կկայացնեին: Այդ շքեղ առանձնատների սեփականատերերիմեծ մասը ԱԺ-ում կամ կառավարությունում էին նստած:

- Կադաստրի կոմիտեի ղեկավարը հաստատեց, որ գույքահարկի նոր դրույքաչափերը ներդնելուց հետո, օրինակ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոնումենտի իր շքեղ առանձնատան համար տարեկան 2,8 մլն դրամի փոխարեն կվճարի 38 մլն դրամ: Նույն կերպ կբարձրանան նաև հարևանությամբ գտնվող` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ու այլոց առանձնատների գույքահարկը: Հնարավո՞ր է, որ նրանց այլևս ձեռնտու չլինի նման տանն ապրելը, չկարողանան վճարել: Ի վերջո, յուրաքանչյուր տարի նրանք պետք է մի բնակարանի գնի չափ գույքահարկ վճարեն:

- Խնդիրը Ձեր նշած անձանց հարկելը չէ: Եկեք անձերից վեր կանգնենք, այս բարեփոխումը որևէ մեկի դեմ չէ: Այս բարեփոխումը հանուն Հայաստանի է, որ մեր երկրի համայնքները չունենան քանդված փողոցներ, անխնամ այգիներ, խորհրդային տարիներից մնացած վերելակներ, կաթացող կտուրներ: Մեր ժողովուրդը հիմա ուրախանում է, չէ՞, մեր ճանապարհաշինության համար, ջրամբարներ ենք կառուցում, դպրոցներ ենք վերանորոգում: Դա ինչի՞ հաշվին է. 40 տոկոս ստվերը հանելու: Պետք է հարկ վճարենք, որ դա լինի:

- Այդ նույն շքեղ գույքի սեփականատերերը նախկինում եղել են քաղաքական գործիչներ, տիրապետում են քաղաքական ու քարոզչական տեխնոլոգիաների: Մտահոգություն չունե՞ք, որ նրանք ձեր իշխանության դեմ հասարակական դժգոհություն կձևավորեն ու մարդկանց փողոց կհանեն:

- Ես ենթադրում եմ, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, նաև դրա հետևանքն է: Իսկ մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարի` ուզո՞ւմ է վճարել 1000 դրամ, իսկ նրանք` 10 մլն դրամ, թե՞ ոչ ինքը վճարի, ոչ` նրանք:

- Բայց մյուս կողմից էլ գույքահարկի բարձրացումը փոխկապակցվեց անցած տարի եկամտահարկի նվազեցման հետ: Ստացվում է՝ պետությունը մի ձեռքով տալիս է քաղաքացիներին, մյուս ձեռքով՝ վերցնո՞ւմ:

- Ոչ: Պետությունն ասում է՝ փող ունե՞ս, գնա՛, դի՛ր բիզնեսի մեջ, որովհետև հարկերը ցածր են, և ոչ թե 5 հարկանի տուն կառուցիր: Պետությունը խրախուսում է աշխատատեղ ստեղծելը, մեր քաղաքացիները շահելու են դրանից` կաշխատեն և 20 տոկոս եկամտահարկ կվճարեն: Իսկ եթե դու քո փողով շքեղ շենք ես կառուցում, բարի եղիր դրան համարժեք գույքահարկ վճարել:

- Իսկ Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի, Գագիկ Բեգլարյանի ու նախկին շատ պաշտոնյաների շքեղ առանձնատները կարո՞ղ է, ի վերջո, բեռ դառնան իրենց տերերի համար, ու նրանք փորձեն ազատվել դրանցից:

- Չեմ կարծում, որովհետև անգամ բարձրացնելուց հետո գույքահարկը Հայաստանում մի քանի անգամ ավելի ցածր է լինելու, քան հարևան Վրաստանում կամ Ռուսաստանում է: Իսկ Հայաստանում շատ մեծ գույք ունեցողները, ենթադրում եմ, այդ և այլ երկրներում էլ կունենան և շատ լավ գիտեն գույքահարկի նշանակության մասին: