Ընդդիմության քննիչ հանձնաժողովը կձևավորվի, եթե «Իմ քայլը» ցանկանա

հուլիսի 6, 2020

Հուլիսի 2-ին Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է 6-րդ քննիչ հանձնաժողովը: Նախաձեռնողները խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն են՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, խորհրդարանում քննիչ հանձնաժողովը ստեղծված է համարվում, երբ կա պատգամավորների առնվազն մեկ քառորդի համաձայնությունը։ Հանձնաժողովի անվանումը երկար է՝ «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով»: Նախագահը, ըստ ԼՀԿ-ի կողմից նախապես առաջադրված պայմանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն է, իսկ առիթը՝ ընդդիմության ներկայացմամբ, կառավարության ձախողումները։

Խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է քննիչ հանձնաժողովի քննության առարկա դարձնել ոչ միայն համաճարակի վերացման ուղղությամբ իշխանության գործողությունների արդյունավետությունը, այլ նաև արտակարգ դրության ընթացքում մարդու իրավունքների սահմանափակումների իրավաչափությունը։

ԲՀԿ-ն զիջում է

Հանձնաժողով ստեղծելու մտադրության մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց հունիսին 17-ին, իսկ հունիսի 16-ին Գլխավոր դատախազը միջնորդել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և նրա նկատմամբ մեղադրանք հարուցել։

Իր մտադրությունը կյանքի կոչելու համար ԲՀԿ-ին պետք էր ԼՀԿ-ի աջակցությունը՝ նվազագույնը 7 ստորագրության տեսքով: Աջակցել ԼՀԿ-ն դեմ չէր, բայց պայմանով, որ հանձնաժողովի ղեկավարը լինի իրենցից. Էդմոն Մարուքյանը հիշեցնում էր, որ առաջինը այդ նույն նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստանը»՝ դեռ 1 ամիս առաջ:

Քանի անդամ կունենա նոր քննիչ հանձնաժողովը ՝ առայժմ որոշված չէ: Հայտնի է միայն, որ այն ղեկավարելու է ԼՀԿ-ական Արկադի Խաչատրյանը: Ստացվում է, որ այս պահի դրությամբ խորհրդարանում ստեղծված 6 քննիչ հանձնաժողովներից երկուսի ղեկավարը «Լուսավոր Հայաստանից» են, բայց այդ հանձնաժողովները, փաստացի, չկան:

Երկրորդ փորձը՝ չբարեփոխված կանոնակարգով

Քննիչ հանձնաժողով ձևավորելու անհաջող փորձ խորհրդարանական ընդդիմությունն արդեն ունեցել է: Դարձյալ իրավունքի ուժով, ԼՀԿ-ի նախաձեռնությամբ, նախորդ նստաշրջանի մեկնարկին խորհրդարանում ստեղծվեց քննիչ հանձնաժողով՝ Երևանի քաղաքապետարանին նվեր տված «ԿամԱԶ»-ների խնդիրն ուսումնասիրելու համար: Հանձնաժողովը, սակայն, չձևավորվեց, որովհետև երբ հերթը հասավ հանձնաժողովի անդամների թիվը քվեարկությամբ որոշելուն, խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց:

Ընդդիմությունն ու իշխանությունն արձանագրեցին, որ կա օրենսդրական բաց. քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, բայց ձևավորվում է նիստերի դահլիճում քվեարկությամբ, որի ելքը կախված է մեծամասնության դիրքորոշումից: Ինչպիսին կլինի մեծամասնության դիրքորոշումը այս անգամ, կերևա արդեն սեպտեմբերին:

Ինչու է ընդդիմությունը մտահոգ    

«Լուսավոր Հայաստանը» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դեռ հանձնաժողովը չձևավորված, հայտարարում է համաճարակի հաղթահարման գործում կառավարության «խայտառակ ձախողումների» մասին, որոնց արդյունքում Հայաստանը «հակառեկորդներ» է գրանցում։ «Այդ ձախողումները պետք է քննվեն և քննության արդյունքում պետք է պարզվի, թե ինչու են դրանք եղել», -հանձնաժողովի ձևավորման առիթով լրագրողներին ասել էր նա։

ԼՀԿ մեկ այլ պատգամավոր էլ՝ Գևորգ Գորգիսյանը, ասում էր, թե ընդդիմությունը ուզում է իմանալ՝ ինչո՞ւ որոշ գործողություններ կառավարությունը ժամանակին չի արել, և ի՞նչ մեթոդներ են ներդրվել համավարակի դեմ պայքարում: «Սոցիալական աջակցության ծրագրերն իրենց նպատակին չեն ծառայել, գրեթե անիմաստ և ապարդյուն են եղել, մարդիկ են եղել, ովքեր ստացել են հազար դրամ, 900 դրամ, 2 հազար դրամ փոխհատուցում: Եվ այդ ամենն, իհարկե, քննության առարկա պետք է դառնա»,-ասում էր նա:

ԲՀԿ-ական, մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով էլ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի համավարակի ժամանակ մարդու իրավունքների սահմանափակման հարցերը. «Կարևոր հարցերից մեկը, որ պետք է քննարկի քննիչ հանձնաժողովը, մարդու իրավունքների իրացման խախտումներն են։ Իշխանությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և կան խմբեր, որոնք դժգոհ են ու կարող է ցանկանալ դուրս գալ բողոքի ցույցերի, ինչպե՞ս իրացնեն հավաքներ անելու իրենց իրավունքը»:

«Իմ քայլը» չի շտապում գնահատականներ տալ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իրավունքի ուժով նոր քննիչ հանձնաժողովի ստեղծումից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում։

Իշխանական խմբակցությունը, սակայն, չի շտապում գնահատականներ տալ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության գործունեությանը։ Խմբակցության տարբեր պատգամավորներ արդեն հայատարարել են, որ գնահատականներ տալու համար դեռ վաղ է, քանի որ համավարակը չի ավարտվել։ Սակայն, եթե այս հանձնաժողովը ստեղծվի, իշխանական խմբակցությունը ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը հակադարձելու բան ունի։

«Ընդդիմադիր խմբակցությունները անընդհատ հայտարարում են, թե հավաքներ անելու իրավունքը խախտվել է, բայց տեսանք՝ փոքր հավաքի հետևանքով անգամ ԲՀԿ-ականները, ղեկավարով հանդերձ, վարակվեցին կորոնավիրուսով: Այս հանձնաժողովը եթե ստեղծվի, կքննարկենք նաև մեր ընդդիմադիր գործընկերների պահվածքը` տեսնենք՝ որպես պատգամավոր, իրենք իրենց ոնց են դրսևորել այս ժամանակահատվածում», -հայտարարել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Այդուհանդերձ, խորհրդարանական մեծամասնության պատգամավորները տարբեր առիթներով իրենց հայտարարություններում վստահեցրել են, որ առողջապահության նախարարությունը, Պարետատունը անում են ամեն ինչ՝ մարդկանց կյանքերը փրկելու համար։