Չեմ բացառում, որ 21 օր անց ԱԺ նախագահը ստորագրի օրենքը

հուլիսի 8, 2020

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյան

- Ինչո՞ւ որոշեցիք դիմել նախագահ Արմեն Սարգսյանին ու պահանջել, որ նա հայտարարի ՍԴ դատավորի ընտրության գործընթացն սկսելու մասին:

- Գիտեք, որ դրա համար օրենքով նախատեսված է երկամսյա ժամկետ։ ՍԴ նոր դատավորների ընտրությունը չափազանց կարևոր է: Նույնքան կարևոր է, որ իրավական հանրությունը, քաղաքացիական ակտիվ խմբերն ու անհատները մրցույթին պատրաստվելու և մասնակցելու բավարար ժամանակ ունենան։ Երկրում սահմանադրական ճգնաժամի հաղթահարումը կարելի է վերջնական ու ամբողջական համարել միայն դատարանակազմության գործընթացի արդյունավետ կատարման դեպքում։ Դրա համար անհրաժեշտ է, որ ՍԴ նոր դատավորների պաշտոնում ընտրվեն բացառիկ մասնագիտական ու մարդկային որակներ ունեցող թեկնածուներ։ Հասկանալիորեն դա չափազանց բարդ խնդիր է, և չափազանց կարևոր է, որ օր առաջ հայտարարվի ընտրության գործընթացի մեկնարկի մասին։

«Հանուն Հանրապետության» նախաձեռնությունը այդպիսի կոչով դիմել է ոչ միայն նախագահին, այլև ՍԴ դատավորների նշանակման իրավասություն ունեցող մյուս սահմանադիր մարմիններին՝ կառավարությանն ու դատական իշխանությանը։ Պարզապես նախագահին ուղղված կոչը մենք այսօր խորհրդանշական կերպով հնչեցրեցինք նախագահական նստավարրի դիմաց։

- Ձեր կարծիքով նախագահն ինչո՞ւ չստորագրեց ՍԴ մասին օրենքի փոփոխությունը` առաջադրելու իր հերթը չզիջեց կառավարությանը:

- Կդժվարանամ միարժեք պատասխանել։ Չստորագրելով օրենքը և համապատասխան բացատրություն չտալով՝ Նախագահը գոյության իրավունք տվեց բոլոր այն կարծիքներին ու վարկածներերին, որոնք շրջանառվում են վերջին օրերին՝ սկսած նրանից, որ գուցե գործ ունենք ստվերային ինչ-ինչ պայմանավորվածությունների հետ, վերջացրած նրանով, որ այսպիսով Նախագահը խուսափում է երկրի համար կենսական նշանակության ունեցող այս հարցում իր բաժին պատասխանատվությունից։

- Նախագահն այդ օրենքը չի ուղարկել ՍԴ, թեև դրա համար դեռ ժամանակ ունի։ Ձեր կարծիքով` ի՞նչ կանի։

- Տեսականորեն ոչինչ չեմ բացառում, բայց կարծում եմ՝ նախագահը կսպասի, մինչև լրանա օրենքով նախատեսված 21օրը, որից հետո օրենքն ուժի մեջ կմտնի արդեն ԱԺ նախագահի ստորագրությամբ։

- Այնուամենայնիվ, Նախագահը կառաջադրի՞ ՍԴ դատավորի թեկնածու։

- Հակված եմ մտածելու, որ այո, Նախագահը կօգտվի իրեն ընձեռված հնարավարությունից: Եթե այլ կերպ մտածեինք, մենք կոչ չէինք անի նրան արագացնելու ՍԴ դատավորի ընտրության գործընթացի մեկնարկը։

- ՍԴ նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանն ու ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը դիմել են ՄԻԵԴ՝ վիճարկելու իրենց վերաբերող փոփոխությունները։ Հավանական համարո՞ւմ եք, որ նրանք հասնեն հաջողության, և նրանց ՍԴ դատավորի պաշտոնից, Հրայր Թովմասյանին՝ նախագահի պաշտոնից հեռացնելու քայլերը հաջողություն չունենան։

- Տեսականորեն ոչինչ չեմ բացառում, գործնականում նրանց հաղթելու հնարավարությունը շատ ցածր եմ գնահատում։ Ակնհայտ է, որ նրանց դիմումներին դրական ընթացք տալու դեպքում ՄԻԵԴ-ը կխթանի Հայաստանում սահմանադրական նոր ճգնաժամ, որի հաղթահարումը կարող է շատ ավելի բարդ լինել։ Չեմ կարծում, որ ՄԻԵԴ-նը իր որոշումներում դա հաշվի չի առնի։

- Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության քննադատությանը, թե ՍԴ-ին առնչվող վերջին օրենսդրական փոփոխությունները հակաօրինական են։

- Հասկանալի է, որ իրենց ընդդիմություն հորջորջողները պետք է նման հայտարարություններ անեին։ Շուրջ երկու տարի տևած սահմանադրական ճգնաժամը հաղթահարվել է բոլոր իրավակարագավորումների ու կառուցակարգերի պահանջներին համանապատսխան, մնացածն ընդամենը քաղաքական շահարկումներ են՝ առանց իրավական լուրջ հիմնավորումների։

- Ի՞նչ դերակատարում ունի ՍԴ-ն քաղաքական այս լարված իրավիճակում։

- Սահամանդրական ճգնաժամը խիստ բացասաբար էր ազդում երկրի բնականոն կենսագործունեության վրա։ ՍԴ-ն իր նախկին կազմով ու գործելաոճով վերածվել էր ժողովրդավարության զարագացման մեծ խոչընդոտի, մինչդեռ պետք է լիներ ժողովրդավարության ամենաառաջնային պաշտպանն ու երաշխավորը։ Այդ ՍԴ-ն խոչընդոտում էր դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումներին, դարձել էր նախկին կոռումպացված իշխանության, օլիգարխների ազդեցությամբ գործող դատավորների ստվերային երաշխավորը։

- Քվորում չլինելու պատճառով ՍԴ-ն չքննեց Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործը Հնարավո՞ր է, որ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը հետ գան արձակուրդից, մասնակցեն նիստին, քվորում ապահովեն, և այդ հարցը քննեն։

- Քիչ հավանական եմ համարում այդ տարբերակը, քանի որ եթե նրանք որոշեին գնալ այդ ճանապարհով, դա կանեին այսօր նախատեսված նիստում։ Բայց եկեք`ոչինչ չբացառենք, քանի որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին անդամները ցույց են տվել, որ պատրաստ են ամեն ինչի՝ սպասարկելու համար նախկին իշխանության քաղաքական ու ոչ քաղաքական շահերը։

- Այդպիսով, հնարավոր համարո՞ւմ եք, որ ՍԴ-ն 6 դատավորով հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում կայացնի։

- Տեսականորեն հնարավոր համարում եմ, գործնականում` ոչ։ Եթե նման բան տեղի ունենա, այդ որոշման իրավազորությունն ու լեգիտիմությունը կլինի խիստ կասկածելի ու վիճարկելի, ինչը նոր իրավական գործընթացների առիթ կդառնա։ Կարծում եմ, Հրայր Թովմասյանն ու մյուսները շատ լավ են դա հասկանում, դրա համար էլ չգնացին այդ քայլին գոնե հուլիսի 7-ին: Բայց պետք չէ բացառել, որ օրերի ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել, և նրանք կարող են վա–բանկ գնալ՝ փորձելով ամենավերջին ծառայությունը մատուցել Ռոբերտ Քոչարյանին ու նախկին համակարգին։

- Վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ու նա ազատ արձակվեց։ Դատախազությունն այդ որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում, բայց տպավորություն է, թե իշխանությունն այս անգամ անտարբեր էր երկրորդ նախագահի ազատ արձակվելու հարցի նկատմամբ:

- Կդժվարանամ հստակ գնահատել իշխանության վարքագիծը կամ դրա փոփոխությունը։ Մյուս կողմից դա ցույց է տալիս, որ մենք իսկապես գնում ենք իրավական պետության կայացման ճանապարհով, և իշխանությունը, անկախ իր քաղաքական համակրություններից, որևէ ազդեցություն չունի դատարանների վճիռների վրա։ Անցած տարի իրավիճակն ավելի լարված էր, կրքերը ավելի բորբոքված էին, թերևս դա էր պատճառը, որ իշխանության արձագանքն ավելի էմոցիոնալ էր։ Իսկ ավելի լայն համատեքստում, կարծում եմ, Քոչարյանի՝ ազատության մեջ լինել խնդիրը զուտ ժամանակի հարց է: Այսպես, թե այնպես՝ նա վերադառանու է կալանավայր ոչ թե այն պատճառով, որ դա է ցանկանում իշխանությունը, այլ որովհետև, երբ Մարտի 1-ի գործը մտնի բուն դատավարական փուլ, Քոչարյանին ու նրա պաշտպաններին չի հաջողվելու խուսափել կալանավորումից ոչ 2, ոչ էլ 20 կամ 200 միլարդ դրամի դիմաց։

-«Լուսավոր Հայաստանը» դիմել է ԿԸՀ՝ վերականգնելու իր մեկ մանդատը, որը Դուք էիք ստացել: Ի՞նչ լուծում եք տեսնում։

-«Լուսավոր Հայաստանի»՝ ԿԸՀ–ին հղված դիմումից կարելի է ենթադրել, որ նրանք պահանջում են ոչ թե անձամբ իմ մանդատը, այլ իրենց խմբակցությանը բաժին հասնող մանդատը, որով, ըստ իրենց հիմնավորման, պետք է վերականգվի ուժերի նախնական բաշխվածությունը խորհրդարանում։ Սակայն օրենքի նորմը, որին հղում է անում ԼՀ-ն՝ «առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդիմություն» ձևակերպումը, վերաբերում է նոր ձևավորվելիք ԱԺ-ին։ Այսինքն՝ այդ նորմն ունի կիրարկման հստակ ժամանակային միջակայք և չի վերաբերում խորհրդարանի ձևավորումից հետո առաջացած իրավիճակներին։ Բացի այդ, եթե անգամ ընդունենք, որ իրենց հղումն իրավաչափ է, միևնույնն է, այն չափազանց խոցելի է, որովհետև դուրս գալով ԼՀ խմբակցությունից` ես չեմ անդամակցել, ասենք, իշխող խմբակցությանը, ինչի արդյունքում կարող էր խախտվել ուժերի հարաբերակցությունը։ Իրական աշխատանքով զբաղվելու փոխարեն այդ խմբակցությունը զբաղվում է հերթական՝ ի սկզբանե ձախողման դատապարտված իրավական մանիպուլիացիայով, որը որևէ աղերս չունի այսօրվա քաղաքական օրակարգի, երկրի առջև ծառացած մարտահրավերների հետ։ Բայց իրենց իրավունքն է, թող դիմեն ում ցանկանում են և որքան ցանկանում են: Ես, անկեղծ ասած, այլևս խիստ անտարբեր եմ այդ ուժի գործունեության ու քայլերի նկատմամբ, ինքս շատ ավելի կարևոր ու հրատապ անելիքներով եմ զբաղված։