«Իմ քայլը» խմբակցության հետքայլը

հուլիսի 10, 2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներքին քննարկումների արդյունքում հետքայլ արեց. դիմակ չկրելու համար տուգանքների խստացում առաջարկող օրինագիծը չընդգրկվեց հունիսի 8-ին պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում։

Դիմակ չկրելու համար սահմանված տուգանքը 10 հազար դրամ է, սակայն խորհրդարանական մեծամասնությունը, թերևս հետևելով վրացական փորձին, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում առաջարկել էր փոփոխություններ, որոնց համաձայն,  հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու համար քաղաքացիները պետք է տուգանվեին 20 հազար դրամ, իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում՝ 50 հազար դրամ։ Նույն արարքը կրկին կատարելու դեպքում, տուգանքի չափը կրկնապատկվելու էր՝ դառնալով 40 և 100 հազար դրամ:

Օրինագիծը հեղինակել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Հուլիսի 6-ին ԱԺ կայքում հրապարակվելուց հետո նախագիծը արժանացել էր հանրության քննադատությանը: Սոցցանցերում խորհրդարանական մեծամասնությանը հիշեցնում էին վարչապետի հայտնի արտահայտությունը՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։ Հուլիսի 7-ի երեկոյան «Իմ քայլի» պատգամավորները հայտարարեցին՝ օրինագծի ընդգրկումը ԱԺ արտահերթ նիստի օրակարգ այս պահին նպատակահարմար գտնում:

Հարցին՝ ինչո՞ւ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց արդեն հուլիսի 8-ին, արտահերթ նիստի օրակարգը ներկայացնելիս: «Միանշանակ՝ յուրաքանչյուր տուգանքի բարձրացում վարչական իրավախախտում թույլ տված քաղաքացիների համար, բնականաբար, լրացուցիչ բեռ կլիներ: Պատճառները բազմաթիվ են, դա խմբակցության ներքին քննարկումն է: Կարող եմ միայն ասել, որ մենք ընդհանուր հայտարարի ենք եկել: Այո, այս պահին նպատակահարմար չէ»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ իսկ հնարավո՞ր է, որ հետո, այդուհանդերձ, նույն նախագիծը դրվի շրջանառության մեջ: Սիսակ Գաբրելյանը չբացառեց, որ որևէ պատգամավոր կարող է նման նախագիծ շրջանառել, քանի որ դա յուրաքանչյուր պատգամավորի սահմանադրական իրավունքն է։

Նիստերի դահլիճում հարցի մասին խոսվեց ընդամենն այսքանը, դահլիճից դուրս լրագրողների հետ զրույցում դրան անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Սա ոչ քմահաճույք է, ոչ տուգանելու ցանկություն, ոչ էլ պայմանավորված է բյուջեի եկամուտները ավելացնելու մտադրությամբ: Սա զուտ այն քաղաքացիների համար Է, որոնք չունեն գիտակցության բարձր աստիճանը, որ հասկանան՝ դիմակով փրկում են իրենց, իրենց սիրելի մարդկանց կյանքը: Ահա այդ մարդիկ գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված այդ դիմակը, այնուամենայնիվ, կկրեն»:

Հարցին՝ քի՞չ էր 10 հազար դրամը, որ իշխող ուժը պատրաստվում էր այն բարձրացնել մի դեպքում՝ 2, մյուսում՝ 5 անգամ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Շատն ու քիչը պետք է դիտարկել հետևյալ տեսանկյունից՝ բավարա՞ր է քաղաքացիների՝ դիմակ կրելու մակարդակը: Ես համոզված եմ, որ չեք ասի՝ այո: Հետևաբար, պետք է ինչ-որ քայլ անել այդ ուղղությամբ: Դուք նայում եք դրամական միջոցի տեսանկյունից, որպես բյուջեի եկամուտ: Այդպես որ լինի, 10 հազարն էլ է շատ, հազարն էլ է շատ, կարող է՝ ընդհանրապես պետք չէ տուգանք: Բայց եթե նայենք վարակի կանխարգելման տեսանկյունից, գուցե, 500 հազար դրամ է պետք, որպեսզի եթե մեկը մտածում է, որ սուտ բաներ են, իրեն չի կպնի, այդպիսի մարդկանց գոնե այսպես սահմանափակենք»,-ասել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։