Արտակարգ դրության էլի մեկ ամիս

հուլիսի 13, 2020

Արտակարգ դրությունը ժամկետն ավելացնելու մասին հարցը հուլիսի 13-ին 4-րդ անգամ խորհրդարանի հատուկ նիստի օրակարգում էր: Կառավարությունն առաջարկում էր 2020 թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Այս անգամ հարցի քննարկումն ընթանում էր հայ-ադրբեջանական սահմանային լարվածության պայմաններում, և թերևս դա էր պատճառը, որ խորհրդարանական ընդդիմությունից կառավարության հասցեին հնչեցին ընդամենը մի քանի քննադատող ելույթներ՝ հակահամաճարակային միջոցառումները տապալելու մասին:

Վարչապետը, ի տարբերություն նախորդ հատուկ նիստի, այս անգամ խորհրդարան չէր եկել: Կառավարության որոշումը երկարաձգման վերաբերյալ ներկայացրեց փոխվարչապետ և պարետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտարարեց, որ իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, բայց կառավարելի՝ առողջապահական տեսանկյունից: Նա որոշ տվյալներ ներկայացրեց. հուլիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակակիրների թիվը 32 151 է, փաստացի բուժում է ստանում 11 530 պացիենտ։ Առողջացածները 20 հազարն են, գրանցվել է կորոնավիրուսից մահվան 573 դեպք։ Հուլիսի 12-ի դրությամբ փաստացի բուժում ստացողներից 546-ի վիճակը ծանր է, 111-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ թոքերի օդափոխման սարքին է միացված 43 պացիենտ։ Տանը բուժում է ստանում շուրջ 10 հազար պացիենտ:

«Միաժամանակ, առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, դեռևս հնարավոր չի լինի սահմանել և վերահսկել գործող սանիտարական, հակահամաճարակային և այլ կանոնների պահպանումը։ Մեծ են ակնկալիքները, որ արտակարգ դրությունը հետագայում երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու», -ներկայացրեց Ավինյանը։ Ասաց՝ կան կանխատեսումներ, որ դիմակներ կրելու և մյուս կանոնները պահպանելու պարագայում հնարավոր է սեպտեմբերին ավելի լավ վիճակ ունենալ։

«Միջինը՝ հիվանդ լինելու ամբողջ ընթացքում մեկ անձը կվարակի 0,8 հոգու: Այս արդյունքին, հետազոտության համաձայն, էապես նպաստել են դիմակների և մյուս կանոնների քաղաքականությունը, իհարկե, նաև կարևոր է եղանակային գործոնը: Ըստ գնահատումների՝ նման միտումի պահպանման դեպքում սեպտեմբերի սկզբին օրական կունենանք վարակվելու շուրջ շուրջ 140 նոր դեպք: Կանխատեսումները շատ նախնական են, և սա չի նշանակում, թե անկման միտումները կպահպանվեն, որովհետև բազմաթիվ գործոններով են պայմանավորված», -ասաց պարետը:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում իշխանությունն ունեցել է նաև պլան Բ՝ պարետային ժամի սահմանում։ Դա կարող էր գործի դրվել, եթե ամռանը չհաջողվեր վարակի վերարտադրության գործակիցն իջեցնել 1-ից, այսինքն՝ երբ մեկ հիվանդը վարակում է 1-ից ավելի մարդու։

«Սցենարը նախատեսում էր ընդհանուր առմամբ 10 շաբաթյա ռեժիմ, որի կուլմինացիան սահմանափակումներն էին պարետային ժամով, տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումներով: Վերջինս ուղեկցվելու էր միջմարզային տեղաշարժի արգելքով և աշխատանքային օրերին, երեկոյան ժամերին, տեղաշարժի սահմանափակմամբ: Այս սցենարով նախատեսվում էր շաբաթ և կիրակի օրերին անձանց ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության լիարժեք սահմանափակումներ», - ներկայացրեց փոխվարչապետը:

Կառավարությունըմտադիր է մի քանի ոլորտներում՝ կրթության, մշակույթի և զբոսաշրջության, հանել սահմանափակումները, և այժմ մշակվում են կանոնները։ Սեպտեմբերից ուսումնական տարին սկսելու մասին պատգամավորներից մեկի հարցին Ավինյանը պատասխանեց, որ մտածում են որոշ կանոնների սահմանմամբ վերականգնել կանոնավոր աշխատանքը հանրակրթական դպրոցներում։ «Մեր նպատակն է անել հնարավորը, որ սեպտեմբերից հանրակրթական դպրոցները վերականգնեն աշխատանքը ոչ թե առցանց, այլ նորմալ ռեժիմով», -հավելեց նա։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հնչեց դժգոհություն ոստիկանության վարքագծի վերաբերյալ, Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ ոստիկանները բնության գրկում մեկ-երկու անձի առանց դիմակ հայտնաբերում են ու տուգանում։ Ի պատասխան Ավինյանը ոստիկանությանը կոչ արեց սակավաթիվ մարդկանց դեպքում նման մոտեցում չցուցաբերել։

Փոխվարչապետի տվյալներով՝ Հայաստանում մինչ օրս դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն: 

ԲՀԿ-ՀՅԴ-«Հայրենիք». դեմ են արտակարգ դրությանը

Օգտվելով ԱԺ կանոնակարգի ընձեռած հնարավորությունից՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է չեղյալ հայտարարել արտակարգ դրության մասին կառավարության որոշման 4-րդ կետը՝ հավաքների կամ հանրային միջոցառումների սահմանափակումը։

Նա տեղեկացրեց, որ նախագծի վրա աշխատել են արտախորհրդարանական գործընկերների՝ Հ ՅԴ-ի և ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության հետ։

«Իրավական և ժողովրդավարական բնույթ ունեցող պետությունում սոսկ համաճարակի տարածումը կանխելու վերացական պատճառաբանությամբ հավաքների ազատության ամբողջական արգելք չի կարող կիրառվել», - առաջարկը հիմնավորեց Արման Աբովյանը:

«Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը տարակուսած էր, թե ինչու է ԲՀԿ-ն համագործակցում Արթուր Վանեցյանի կուսակցության հետ։

«Պարոն Աբովյան, «Բարգավաճ Հայաստանը» Դաշնակցության հետ հին կոալիցիոն հարաբերություններ ունեն, և դա բոլորը գիտեն, բայց «Հայրենիք» կուսակցությունը. թողեք այդ կուսակցությունը դեռ կայանա, վերջ ի վերջո չեկիստական բաների մեջ է», -ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնությանը խորհրդարանում միացավ միայն «Լուսավոր Հայաաստանը», Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» դեմ է քվեարկելու, և արդյունքում 60 դեմ, 20 կողմ ձայնով արտախորհրդարանական ուժերի և ԲՀԿ-ի նախագիծը Ազգային ժողովը չընդունեց։

4-րդը և, գուցե, վերջինը

Օգոստոսի 12-ից հետո կառավարությունը, հնարավոր է, արտակարգ դրությունը երկարաձգելու նախաձեռնությամբ հանդես չգա: Մինչ նախագիծը քննարկումը ԱԺ հատուկ նիստում, վարչապետը կառավարության նիստում հայտարարեց արտակարգ իրավիճակների մասին նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին։

Ասաց՝ թեև Սահմանադրությամբ նախատեսված է, որ բնակչության առողջությանը սպառնացող վտանգների պարագայում անհրաժեշտ է արտակարգ միջոցներ ձեռնարկել, այնուամենայնիվ, օրենսդրական մակարդակում արդեն արտակարգ դրության ռեժիմից բացի այլ գործիք չկա նման գործողություններ իրակացնելու համար։

«Մենք հասկանում ենք նաև, որ արտակարգ դրությունն անվերջ երկարեցնել հնարավոր չէ և պետք էլ չէ: Դեռ նախորդ ամսվանից մենք որոշել ենք մշակել օրենսդրական մի փաթեթ, որը հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում», - ասել էր վարչապետը: